Ի՞նչ անել մոծակի խայթոցի դեպքում

Նախապատրասական գործողություններ
 
Քայլ 1. Զննե՛ք խայթոցը:

Մարդկանց մեծ մասի համար մոծակների խայթոցները վտանգավոր չեն,բայց որպեսզի չհանգստանաք և կարողանաք ճիշտ կողմնորոշվել, հիշեցնեմ, թե ինչպիսին կարող է լինել օրգանիզմի արձագանքը:
Սովորական ռեակցիա: Այս դեպքում առկա է թեթև այտուց և մեղմ քոր, որը զարգանում է խայթոցից 20 րոպե անց: Մեկ օր անց այդ տեղում հայտնվում է առաձգական կարմիր կետ: Եթե չքորել, ապա քորն անցնում է ինքնուրույն: Թե ինչպե՞ս մեղմացնել քորը, կարդացեք 2-րդ քայլում:

Տեղային արտահայտված  ռեակցիա: Երբեմն մոծակների խայթոցները կարող են առաջացնել Սկիտեռի սինդրոմ: Այս դեպքում, խայթոցից մի քանի ժամ անց մաշկի վրա առաջանում  է խոշոր` մոտ 2-10 սմ տրամագծով, կարմիր ցան և ուժեղ քոր: Այս երևույթը առավել տարածված է 2-3 տարեկան երեխաների մոտ: Հետագայում տարիքի հետ, օրգանիզմի  պատասխան ռեակցիան դառնում է այնպես, ինչպես մեծահասակներինը:
Որպես կանոն, տեղային արտահայտված  ռակցիաները վտանգավոր չեն առողջության համար, բայց խայթոցների տեղը սովորաբար խիստ այտուցվում է և ուղեկցվում է ուժեղ քորով: Թե ինչպե՞ս մեղմացնել քորը կարդացեք 2-րդ քայլում:

Համակարգային ալերգիկ ռեակցիա: Հանդիպում է շատ հազվադեպ , բայց լուրջ բարդություն է: Անհնար է տան պայմաններում համակարգային ալերգիկ ռեակցիա ունեցող անձին օգնել: Հետևաբար անմջապես շտապ օգնություն կանչեք, եթե ՝

  • թևի կամ ոտքի խայթոցից հետո դեմքը կամ շրթունքը այտուցվել է,
  • մաշկի վրա կարմիր բծեր են հայտնվել, բայց ոչ մոծակների խայթոցների տեղում,
  • կա որովայնի ցավ, ցնցումներ, սրտխառնոց, փսխում կամ լուծ,
  • ձայնը դարձել է կոպիտ, առկա է հևոց կամ շնչառության դժվարություն,
  • առկա է գլխապտույտ կամ ուշագնացություն:

Քայլ 2. Խայթոցի տեղը լվացեք օճառով և ջրով, վրան սառը դրեք:

Եթե ​​քորը ուժեղ չէ՝ բավական է սառը կոմպրես կիրառել մաշկի` խոնավ կտոր կամ սրբիչով փաթաթված սառցե փաթեթ: Դա կնվազեցնի տհաճ զգացողությունը:
Եթե դժվար է քորին դիմանալ,​​ ապա օգտագործեք խայթոցի դեմ միջոցներ: Դրանք պետք է կիրառել մաքուր մաշկի վրա, այնպես որ խայթոցի տեղը լվացեք օճառով և ջրով կամ մաշկը մաքրեք խոնավ շորով:
 
Քայլ 3. Կիրառեք հակաքորային միջոցներ:

Թե՛ երեխաների, և թե՛ մեծահասակների համար լավագույն տարբերակy կալամինի և ցինկի օքսիդով լոսյոնն է(հաշվի առնելով, որ կալամինը ՀՀ ում գրանցված չէ և չկա, իսկ մի շարք հետազոտություններ փաստում են, ցինկի օքսիդով պատրաստուկների բավարար արդյունավետությունը, ապա կարող ենք օգտագործել միայն ցինկի օքսիդով միջոցները):
Ցինկի օքսիդով ցանկացած դեղամիջոց օգտագործելուց առաջ, պետք է թափահարել և միայն դրանից հետո քսել խայթոցի տեղին: Դեղամիջոցի չորանալուց հետո մաշկի վրա սպիտակ «կեղևիկ» պետք է մնա:
Եթե ​​տեղային դեղամիջոցը չի օգնում, և խայթոցի տեղում  քորը պահպանվում է, ապա կարող եք  ընդունել առանց դեղատոմս վաճառվող հակահիստամինայիններ՝ հաբերի կամ օշարակի ձևով՝ հաշվի առնելով տարքային ցուցումները.

