Դաշտանադադարը կարող է ձեր հոգեկան աշխարհը քաոսի վերածել: Սկզբում հնարավոր է քնելու հետ կապված խնդիրներ լինեն: Կարող եք զգալ գերհոգնածություն, դառնալ դյուրագրգիռ, ինչպես նաև՝ խնդիրներ ունենալ կապված հիշողության և կենտրոնացման հետ:
Նախադաշտանադադարային շրջանում կանայք, որոնք երբևէ հոգեբանական խնդիրներ չեն ունեցել, կարող են դեպրեսիա և տագնապային խանգարումներ ունենալ: Այս վիճակը կարող է սկսվել բուն դաշտանադադարից ամիսներ կամ նույնիսկ՝ տարիներ առաջ: Կանայք, որոնք նախկինում ունեցել են դեպրեսիվ շրջաններ, այդ ընթացքում նրանց վիճակը կարող է ավելի սրվել:

Էստրոգեն հորմոնի ազդեցությունը հոգեկան առողջության վրա

Նախադաշտանադադարային շրջանում էստրոգեն հորմոնի մակարդակի փոփոխությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ հոգեկան առողջության վրա: Ապացուցված է, որ էստրոգենը տրամադրության վրա դրական ազդեցություն ունի, և այս հորմոնի նվազումը խնդիրներ է առաջացնում: Էստրոգեն հորմոնի նվազումը կարող է նաև անքնության պատճառ դառնալ: Սա իր հերթին առաջացնում է տագնապներ, վախեր և տրամադրության կտրուկ փոփոխություններ:

Կենտրոնացման և հիշողության հետ կապված խնդիրներ

Հիշողության հետ կապված խնդիրները և կենտրոնանալու դժվարությունը դաշտանադադարի անբաժան մասն են: Բժիշկները մինչ այժմ չեն հասկացել, թե  այս խնդիրներն ինչ պատճառով են առաջանում և բուժման որևէ հստակ մեթոդ չեն առաջարկում: Այնուամենայնիվ, եթե այս խնդիրները գնալով ավելի ակնառու են դառնում, ապա խոսեք բժշկի հետ՝ հետագա բարդացումը կանխելու համար:

Ինչպե՞ս մեղմացնել ախտանշաննեը

Դաշտանադադարի ընթացքում շատ հոգեբանական խնդիրներ կարելի է մեղմացնել՝ լավ սնվելով և մարզվելով: Առողջ սննդակարգը և մարզումները առհասարակ դրական են ազդում հոգեկան առողջության վրա: Այս դժվարին փուլը հաղթահարելուն կարող են օգնել նաև ստեղծագործական ակտիվ գործունեությունը, նախասիրություններին ավելի ժատ ժամանակ տրամադրելը: Հուզական աջակցություն կարող եք ստանալ ընտանիքի անդամներից և ընկերներից: Անհրաժեշտ է ընդունել նաև վիտամիններ և հանքանյութեր: 
Տագնապն ու դեպրեսիան մեղմացնելու համար խուսափեք նաև այնպիսի խթանիչներից, ինչպիսիք են սուրճը, ոգելից խմիչքներն ու ծխախոտը: Ուղեղի աշխատանքը խթանող ակտիվությունը (խաչբառներ, ընթերցանություն) թարմացնել հիշողությունը: Պետք է նվազագույնի հասցնել պասիվ գործողությունները, ինչպիսին օրինակ հեռուստացույց դիտելն է:

 Ե՞րբ դիմել օգնության

Եթե ձեր տագնապն ու դեպրեսիան այնքան անտանելի են դարձել, որ խանգարում են ձեր առօրյա գործունեությանը,հասարակ գործողությունների կատարմանը, ապա պետք է դիմել համապատասխան բժշկի:

Մասնագետին դիմելը մեկ օր անգամ չպետք է հետաձգել, եթե ունեք ինքնասպանության մտքեր, բացասական հույզեր, որոնք երկար ժամանակ է հանգիստ չեն տալիս:

Բուժման հնարավոր եղանակներ

Ճիշտ է, շատ կան ապացույցներ, որ հորմոնային թերապիան կարող է մեղմացնել դաշտանադադարի հուզական ախտանշանները, այնուամենայնիվ, ծանր դեպրեսիայի դեպքում հնարավոր է, որ արդյունավետ չլինի: Այս դեպքում անհրաժեշտ է դեղորայքային բուժում և հոգեթերապիա: Այս պարագայում նշանակվում են հակադեպրեսանտներ և տագնապները մեղմացնող դեղամիջոցներ:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝  Cleveland clinic  

Աղբյուրը՝ Doctors.am