Գրի ու ընթերցանության խանգարումների մեխանիզմները և տարածվածությունը հանրակրթական դպրոցներում

Գիրն ու ընթերցանությունը, որպես խոսքի բաղադրիչ, բարձրագույն հոգեկան գործընթացներ են, որոնց գործունեությանը մասնակցում է ուղեղը։  Հայտնի է, որ խոսքի համար պատասխանատու  կենտրոններն ուղեղում խոսքաշարժողակն/Բրոկայի/ և խոսքալսողական/ Վերնիկեի/ կենտրոններն են, որոնց նորմալ ու լիարժեք աշխատանքի արդյունքում  մենք կարողանում ենք խոսել և ընկալել մեզ ուղղված խոսքը։  
 
Խոսելու կարողությունը մարդու ամենակարևոր  հատկություններից է, իսկ խոսքը մտածողության գործիքն է․ միտքն արտահայտվում է խոսքով։
 
Իսկ ի՞նչ է գիրը։
 
Այն պայմանական միավորների համակարգ է, որի օգնությամբ մենք միտքը փոխանցում ենք սերնդե սերունդ։
 
Եթե բանավոր խոսքի համար մեզ անհրաժեշտ  է լսել, ընկալել ու վերարտադրել, ապա գրավոր խոսքին միանում են ևս մի քանի գործողություններ , որոնք սերտորեն կապված են նախորդ գործողությունների հետ։ Այս դեպքում անհրաժեշտ են նաև տեսողա-տարածական կողմնորոշումը, լսողական, տեսողական հիշողությունները, վերլուծա-համադրական գործընթացները, ուշադրությունը և այլն։ Փաստորեն գրի գործընթացին մասնակցում են գրեթե բոլոր բարձրագույն հոգեկան պրոցեսները, ինչն էլ գիրը դարձնում  է բարդ ու բազմաշղթա մի գործընթաց։Իսկ այդ շղթայում այս կամ այն պատճառով առաջացած փոքրիկ շեղումն անգամ կարող է բերել գործընթացի խաթարման։ Այն վառ նկարագրվում է ռուս նեյրոհոգեբան Տ․ Ախուտինայի կողմից․ «Ենթադրենք գլխուղեղը մի ամրոց է՝ կառուցված խորանարդիկներով, փոքրիկը գնդակը գլորում է և այն հարվածում է ամրոցի որոշակի մասին՝ դուրս հանելով ամրոցի այդ մասի խորանարդիկները, սակայն քանի որ ամրոցի կառուցվածքն այնպիսին , որ խորանարդիկները շարված են միմյանց վրա, ուստի հարվածից այս կամ այն կերպ խաթարվում են այլ խորանարդիկների կառուցվածքը ևս,  նույն կերպ է նաև գլխուղեղում։ Եթե մեր գլխուղեղում որևէ կենտրոնի ֆունկցիա այս կամ այն պատճառով տուժում է, տուժում են նաև հարակից կենտրոնների ֆունկցիաներ ևս, և որքան մոտ են գտնվում հարակից կենտրոնները հիմնական ախտահարված  օջախին, այդքան արտահայտված է լինում այդ կենտրոնի ֆունկցիայի խանգարումը»։
 
Եթե հաշվի առնենք , որ գլխուղեղի որևէ հատվածի ֆունկցիա տուժած է, լավ չի զարգացել կամ հապաղում է, ուրեմն կարող է տուժած լինել նաև գրավոր խոսքը։Այս դեպքում մենք գործ ենք ունենում գրի և ընթերցանության խանգարման /դիսգրաֆիա, դիսլեքսիա/ հետ։
 
Ի՞նչ  է գրավոր խոսքի խանգարումը։
 
Այն խոսքի խանգարում է, որին բնորոշ են  կայուն, կրկնվող  ու սպեցիֆիկ  սխալները, որոնք դժվարեցնում են գրելու և ընթերցելու գործընթացները։Գրավոր խոսքի խանգարում ունեցող անձանց մեծ մասն ունի նորմալ մտավոր կարողություններ։
 
