Աչքի բորբոքային հիվանդությունները (կոնյուկտիվիտ, կերատիտ, ուվեիտ) Հայաստանում. Աննա Հովակիմյան

Աչքի բորբոքային հիվանդությունները բազմազան են. կարող են բորբոքվել աչքի տարբեր հյուսվածքներ՝  կոպեզրը,  եղջերաթաղանթը, լորձաթաղանթը և անոթաթաղանթը: Հաճախ հանդիպող բորբոքումներից են կոպեզրինը՝ բլեֆարիտները, լորձաթաղանթինը՝ կոնյուկտիվիտները, փոքրինչ ավելի հազվադեպ՝  կերատիտները և ուվեիտները:
 
Կոնյուկտիվիտներ
 
Կոնյուկտիվիտներ  և բլեֆարիտներ  առաջանալու պատճառները նույնպես բազմազան են՝ մանրէներ, վարակահարուցիչներ, ադենովիրուսներ: Սեզոնային ալերգիայի շրջանում հաճախակի են  ալերգիկ  կոնյուկտիվիտները: Գարնանը և ամռանը բավական մեծ է հիվանդների, հատկապես երեխաների հոսքը գարնանային կատար հիվանդությամբ, որի զարգանալուն նպաստում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները:
 
Կարելի է ասել, որ կոնյուկտիվիտներն ամենից հաճախ հանդիպող բորբոքային հիվանդություններն են: Ալերգիկ կոնյուկտիվիտների և հատկապես գարնանային կատարի պատճառը մեր երկրի աշխարհագրական դիրքն է: Այս հիվանդությունը տարածված է այն երկրներում, որտեղ արևի ճառագայթումը բավական բարձր է: Հայաստանի որոշակի շրջաններում՝ մասնավորապես Թալինում, Ապարանի որոշ գյուղերում և այլն, հիվանդությունն առավել արտահայտված է, քան Երևանում: 
Կոնյուկտիվիտը խիստ ալերգիկ հիվանդություն է. այն սաստիկ քոր է առաջացնում երեխաների մոտ։
 
Էպիդեմիկ ադենովիրուսային կոնյուկտիվիտը, որը ևս մեծ տարածում ունի, վարակիչ է. վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, շփման միջոցով: Հազը, փռշտոցը այս վարակը կարող են արագորեն տարածել հատկապես մարդաշատ վայրերում, ուսումնական հաստատություններում: Այն դրսևորվում է կոկորդում քերելու զգացողությամբ, ընդհանուր թուլությամբ, այնուհետև առաջանում են աչքի կարմրություն և լորձաթարախային  արտադրություն (ժողովրդական լեզվով՝ ճպռոտում), ավազահատիկի զգացողություն, արցունքահոսություն, այտուցվում են կոպերը…  7 օրվա ընթացքում վարակվում է նաև մյուս աչքը, բարդ դեպքերում եղջերաթաղանթը նույնպես կարող է ախտահարվել, տեսողությունը՝ խավարել:  Հիվանդությունն ունի համաճարակային (էպիդեմիկ) բնույթ:
 
Հարկ է նշել, որ այսօր Հայաստանում առկա են հիվանդության բուժման  անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները:
 
Կոնյուկտիվիտի մեծապես տարածված տեսակներից է նաև չոր աչքի համախտանիշով  պայմանավորված կոնյուկտիվիտը: Ամենից հաճախ այս հիվանդության զարգանալուն նպաստում է  համակարգչով երկարատև աշխատելը: 
 
Սովորաբար մարդը 1 րոպեում աչքը թարթում է 8 անգամ, իսկ համակարգչի առջև լարված նստած կամ երկար մեքենա վարելիս ավելի քիչ է թարթում։ Դա էլ հանգեցնում է աչքի մակերեսի չորացման, լորձաթաղանթի անոթների արտահայտվածության, աչքի կարմրության և աչքի մեջ օտար մարմնի զգացողության: Մեր երկրի աշխարհագրական դիրքը  այս առումով ևս նպաստավոր համարել չի կարելի, քանի որ առկա է առավելապես չոր կլիմա, և բնակչության զգալի մասն աչքը խոնավեցնող կաթիլների  կարիք ունի:
 
Ուրախությամբ կարելի է արձանագրել, որ վերջին շրջանում մարդիկ ավելի ուշադիր են դարձել սեփական առողջության նկատմամբ: Այսօր հնարավորություն կա կիրառելու ախտորոշիչ բոլոր ժամանակակից մեթոդները, իսկ բժշկի վաղ դիմելու, հիվանդությունը վաղ հայտնաբերելու դեպքում արդյունավետ բուժումը երաշխավորված է:
 
Բացառիկ  դեպք Հայաստանում
 
Խոսելով կոնյուկտիվիտի առավել մեծ տարածում ունեցող տեսակների մասին՝  կարելի է առանձնացնել  փայտանման կոնյուկտիվիտը, որը, ի տարբերություն մյուսների, խիստ հազվադեպ  է ամբողջ աշխարհում: Հայաստանում  այս հիվանդության առաջին դեպքն արձանագրվել է 4 տարի առաջ։ Երեխայի աչքերում կային փոքր գոյացություններով («կեղծ մեմբրաններ»), որոնք հասունանում էին մի քանի շաբաթը մեկ, աչքից պոկվում  էին և ընկնելիս այնքան կոշտանում, որ նմանվում էին փայտի կտորի: Սա բավական ծանր հիվանդություն է, որի հիմքը պլազմինոգեն առաջին տեսակի անբավարարությունն է: Հետևողական չլինելու և հիվանդությունը չբուժելու դեպքում կարող են ախտահարվել բոլոր լորձաթաղանթները, շնչառական համակարգը, երիկամները, բժշկական գրականության մեջ նկարագրված են անգամ  մահացության դեպքեր:
 