  • 6 տարեկան և մեծահասակ` հաբեր,
  • 2 տարեկան և մեծահասակ` օշարակ,
  • 2 տարեկանից փոքր երեխաների համար հակահիստամինայինները այդքան էլ նպատակահարմար չեն: Պարզապես շարունակեք օգտագործել ցինկի օքսիդով միջոցներ:

Մարդիկ, ովքեր մոծակների խայթոցից հետո ունենում են տեղային արտահայտված  ռակցիաները, կարող են օգտագործել առանց դեղատոմսի վաճառվող գլյուկոկորտիկոիդներով հակաբորբոքային կրեմներ:
 
Քայլ 4. Հետևեք խայթոցի տեղին և մի՛ քորեք այն:

Եթե ​​դուք չեք վնասում խայթոցի տեղը, ապա ամեն ինչ կանցնի 7-10 օրվա ընթացքում, բայց եթե չկարողանաք դիմանալ և քորեք, ապա հնարավոր միկրոբների ներթափանցում:
Եթե ​​քորված հատվածը ցավում է, կարմրել է, թրջվում է կամ թարախ է հայտնվում, ապա բուժման համար գուցե պետք լինենլ հակաբիոտիկներ: Այս դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Հաճախակի տրվող հարցեր

Արդյո՞ք չեմ հիվանդանա մոծակի խայթոցից: 

Մոծակների խայթոցներով փոխանցվող դեղին տենդը, դենգե, չիքենգունիա և այլ հիվանդությունները, մեր տարածաշրջանին բնորոշ չեն: Հակահամաճարակային աշխատանքների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում  վերջին ժամանակահատվածում արձանագրվել են մալարիայի միայն բերովի դեպքեր և կանխվել է դրա տարածումը: ՄԻԱՎ, վիրուսային հեպատիտներ, կորոնավիրուս չեն փոխանցվում մոծակների խայթոցներով:

Ինչպե՞ս կանխել մոծակների խայթոցները:

Մոծակների խայթոցներից խուսափելու լավագույն միջոցը ռեպելլենտների օգտագործելն է:
Առավել ուսումնասիրված և հուսալի ռեպելլենտներն են
Պերմետրին պարունակող: Պերմետրինը թունավոր է միջատների համար և գրեթե անվտանգ է մարդու համար: Կիրառվում է հագուստի վրա ցողելով, եթե օգտագործել մաշկի վրա, ապա կարող է առաջացնել գրգռում: Աշխատում է միջինում 10-14 օրվա ընթացքում, այն օգնում է ոչ միայն մոծակների, նաև տզերի դեմ:
Դիէթիլտոլուամիդ  պարունակող: Ազդեցության սկզբունքը դեռ հայտնի չէ, բայց կա վարկած, որ այն խանգարում է մոծակներին հայտնաբերել մարդկանց հոտը: Կախված խտությունից, կարող է ազդել 2-ից 5 ժամ: Ապացուցված է, որ հագուստի վրա ցողելիս արտադրանքը անվտանգ է երեխաների, հղիների և կերակրող կանանց համար:
IR 3535, PMD և BioUD պարունակող: Սրանք համարվում են առվել նվազ նունավոր միջոցները, բայց ուսումնասիրված են ավելի քիչ, քան մյուսները:
Ցանկացած ռեպելլենտի կիրառումից առաջ ուշադիր կարդացեք ներդիր թերթիկը, ամեն ապրանքանիշ կարող է ունենալ իր կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև տարիքային կամ այլ սահմանափակումներ:
 
Մոծակների դեմ պայքարի անօգուտ և ոչ հուսալի միջոցներ

  • Եթերային յուղեր,
  • Ռեպելլենտներով ներծծված  թևնոցներ,
  • Մոծակներին «վանող» կամ «հրապուրող»  էլեկտրական սարքավորումներ:

    Հեղինակ՝ Մաշկաբան-վեներոլոգ Արամ Շահվերդյան