Զարգանում է D վիտամինի գերդեղաչափավորումից և նրա նկատմամբ եղած անհատական զգայնությունից։ Բարձրացած զգայնություն հաճախ հայտնաբերվում է ալերգիկ դիաթեզի, դեղորայքային ալերգիայի ֆոնի վրա։ Թունավորումը հաճախ զարգանում է էրգոկալցիֆերոնի սպիրտային լուծույթի օգտագործումից։ Թունավորմանը նպաստում են վաղ արհեստական կամ խառը սնուցումը, կալցիումական պատրաստուկների, կալցիումով հարուստ սննդամթերքի, ուլտրամանուշակագույն ճառագայթահարման միաժամանակյա նշանակումները։ Ծանր թունավորում կարող է ծագել մի քանի ամիս 1.000.000-3.000.000 ՄՄ ավելի վիտամին D-ի նշանակումից։ Բնական է, որ վիտամինի նկատմամբ բարձր զգայնություն ունեցող երեխաների մոտ թունավորումը կարող է զարգանալ նաև վիտամինի փոքր դեղաչափերից։ D վիտամինային թունավորման ժամանակ առաջանում են սպիտակուցային փոխանակության խանգարում, ացիդոզ, հիպերխոլեսթերինեմիա, հիպերկալցինեմիա։ Ծանր դեպքերում օրգանիզմում հայտնվում են կրակալման օջախներ (երիկամներում, սրտում, լյարդում, անոթներում և այլն)։ Փոփոխություններ են զարգանում նաև ներզատական համակարգի կողմից, որոնք առաջ են բերում մակերիկամների գերաճ և ուրցագեղձի հետաճ (ինվոլյուցիա

Ըստ կլինիկական ընթացքի տարբերում են թունավորման 3 աստիճան՝ թեթև, միջին ծանրության և ծանր։ Թեթև թունավորման ժամանակ նկատվում է ախորժակի նվազում, զանգվածի դանդաղ աճ, բարձրացած գրգռվածություն, պոլիդիպսիա, պոլիուրիա, կալցիուրիա (Սուլկովիչի դրական փորձանմուշ)։ Միջին ծանրության թունավորման ժամանակ ախորժակը նվազում է, լինում է փսխում (օրը 1-2 անգամ), հայտնաբերվում է տախիկարդիա, սրտի տոների խլացում, նուրբ սիստոլային աղմուկ։ Մանր ձևի թունավորման ժամանակ փսխումը կրում է համառ բնույթ և ծագում է գրեթե յուրաքանչյուր կերակրումից հետո։ Լինում է ջրազրկում, զանգվածի զգալի կորուստ, հիպոտրոֆիա, թորշոմածություն, մկանային հիպոտոնիա, երբեմն կլոնիկ և տոնիկ ցնցումներ։ Հիվանդության այս շրջանում հատկապես պարզորոշ են սիրտ-անոթային համակարգի կողմից առաջացող փոփոխությունները։ Սրտի սահմանները լայնացած են, տոները՝ խլացած, լսվում է սիստոլային աղմուկ, բարձրացած է զարկերակային ճնշումը։ Առաջ է գալիս կապտուկ, հևոց, պարանոցի անոթների և վերորովայնային շրջանի պուլսացիա։ Հայտնվում է նաև երիկամային համախտանիշ` արյունամիզություն, լեյկոցիտամիզություն, սպիտամիզություն, արյան շիճուկում մնացորդային ազոտի բարձրացում։

Լաբորատոր հետազոտություններով հայտնաբերվում է հիպերկալցիեմիա, կարճատև հիպերֆոսֆատեմիա, որը փոխարինվում է կայուն հիպոֆոսֆատեմիայով, հիպերխոլեսթերինեմիա (a գլոբուլինների ավելացում և y գլոբուլինների պակասեցում)։ Իջած է նաև հիմնային ֆոսֆատազայի ակտիվությունը։