Ախտանիշների նկարագրությամբ և բացառման եղանակով հնարավոր եղավ ախտորոշել հենց փայտանման կոնյուկտիվիտ: Այն հաստատվեց Մոսկվայում և Իտալիայում. համապատասխան դեղորայքի և բուժման շնորհիվ  երեխան մի քանի տարի է՝  ապրում է առողջ, սպիտակ ու  ջինջ աչքերով, դպրոց  է հաճախում, ունի  հստակ տեսողություն:
 
Կերատիտներ
 
Կոնյուկտիվիտի համեմատությամբ՝ սրանք  ավելի սակավ են հանդիպում, բայց և մեծ տարածում ունեն: Առաջանալու պատճառը հերպես վարակն է: Հետևանքը եղջերաթաղանթի խիստ պղտորվելն ու լույսի ներթափանցումը խոչընդոտելը: Հիվանդներին տեսողությունը վերականգնվում է եղջերաթաղանթի փոխպատվաստման միջոցով: Դոնորական եղջերաթաղանթ հնարավոր է լինում ձեռք բերել Վաշինգտոնի «Sightlife» միջազգային բանկից: 
Այս վիրահատության համար կարիք չկա արտերկիր մեկնել. այն մեզանում իրականացվում է բավականին հաճախ, և արդեն իսկ առկա են դրական արդյունքներ:
 
Ուվեիտներ
 
Սրանք անոթաթաղանթի բորբոքումներն են: Պատճառ կարող են լինել իմունային բորբոքումները, տարբեր վարակիչ գործոններ: Հիմնականում ենթարկվում են դեղորայքային բուժման, սակայն որոշակի բարդությունների դեպքում հանգեցնում են ներակնային ճնշման բարձրացման,  կատարակտի,  որը բուժվում է վիրահատական եղանակով:
 
Աչքի բորբոքային հիվանդությունների բուժումը
 
Աչքի բորբոքային հիվանդություններից կոնյուկտիվիտները, բլեֆարիտները ենթարկվում են դեղորայքային բուժման, կերատիտները, եթե հետևանք են վարակահարուցիչային, մանրէային, մակաբուծային կամ սնկային ախտահարման, 80-90% դեպքերում ևս ենթարկվում են պահպանողական (կոնսերվատիվ) բուժման, իսկ այնպիսի դեպքերում, երբ պահպանողական բուժումից առաջանում  է ինտենսիվ պղտորում, դիմում են  վիրահատական միջամտության: 
 
Հարկ է նշել, որ գոյություն ունի ամիոտիկ թաղանթի փոխպատվաստում, որ իրականացվում է խիստ ծանր ախտահարումների դեպքում: Դա հակաբորբոքային թաղանթ է, որը վերցվում է կեսարյան հատումների ժամանակ և հատուկ մշակման ենթարկվում. այն պատվաստվում է աչքին, և բավական լավ արդյունք է գրանցվում: Այս թաղանթն ունի հակամանրէային, անոթավորումն ընկճող, հակասպիական և մի շարք այլ դրական ազդեցություններ:
 
Ուվեիտների դեպքում ևս  բուժման հիմնական եղանակը դեղորայքային է՝ կաթիլներ, հաբեր, ներարկումներ և այլն:
 
Ձեռքբերումներ 
 
Ուվեիտներից ամենածանրը Բեխչետի հիվանդությունն է, որն առավել տարածված է հին ազգերի և միջերկրածովյան ավազանի երկրների՝ հիմնականում արական բնակչության շրջանում, քրոնիկ և պոտենցիալ ենթադրելի կուրացնող ախտահարում է: Աշխարհում մեծ խնդիր է այս հիվանդների բուժման ճիշտ եղանակներ, մեթոդներ մշակելը:  Արդեն երկու տարի է՝ Հայաստանը համագործակցում է ամերիկյան Քսոմա (Xoma) և ֆրանսիական Սերվիե (Servier) դեղագործական ընկերությունների հետ՝ կատարելով միջազգային հետազոտություններ, և այս գործընթացի  մեջ ներառված հայ հիվանդները երկու տարի անընդմեջ կարողանում են անհրաժեշտ դեղորայք ստանալ անվճար: Ուրախալի է, որ նոր դեղամիջոցները, որոնք կլինիկական փորձարկման են ենթարկվում ԱՄՆ-ում և Եվրոպայում, հասանելի են նաև Հայաստանում:
 
Առաջիկայում ևս կան շատ ծրագրեր. դրանց մասնակցելը և հայ ակնաբույժների՝ այդ ծրագրերում ներգրավվածությունը, անշուշտ, կնպաստեն, որ հնարավոր լինի հայ հիվանդներին առաջարկել բուժման նորագույն և առավել արդյունավետ մեթոդներ:
 
Հեղ.՝ Ամալյա Գրիգորյան
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր, N2,2016