Իմ աշխատանքում շատ կարևորում եմ կանխարգելիչ հետազոտությունները, որոնք փրկում են կյանքեր, հատկապես երբ մարդը ստիպված է լինելու բախվել մարդկության կարևորագույն մարտահրավերներից մեկին՝ քաղցկեղին։ Պրոֆիլակտիկ տարատեսակ հետազոտություններին կից, կարծում եմ, մեծ դեր ունեն սքրինինգային հետազոտությունները, որոնք կանխարգելիչ համալիր միջոցառումներ են՝ ուղղված տարբեր հիվանդությունների վաղ հայտնաբերմանը՝ նախքան որևէ ախտանիշի, գանգատի ի հայտ գալը։ Աշխարհում կան քաղցկեղի հայտնաբերման սքրինինգային մի շարք ծրագրեր:

Սքրինինգային հետազոտություններից են`

  1. կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտությունը
  2. արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման համար իրականացվող Պապ թեստավորումը
  3. կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելման համար ադենոմաների վաղաժամ հայտնաբերումը կոլոնոսկոպիայի մեթոդով
  4. թոքի քաղցկեղի դեպքում ցածր հաճախականության ՀՏ

Կարևոր են նաև շագանակագեղձի քաղցկեղի, միզապարկի, ենթաստամոքսային գեղձի, ձվարանների քաղցկեղի հայտնաբերմանն ուղղված սքրինինգները, ինչպես նաև դենսիտոմետրիայի սքրինինգը: Իհարկե, ցանկալի է, որ մեր երկրում հնարավորինս շատ սքրինինգային հետազոտություններ ներդրվեն առաջնային բուժօղակներում, որպեսզի մարդկանց ավելի մեծ շրջանակ ունենա անվճար հետազոտություններ անցնելու հնարավորություն։ 

Բազմիցս ենք առնչվում այն թյուր պատկերացմանը, որ բիոպսիայի ժամանակ երբ դիպչում են հանգույցին, հանգույցը չարորականում է։ Դա, իհարկե, միֆ է․ ոչ մի բիոպսիայից ոչ մի հանգույց չի չարորականում, և ցուցման դեպքում պետք է անցնել բիոպսիա, քանի որ դա այն եզակի մեթոդն է, որը մեզ տալիս է վերջնական ախտորոշիչ պատասխան, դա վերաբերում է թե՛ վահանաձև գեղձի, թե՛ կրծքագեղձի, թե՛ շագանակագեղձի և այլ հանգույցներին։

Ուստի կարևորագույն խորհուրդը, որ կարող եմ տալ յուրաքանչյուրին՝ սիրի՛ր քեզ, գնահատի՛ր կյանքդ, հետազոտվի՛ր ժամանակին՝ հիշելով, որ այդպիսով կարող ես նպաստել ոչ միայն քո, այլև քո սիրելի մարդկանց, ընտանիքի և ողջ հասարակության առողջության պահպանմանը։

Մելինե Նավասարդյան, բժիշկ-սոնոգրաֆիստ