Էպիլեպսիան վիրահատությամբ բուժելի է. Բիայնա Սուխուդյան

Հոդվածը ներկայացնում է նյարդաբան, Արաբկիր ԲՀ-ի Նյարդաբանական բաժանմունքի ղեկավար Բիայնա Սուխուդյանը:
 
Մեր հանրության որոշակի հատվածի մոտ թյուր կարծիք կա, թե էպիլեպսիաները ժառանգական հիվանդություններ են, մինչդեռ պարտադիր չէ, որ այդպես լինի: Իրականում՝ կան ինչպես ձեռքբերովի էպիլեպսիաներ, այնպես էլ՝ ժառանգական: Առաջին խմբին կարող են դասվել ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներից, ներգանգային ինֆեկցիաներից և այլ պատճառներից առաջացած էպիլեպսիաները։
 
Մասնավորենք այն էպիլեպսիաները, որոնք առաջանում են ուղեղի կառուցվածքային դեֆեկտների պատճառով: Օրինակ՝ մանկական հասակում էպիլեպսիաների պատճառ կարող են հանդիսանալ ուղեղի զարգացման և ձևավորման ժամանակ առաջացած արատները։ Պարտադիր չէ, որ այս էպիլեպսիաների տեսակները արտահայտվեն երեխայի լույս աշխարհ գալու առաջին իսկ օրերից: Էպիլեպսիայի ժամանակ արտահայտվող նշաններն այնքան բազմապիսի են, որ անհնար է պարզապես բոլորը թվել, բայց առանձնացնենք մի քանիսը՝ վայրկյանական անջատումներ, , շարժումների կանգ, խոսքի անակընկալ դադարներ, սրտխառնոցներ, փորացավեր, փսխումներ, գլխապտույտ և այլն:
 
Էպիլեպսիաների բուժումն աշխարհում արդեն գրեթե մեկ դար է, ինչ զարգանում է, իսկ Հայաստանում սահմանափակվում էր միայն դեղորայքային բուժմամբ: Սակայն, մասնավորապես ուղեղի կառուցվածքային դեֆեկտների դեպքում, ցնցումները կարող են չենթարկվել դեղորայքային բուժմանը: Այդ դեպքում՝ օգնության կարող է հասնել միայն վիրահատական միջամտությունը՝ դրանով իսկ հիվանդին մեկընդմիշտ ազատելով ցնցումներից:
 
Երբ հիվանդները չեն ենթարկվում դեղորայքային բուժման, ապա արտերկրում շատ վաղուց օգտագործում են վիրաբուժական լայն մեթոդներ: Իսկ Հայաստանի հիվանդները վիրաբուժական միջամտության հնարավորություն ունեն արդեն 3 տարի, երբ մենք սկսեցինք ակտիվ համագործակցել Բուլղարիայի մայրաքաղաքի համալսարանական կլինիկայի համապատասխան մասնագետների հետ:
 
Այնտեղի մեր գործընկերներն ընդունում, վիրահատում և ամբողջությամբ առողջ ետ՝ Հայաստան էին ուղարկում մեր հիվանդներին: Հիվանդները, բնականաբար, ընտրվում էին մեր կողմից, հետազոտվում էին, նոր միայն ուղեգրվում Սոֆիա՝ վիրահատության: Անցած ժամանակահատվածում, մեր կողմից ուղեգրված հիվանդների 70 տոկոսը բարեհաջող վիրահատվել են ու ամբողջությամբ ազատվել խնդրից։ Ցավոք եղել են երկու հիվանդներ, որոնք պարզապես չեն վիրահահատվել, քանզի չկար համոզմունք, որ վիրահատությունը արդյունավետ կլինի իրենց համար, իսկ մեկ դեպքում վիրահատության արդյունքը եղել է ոչ լիարժեք։
 
Այդուհետ՝ գիտակցում էինք, որ դա այնքան էլ լավ տարբերակ չէ Հայաստանի քաղաքացիների համար, որովհետև Սոֆիա վիրահատության էին մեկնում միայն հնարավորություն ունեցող մեր քաղաքացիները: Ուստի՝ որոշեցինք համակարգը ներդնել մեզանում։ Այս տարվա սկզբին մեկ էպիլեպտոլոգ և մեկ նյարդավիրաբույժ մեկնեցին Բուլղարիա վերապատրաստման։ Ապա մեզ այցելեցին բուլղարացի չորս մասնագետներ, տեղում ծանոթացան մեր հնարավորություններին, պայմաններին: Ձեռք բերվեց անհրաժեշտ սարքավորում և արտերկրյա գործընկերների օգնությամբ այս տարվա սեպտեմբեր ամսին մեր կլինիկային վիրահատվեցին երեք հիվանդներ։ Ի ուրախություն մեզ, բոլոր վիրահատված հիվանդները ունեցան հիվանդության բարեհաջող ավարտ։ Ասածս էլ ավելի է կարևորվում նրանով, որ վիրահատված հիվանդները բազմաթիվ տարիների ընթացքում անարդյունք շարունակում էին ստանալ տարատեսակ հակացնցումային դեղեր և ունեին կյանքի ցածր որակ։
 
Ներկա պահին ակտիվ բանակցություններ են ընթանում ՀՀ ԱՆ հետ՝ սոցիալապես անապահով խմբերի համար վիրահատությունը պետպատվերի շրջանակներում հասանելի դարձնելու կապակցությամբ։
 
Դեռևս մեր կենտրոնը հավաքագրում է միայն այն հիվանդներին, որոնց վիրահատական բուժումը հնարավոր է Հայաստանում, իսկ համեմատաբար բարդ դեպքերը շարունակում են ուղեգրվել Բուլղարիա կամ այլ երկրներ։
 
Նմանատիպ հոդվածներ՝ 
Doctors.am