Թյուր պատկերացում հայկական պարբերական հիվանդության մասին. Հայկ Մանասյան

1.    Պարբերական հիվանդությունը կոչվում է նաև ընտանեկան միջերկրածովյան տենդ:

Իրականում հիվանդությունը միջերկրածովյան տենդ անվանեցին հույսով, որ հետագայում այդ վարկածը կապացուցվի, բայց եղավ հակառակը: Այսինքն՝ այն ժամանակ՝ 1958 թ., հրեա գիտնական Հարրի Հելլերը հիվանդությունն այսպես կոչեց, քանի որ հրեաների և արաբների միայն միջերկրածովյան սուբէթնիկ խմբերն էին, որ ունեին այս հիվանդությունը, հայկական համայնքներից էլ լավ ուսումնասիրված էին Կիլիկիայից բռնագաղթածները:

Հետագայում պարզվեց, որ այս հիվանդությունը խիստ հազվադեպ է իսպանացիների, իտալացիների և հույների շրջանում, իսկ հյուսիսաֆրիկյան արաբների շրջանում հանդիպում է 30 անգամ ավելի պակաս, քան հայերի: Հետագայում պարզվեց նաև այս հիվանդության անհամեմատ մեծ տարածվածությունը Արևմտյան Հայաստանում, Իրանի Ատրպատական նահանգում, Հայաստանում և հայկական բոլոր համայնք­ներում: Այսպիսով, սա ոչ թե միջերկրածովյան ավազանի հիվանդություն է, այլ Հայկական լեռնաշխարհի, իսկ Միջերկրական ծովն ընդամենը հիվանդության տարածվածության արևմտյան սահմանն է, ինչպես Սև ծովը՝ հյուսիսային, կամ Կասպից ծովը՝ արևելյան սահման:

2.    Ընդունված է կարծել, որ պարբերական հիվանդություն կարող է հանդիպել միայն այն անձանց շրջանում, որոնց հարազատները ևս ունեն պարբերական հիվանդություն:

Պարբերական հիվանդությունը շատ դեպքերում կարող է առաջանալ նաև այն անձանց շրջանում, որոնց ընտանիքի անդամները չեն տառապում այս հիվանդությամբ. բավական է միայն, որ մարդը լինի հայազգի, ունենա հայկական ծագում:

Երբ ասվում է, որ այս հիվանդությունը ժառանգական է, ապա պետք է հասկանալ ոչ թե ընտանեկան կամ գերդաստանային, այլ ազգային, էթնիկ ժառանգականություն:

3.    Կարծիք կա, որ պարբերական հիվանդություն ունեցող անձանց շրջանում գենետիկ հետազոտությունն անպայման պետք է բացահայտի երկու մուտացիա՝ ժառանգված երկու ծնողներից:

Իրականում այսպիսին է  է միայն դեպքերի 60 %-ը: 30% դեպքերում մարդը միայն մեկ ծնողից կարող է ժառանգել պարբերական հիվանդության գենը, 10%-ում գենետիկ հետազոտությունը որևէ մուտացիա չի հայտնաբերում: Այսինքն՝ հնարավոր է անգամ, որ մարդն ունենա պարբերական հիվանդություն, սակայն գենային հետազոտու­թյունը ցույց տա մուտացիաների բացակայություն:

4.    Միայն գենետիկ հետազոտությամբ կարելի է հաստատել կամ ժխտել պարբերական հիվանդության առկայությունը:

Իրականում գենետիկ հետազոտությունը պարբերական հիվանդություն ախտորոշելու կամ ժխտելու ցուցանիշ չէ, այլ օժանդակ, հուշող մեթոդ միայն:

Ախտորոշվում է՝ հիմք ընդունելով կլինիկական դրսևորումները՝ որովայնի, կրծքավանդակի, հոդերի հանկարծակի առաջացող ցավը, որը կարող է ուղեկցվել տենդով կամ առանց տենդի և տևել 1-3 օր: Այս ամենի պարբերական կրկնությունն արյան մեջ բորբոքային ցուցանիշների առկայությամբ հիմք են՝ պարբերական հիվանդություն ախտորոշելու համար: Ախտորոշման օգտին է վկայում նաև կոլխիցինաբուժության արդյունավետությունը, այսինքն՝ հիվանդագին դրսևորումների մեղմացումը կամ անհետացումը բուժման ֆոնին:

5.    Ընդունված է համարել, որ պարբերական հիվանդությունը «հին ազգերի» հի­վանդություն է:

Պարսիկներն էլ են հին ազգ, վրացիներն էլ, սակայն պարբերական հիվան­դությամբ գրեթե չեն տառապում: Հիվանդությունը հանդիպում է Հայկական լեռնաշխարհի տարածքում: Իսկ այժմ այդ տարածքում բնակվում  են հայեր, Իրանի Ատրպատական նահանգի թրքախոս բնակչություն և Թուրքիայի այն քաղաքացիները, որոնք ապրում են Արևմտյան Հայաստանում: Հիվանդությունը հանդիպում է նաև միջերկրածովյան արաբների և հրեաների շրջանում, թեև Արաբական թերակղզու արաբներն ու Եվրոպայի և Ամերիկայի հրեաները, որոնք ի դեպ հրեաների 80%-ն են,  այս հիվանդությամբ չեն հիվանդանում: Ամեն դեպքում այս հիվանդությունը հանդիպում է բացառապես այն ժողովուրդների շրջանում, որոնք կա՛մ ունեն հայկական ծագում, կա՛մ հայերի հետ սերում են նույն նախնիներից:

6.    Պարբերական հիվանդությունը նաև կոչվում է  «երևանյան»:

Այս հիվանդությունը հայկական համարելը խելամիտ է, սակայն Երևանի սահմաններում այն տեղայնացնելը լուրջ չէ:

Ստույգ հայտնի չէ, թե ով է այն առաջին անգամ այդպես կոչել, բայց կարծում եմ, որ  կարող էին հիմք ծառայել այն հետազոտությունները, ըստ որոնց՝ պարբերական հիվանդության  ամենից շատ բարդություններ են գրանցվել Երևանում հաշվառված հիվանդների շրջանում (Կալիֆորնիայի, Լիբանանի և Արցախի հայերի համեմատությամբ):

Մեկ այլ վարկածի համաձայն էլ,  քանի որ խորհրդային տարիներին պետությունները ճանաչելի էին մայրաքաղաքներով, հիվանդությունը հայաստանյան-հայկականի փոխարեն անվանել են «երևանյան»:

7.    Ընդունված է կարծել, որ բուժում պետք է ստանալ ողջ կյանքի ընթացքում:

Ըստ էության, եթե առաջիկա 100 տարում ոչինչ չփոխվի, և գիտությունը չզարգանա, ապա կոլխիցինաբուժումը ողջ կյանքի լուծում է: Սակայն 21-րդ դարում այնքան էլ ճիշտ չէ  խոսել ողջ կյանքի մասին: Ամեն տասնամյակ նշանավորվում է բժշկական մի նոր գյուտով: Շատ հիվանդություններ, որոնք 10 տարի առաջ համարվում էին բարդ բուժելի կամ անբուժելի, այ­սօր  արագ և արդյունավետ բուժվում են: Այնպես որ երիտասարդին, որն ընդունում է կոլխի­ցին, կարելի է ասել, որ առաջկա 5-10 տարիների ընթացքում հարցի լիարժեք լուծումը կոլխիցինաբուժումն է, սակայն դժվար է ենթադրել, թե  հետո ինչ կլինի, բայց վստահաբար կարելի է ասել՝ ավելի լավ է լինելու, քան այժմ:

8.    Կարծիք կա, որ կոլխիցինը բավական լուրջ կողմնակի ազդեցությամբ դեղորայք է:

Պետք է հիշել, որ ցանկացած դեղամիջոց ունի կողմնակի ազդեցություններ, իսկ կոլխիցինի կողմնակի ազդեցությունները, արդյունավետության համեմատ, չնչին են, հեշտ վերահսկվող և դարձելի: Անգամ հղիության ընթացքում դեղորայք ընդունելը չի դադարեցվում:

Այնպես որ այս դեղամիջոցի իրական կողմնակի ազդեցությունների մասին կարծիքն ուռճացված է:

9.    Պարբերական հիվանդությունը հանդիպում է բացառապես երիտասարդների շրջանում:

Պարբերական հիվանդությունն առավել հաճախ ախտորոշվում է մինչև 20 տարեկան երիտասարդների շրջանում: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ պացիենտների պարբերական հիվանդությունը հայտնաբերվում է հասուն տարիքում՝ 40-60 տարեկանում:

Այնպես որ միայն տարիքը հիմք ընդունելով՝ ախտորոշումից հրաժարվելը սխալ է:

10. Պարբերական հիվանդությունը ցեղասպանություն վերապրած ժողովուրդների հիվանդություն է:

Առասպելական վարկած է, թե իբր սթրեսը և ապրումները հանգեցրել են հիվան­դության: Իրականում այդպես չէ: Եվրոպայի հրեաները ցեղա­սպա­նության ենթարկվեցին, սակայն նրանք չունեն պարբերական հիվանդություն: Սթրեսը, քրոնիկ բացասական ազդակները կարող են ակտիվացնել բոլոր հիվանդությունները՝ անկախ տեսակից: Այնպես որ ցեղասպանությունից վերապրած հայերը կարող էին ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք, ինչպես և պատերազմ տեսած հայերը, բայց դա չի նշանակում, որ նշված գործոնները հիվանդության պատճառ են: Հիվանդության պատճառը գենետիկան է, ժառանգակա­նությունը. անգամ Տիգրան Մեծի ժամանակներում հայերս ունեցել ենք այս հիվանդու­թյունը:

11. Սխալվում  են՝  կարծելով, որ ներքին ամուսնությունները, «արյունը չթարմացնելն» են հենց պարբերական հիվանդության պատճառ:

Ճիշտ հակառակը. սա ոչ թե փակ համայնքի հիվանդություն է, այլ գեն, որը ժամանակի ընթացքում «գրավել» է նորանոր համայնքներ: Ծագելով մեկ կամ մի քանի ընտանիքներում՝ տարածվել է մի ողջ ժողովրդի մեջ: Եվ ինչպես այդ հիվանդության հիմնադրի ընտանիքի զավակները, ամուսնանալով այլ ընտանիքների, այլ գյուղերի ու քաղաքների բնակիչների հետ, չեն ազատվել այս հիվանդությունից, այնպես էլ հայերը, որքան էլ լուծվեն այլ ժողովուրդների մեջ, չեն կորցնելու այս գենը:

Դժվար է ասել՝ ժամանակի ընթացքում պարբերական հիվանդության գենը կգրավի արդյոք նոր համայնքներ, թե ոչ, բայց և այնպես, կարծել, որ օտարազգիների հետ ամուսնությամբ կարելի է կանխել հիվանդության տարածվելը, թյուրիմացություն է: Բացի այդ չպետք է մոռանալ, որ յուրքանչյուր ազգ, ունի իրեն բնորոշ հիվանդություններ, որոնց շարքում, ի դեպ, պարբերական հիվանդությունն առավել բարորակներից է:

Այնպես որ հիվանդությունից խուսափելու համար ընտանիք կազմելով՝ կարելի է ավելի մեծ ռիսկային գոտում հայտնվել: Եվ վերջին հաշվով, սերն է  ընտանիք կազմելու հիմքը, ոչ թե սելեկցիոն տրամաբանութունը:

Հայկական պարբերական հիվանդության աշխարհագրությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայկ Մանասյան, գաստրոէնտերոլոգ
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր, N2,2016
Հեղ՝  Ամալյա Գրիգորյան