Մետաբոլիկ համախտանիշ. ճարպակալում և դրանից ազատվելու արդյունավետ եղանակներ.Doctors.am-ի հյուրասրահում է էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ այսօր Եվրոպայում 40-60 մլն. մարդ տառապում է մետաբոլիկ համախտանիշի խնդրով:

Մետաբոլիկ համախտանիշի առաջացման, ճարպակալման, գրագետ նիհարելու եղանակների, տղամարդկանց և կանանց համար ճարպակալման վտանգավոր տեսակների մասին Doctors.am-ը զրուցեց էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանի հետ:

Որո՞նք են այսօր աշխարհում և մեր երկրում ակտուալ հորմոնալ խանգարումները: Տարբեր  խնդիրներով հիմնականում  կանայք թե՞ տղամարդիկ են դիմում:

Ասեմ, որ ավելորդ քաշի խնդրով կանայք ավելի հաճախ են ինձ դիմում, տղամարդիկ առավել հաճախ դիմում են էնդոկրին այլ խանգարումներով: Սակայն սա դեռևս չի փաստում, որ այս խնդրով տառապում են միայն կանայք: Այսօր, հայ տղամարդկանց պարագայում շատ արդիական է ճարպակալման խնդիրը: Ցավոք, կարող եմ ասել, որ ամեն երկրորդ տղամարդ ունի այս խնդիրը: Ճարպակալումը կամ մետաբոլիկ համախտանիշը դրսևորվում է հստակ ախտանիշներով, համարվում է 20-21-րդ դարերի էպիդեմիա: Այն սպառնում է մարդու կյանքին: Հատկապես տղամադկանց համար է վտանգավոր այս երևույթը, քանի որ նրանք ունեն էնդոկրին համակարգի առանձնահատկություններ:

Պետք է նշեմ, որ մարդիկ հաճախ անտեսում են այս խնդիրը, մինչդեռ այն կարող է հանգեցնել շատ լուրջ առողջական խնդիրների՝ վաղաժամ ծերացման, սեռական ֆունկցիայի վաղ անկման, ի վերջո՝ ինսուլտի և ինֆարկտի: Այս բարդություններն ավելի շատ սպառնում են տղամարդկանց՝ ցանկացած տարիքում և կանանց՝ կլիմակտերիկ շրջանում:

Գիտենք, որ նորմայում տղամարդու որովայնի շրջագիծը չպետք է գերազանցի 94 սմ-ը: Որքանո՞վ են հայ տղամարդիկ հետևողական այս հարցում: Ընդհանրապես, ինչո՞վ է պայմանավորված այս փաստը

Հարցն, իհարկե, շատ արդիական է: Դուք նշեցիք հենց մետաբոլիկ համախտանիշը: Եթե տղամարդն ունի որովայնի շրջագիծ՝ 94 սմ և ավել, եթե ունի արյան բարձր ճնշում, ճարպային նյութափոխանակության խանգարումներ, արյան լիպիդային սպեկտորի խանգարում, հիպերինսուլինիզմ, այս ամենի հետ միասին՝ էրեկտիլ դիսֆունկցիա կամ սեռական ֆունկցիայի անկում՝  սա կարող ենք համարել մետաբոլիկ համախտանիշ:

Որովայնի ներքին օրգանները պատող վիսցերալ ճարպը խիստ վтանգավոր է՝ ճարպի մյուս տեսակների համեմատությամբ: Որովայնի ճարպն ակտիվ էնդոկրին օրգան է, որն արտադրում է բիոակտիվ նյութեր՝ վտանգավոր առողջության համար:

Ինչպե՞ս է անդրադառնում որովայնի ճարպը սեռական ֆունկցիայի վրա:

Հաճախ տղամարդու մոտ էրեկտիլ դիսֆունկցիան պայմանավորված է որովայնի ճարպի արտադրած լեպտին հորմոնով, որը ճնշում է տղամարդու հիմնական սեռական հորմոն տեստոստերոնը: Իսկ տեստոստերոնն անչափ կարևոր հորմոն է տղամարդու համար. դրանով է պայմանավորված տղամարդու կերպարը՝ առնականությունը, սեռական ուժը: Այս ամենը հանգեցնում է նաև արյան ճնշման բարձրացման, արյան լիպիդային խանգարումների, խոլեստերինի մակարդակի բարձրացման, աթերոսկլերոզի երևույթների:

Վերականգնելի՞ են արդյոք այս խնդիրները: Ի՞նչ լուծում եք առաջարկում Դուք մարդկանց, ովքեր ունեն այս խնդիրը:

Նախևառաջ կարևորում եմ հենց մարդու վերաբերմունքն իր այդ վիճակին: Ցավով պետք է ասեմ, որ տղամարդկանց ճնշող մեծամասնությունը բոլորովին անլուրջ է վերաբերվում իր մոտ առկա այս խնդրին: Մեծ փորն իրենց չի անհանգստացնում, Այսօր մենք ապրում ենք ինֆորմացիոն մեծ հոսքի դարաշրջանում, և շատ առաջադեմ, հաջողակ տղամարդիկ զբաղվում են սպորտով, ունեն հետաքրքիր նախասիրություններ, հետևում են իրենց առողջությանը, սննդակարգին, ունեն աթլետիկ կեցվածք:

Քանի դեռ մարդը չի հանգել լուրջ անոթային խնդիրների՝ ինֆարկտ, ինսուլտ, այդ վիճակը դարձելի է և կարելի է շտկել:

Ինքնազգացողության վրա որևէ կերպ չի՞ անդրադառնում մետաբոլիկ համախտանիշը:

Ցավն այն է, որ տղամարդիկ չեն զգում այդ փոփոխությունները, ուշադրություն չեն դարձնում: Երբ իմ պացիենտներին ասում եմ, որ այսուհետ պետք է զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, հետևել սննդակարգին, նրանք հաճախ խուսափում են, չեն պատկերացնում իրենց կյանքն առանց վատ սովորությունների: Հաճախ եմ լսում, որ մարդիկ ասում են «միևնույն է, մի օր մահանալու ենք», սարսափելի է հնչում , սակայն այս կերպ մտածելով նրանք մի օր դառնում են անկողնուն գամված և տկար:

Այսօր արդեն ապացուցված փաստ է, որ յուրաքանչյուր մարդ՝ անկախ ավելորդ քաշի առկայությունից, պետք է օրական քայլի 7-10 կմ՝ ամեն օր մինչև 10.000 քայլ: Ես կոչ եմ անում բոլորին հետևել այս խորհրդին՝ հատկապես տղամարդկանց, որովհետև կանայք ավելի հեշտ են ընկալում այս տեղեկատվությունը:

Ինչպե՞ս ճիշտ նիհարել՝ չվնասելով առողջությունը: Ո՞րն է Ձեր բանաձևը:

Պետք է նշեմ մի կարևոր կանոն, որը հաճախ խախտվում է նիհարել ցանկացող մարդկանց կողմից. թույլատրելի է նիհարել ամսվա ընթացքում 3-4 կգ և ոչ ավելի: Ես՝ որպես բժիշկ, միմյանցից չեմ առանձնացնում քաշի նվազումը և առողջության պահպանումը: Եթե մարդն ամսական կորցնում է նշված թվից ավել կիլոգրամներ՝ սա լուրջ սպառնալիք է առողջության համար: Եվ հարկ է հիշեցնել, որ այդ կորցված կիլոգրամները շատ արագ կվերադառնան, նույնիսկ՝ կրկնակի:

Գրագետ նիհարելու բանաձևն է՝ նիհարել ամսվա ընթացքում 3-4 կգ՝ առողջ, բալանսավորված ռացիոնի, ֆիզիկական ակտիվության պարագայում:

Ինչո՞վ է պայմանավորված սահմանված թիվը՝ 3-4 կգ ամսական: Ի՞նչ օգտակար նյութեր են դուրս գալիս օրգանիզմից՝ ճարպի փոխարեն:

Այո, միանշանակ ճիշտ եք: Պատճառն այն է, որ նիհարել ցանկացող մարդը հաճախ չի հետևում նորմալ բալանսավորված ռացիոնին, օրերով քաղցած է մնում, իսկ նման պայմաններում քաշի նվազեցումը հանգեցնում է նրան, որ մարդը կորցնում է ոչ թե ճարպ, այլ մկանային զանգված: Հետագայում մկանի փոխարեն առաջանում է ճարպ, որից շատ ավելի մեծ դժվարությամբ հնարավոր կլինի ազատվել: 

Մկանային կորստից հետո, մարդիկ սկսում են ավելի մեծ ախորժակով ուտել, վերադարձնել անցանկալի կիլոգրամները և էլ ավելի դժվար նիհարել:

 

Մենք խոսում ենք սննդակարգին հետևելու, ֆիզիկական ակտիվության մասին, սակայն ինչպե՞ս է ստացվում, որ որոշ մարդիկ չեն գիրանում, չնայած շատ սնվելուն: 

Մեր շրջապատում շատ են մարդիկ, ովքեր իսկապես շատ են ուտում, սակայն չեն գիրանում: Սա պայմանավորված է նրանով, որ այս մարդիկ ունեն կատարյալ հիմնական նյութափոխանակություն: Սա այն կիլոկալորիաների քանակն է, որ օրգանիզմն ինքնուրույն ծախսում է բացարձակ հանգստի պայմաններում՝ օրինակ քնի ընթացքում՝ իր նորմալ գործունեությունն ապահովելու համար:

Եթե մարդը գիրացել է՝ հավանաբար նրա մոտ առկա են հորմոնալ խանգարումներ, մասնավորապես՝ ածխաջրատային նյութափոխանակության խանգարումներ, ինսուլինի հանդեպ հյուսվածքային ռեզիստենտականություն: Նրանցից շատերը նշում են, որ չեն կարող ապրել առանց քաղցրի, թխվածքների:

Շատ տարածված խնդիր է նաև վահանաձև գեղձի տարբեր դիսֆունկցիաները, որոնց առկայության դեպքում մարդը կրկին ձեռք է բերում ավել քաշ, իսկ առանց այդ պատճառը բացահայտելու և բուժելու, քաշի նվազեցումը հնարավոր չի լինի:

Որո՞նք են կանանց տիպային կառուցվածքի տեսակները: Գիրության ո՞ր տեսակն է վտանգավոր կնոջ առողջության համար

Կանանց մարմնի կառուցվածքի հիմնական տեսակները երեքն են՝ խնձորաձև, տանձաձև և լավագույն տարբերակը՝ «ավազային ժամացույց»:  Առաջին տարբերակը՝ մետաբոլիկ համախտանիշի առումով, կարելի է համարել ամենավտանգավորը առողջության համար, տանձաձև կառուցվածքի դեպքում  առողջությանը սպառնացող վտանգներն ավելի քիչ են:

Խնձորաձև կառուցվածքի պարագայում՝ կինը՝ գիրանալով ձեռք է բերում տղամարդուն բնորոշ մարմնի կառուցվածք. վերջույթները, հետույքը մնում են անփոփոխ, գիրանում է փորը և մարմնի վերևի, պարանոցի հետևամասի հատվածը: Սա կարող է լինել էնդոկրին համակարգի լուրջ հիվանդության նշան: Այս դեպքում կնոջ առողջությանը սպառնում են մի քանի վտանգներ՝ արյան բարձր ճնշում, շաքարային դիաբետ: Ինչպես նաև, մարմնի վրա՝ հատկապես փորի, ձեռքերի, կրծքագեղձերի շրջանում կարող են առաջանալ մուգ կարմիր բծեր: Նման ախտանիշներ ունեցողներին  հորդորում եմ անհապաղ դիմել էնդոկրինոլոգի:

Աշխատում եք Դա Վինչի կլինիկ և Ավանգարդ Մեդ կլինիկաներում, որոնք երկուսն էլ պլաստիկ վիրաբուժության կլինիկաներ են: Պատահում են դեպքեր, երբ Ձեզ դիմած պացիենտն ի վերջո հուսահատվում է պայքարելուց ավելորդ քաշի դեմ և դիմում պլաստիկ վիրաբուժության օգնությանը՝ կարծելով, թե այդ կերպ կազատվեն ավելորդ կիլոգրամներից:

Սա շատ տեղին հարց է, և լավ կլինի մարդկանց տեղեկացնել, որպեսզի չընկնեն տարակուսանքի մեջ:  Տարածված թյուր կարծիք է, որ պլաստիկ վիրաբուժության միջոցով կարելի է նիհարել: Մեր պրոֆեսիոնալ վիրաբույժները հաճախ են առիթ ունենում պացիենտին բացատրել, որ սա ուրվագծային պլաստիկա է և ոչ երբեք նիհարելու միջոց: Տեղին է, երբ, օրինակ՝ մարդը նիհարում է և կարիք է լինում ազատվել ավելորդ, թուլացած մաշկից կամ տեղային ճարպային կուտակումներից:

Ներկայացրեք, խնդրեմ, հորմոնային համակարգի կարևորությունը մարդու առողջության համար: Ինչպե՞ս պահպանել այդ համաչափությունը, լինել առողջ, գեղեցիկ և երիտասարդ:

Հորմոնային համակարգը և հորմոնային համաչափությունն են պայմանավորում մեր արտաքին տեսքը, երիտասարդությունը, առողջությունը: Կինը կարող է երկարացնել իր երիտասարդությունը՝ միայն ու միայն էնդոկրին համակարգի շնորհիվ: Դրանով է պայմանավորված նաև մարդու սեռականությունը: Տղամարդիկ, ընդհանրապես, կարող են խուսափել «կլիմաքս» կոչված երևույթից կամ հետաձգել այն, եթե ժամանակին հետևի իր առողջությանը, որովայնի շրջագծին, մարմնի զանգվածին, արյան զարկերակային ճնշմանը, տեստոստերոնի մակարդակին… Այս ամենի շնորհիվ կարելի է ապահովել երկար երիտասարդություն, տղամարդկային ուժ, սեռական ակտիվություն և որպես հետևանք՝ ընտանեկան երջանկություն:

Իմ սիրելի պացիենտներին և բոլոր ընթերցողներին խորհուրդ եմ տալիս բաց չթողնել տեղեկացված լինելու հնարավորությունը, իսկ կարիքի դեպքում չհապաղել՝ դիմել նեղ մասնագետի օգնությանը:                     


Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
Սկզբնաղբյուր՝ Doctors.am
18 Մարիտի, 2015