Ինչ ասել է կայուն և կրկնվող սխալներ։ Այն նշանակում է, որ մարդ  գրելիս կամ ընթերցելիս սխալներ է թույլ տալիս ոչ թե մեկ անգամ, այլ հաճախ և այն դրսևորվում է տառեր, վանկեր բաց թողնելով, ավելացնելով, բառի մեջ տառերը միմյանցով փոխարինելով, որոնք կարող են նման լինել գրաֆիկական պատկերով կամ հնչողությամբ, տառերը կամ մասնիկները կրկնելով և այլն։
 
Այսինքն, մարդն ունենալով նորմալ կենսաբանական լսողություն, կարող է ոչ ճիշտ լսել ու գրավոր վերարտադրել կամ ընթերցել տվյալ հնչյունն ունեցող բառը, կարող է տեսողապես մոտ տառերը փոխարինել մեկը մյուսով, տառի կրկնվող մասնիկներն ավելացնել կամ բաց թողնել,կարող է նաև բառերի միջև դադարը չընկալել և բառերը միմյանցից չառանձնացնելով՝ շարունակել՝ արդյունքում ստանալով այսպիսի պատկեր․
«Տղանխաղումէինքնաթիռովևավտոմեքենաներով»։

Այսօր շատ է խոսվում առողջության վրա ներազդող այս կամ այն էկզոգեն կամ էնդոգեն գործոնների մասին, որոնց արդյունքում ունենում ենք այս կամ այն խնդրով երեխաներ:
 
Արդի հանրակրթական դպրոցներում  տարածված խոսքային խանգրումներից է գրի և ընթերցանության խանգարումը, ինչն առավել նկատելի է հատկապես տարրական դասարաններում։ Այն, ըստ Էության խանգարում է ողջ ուսումնական գործընթացին, ուստի դպրոցներում, առաջին հերթին, պետք է ուշադրություն դարձնեն հենց այդ խնդրին, չէ որ ողջ ուսումնական գործընթացը  կազմակերպվում է հենց գրի ու ընթերցանության շնորհիվ։
 
Տարրական դասարաններում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ 15-25% սովորողների մոտ այս կամ այն չափով խանգարված է գրի և ընթերցանության գործընթացները։  
 
Որպես օրինակ դիտարկենք 30 հոգանոց տարրական դասարանում 8-10 սովորողի մոտ առկա է գրի ու ընթերցանության խանգարում և այս երեխաների մի մասը համարվում են ծույլիկներ, ուսումնական գործընթացը չհասցնողներ, ուսուցչի կողմից անուշադրության մատնվածներ, բայց իրականում նրանք ունեն ավելի լուրջ խնդիր, ուստի նաև օգնության կարիք։ Տվյալ դեպքում շատ կատ կարևոր է, որ ուսումնական հաստատություններում դասավանդող մասնագետները ճանաչեն, տարբերակեն խնդիրը՝ ուղղորդեն մասնագետի մոտ, ում հետ համատեղ աշխատանքի շնորհիվ կարելի է հաղթահարել այն։
 

Ինչևէ, մնում է նշել, որ դիսլեքսին հանճարների հիվանդություն է համարվում, որովհետև դիսգրաֆիա և դիսլեքսիա ունեցել են Ա․Էյնշտեյնը, Անդերսենը, Դա Վինչին, Մ․ Մոնրոն, Ք․ Տարանտինոն, Հ․ Ֆորդը, Ն․ Ռոքֆեյլերը, Վ․ Մայակովսկին, Թ․ Քրուզը, Ֆ․ Բոնդարչուկը և այլք։

 

Հեղ.՝ Անուշ Բաբայան, լոգոպեդ
Աղբյուրը՝ Doctors.am