Տարբերում են D հիպերվիտամինոզի սուր և քրոնիկական ձևեր։ Այս ձևերի առանձնացումը կախված չէ դեղորայքի գործածման ժամկետի երկարատևությունից, այլ հիմնված է կլինիկական նշանների վրա։ Սուր ընթացքի համար բնորոշ է սուր թունավորման զարգացումն էքսիկոզով՝ տոքսիկոզի կամ նեյրոտոքսիկոզի ձևով, անհանգստությունը կամ թորշոմածությունը, քնկոտությունը, ախորժակի համառ նվազումը, փսխումը, քրտնոտությունը։ Մաշկը չոր է, թեփոտված, երբեմն ունի դեղնավուն երանգ։ Լյարդը մեծացած է։ Դրական է Սուլկովիչի փորձանմուշը։ Ռենտգենաբանական հետազոտությամբ խողովակավոր ոսկրերի գոտիներում հայտնաբերվում է ինտենսիվ կրակալում և բոլոր ոսկրերի բարձրացած ծակոտկենություն։ Քրոնիկական ընթացքի ժամանակ փոփոխություններն ավելի արտահայտված են ներքին օրգանների՝ սրտի, երիկամների, նյարդային համակարգի կողմից։ Նկատվում է ֆիզիկական զարգացման ուշացում։ Արյան կողմից՝ սակավարյունություն, լեյկոցիտոզ նեյտրոֆիլյոզով և ձախ թեքումով, բարձր էՆԱ։ Մեզում հայտնաբերվում են սպիտակուցներ, լեյկոցիտներ, գլանակներ, միկրոհեմատուրիա։ Ռենտգենաբանորեն կրակալման օջախներ են հայտնաբերվում։

Ախտորոշման համար նշանակություն ունեն կլինիկական և կենսաքիմիական ցուցանիշները։ Կալցիումամիզության աստիճանի մասին մոտավոր պատկերացում է տալիս Սուլկովիչի փորձանմուշը։

Բուժումը։ Առաջին հերթին դադարեցվում է D վիտամինի օգտագործումը։ Սահմանափակում են կալցիումով հարուստ կովի կաթով կերակրումը։ Շիլաները պատրաստվում են բանջարեղենային եփուկով։ Նշանակվում են գլյուկոկորտիկոիդներ, որոնք նվազեցնում են աղիքներից կալցիումի ներծծումը։ Ցուցված են նատրիումի քլորիդի իզոտոնիկ, գլյուկոզայի 5%-անոց լուծույթների ներարկումները։ Դրական արդյունք է տալիս ռետինոլ ացետատի (յուղային լուծույթ) կիրառումը (5.000-10.000 ՄՄ, օրը 1-2 անգամ)։ Բացի A վիտամինից, նշանակվում է նաև տոկոֆերոլ ացետատ (վիտամին E), որը հանդիսանում է հակաօքսիդիչ և պաշտպանում է էրիթրոցիտները, ինչպես նաև լյարդի և երիկամների բջիջները D վիտամինի թունավոր ազդեցությունից։

Կալցիումի արտազատման մեծացման նպատակով կիրառում են թիրեոկալցիոտոնին (ամեն օր, միջմկանային 75-150 Մ), ամոնիումի քլորիդի 3%֊-անոց լուծույթ (թեյի գդալով օրը 3 անգամ)։ Սիրտ-անոթային համակարգի ախտահարման և հիպերտոնիայի դեպքում ներարկում են սրտային միջոցներ, մագնեզիումի սուլֆատ և այլ հիպոտենզիվ դեղամիջոցներ։ Ջրային հաշվեկշռի պահպանման և ջրազրկման կանխարգելման համար տրվում են առատ հեղուկներ, կատարում հեղուկների ներերակային ներարկումներ։

Կանխարգելումը։ Ռախիտի բուժման ժամանակ նպատակահարմար է Սուլկովիչի փորձանմուշի օգնությամբ հսկողություն սահմանել մեզի միջոցով կալցիումի արտազատման վրա։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հիպերվիտամինոզի վաղ արտահայտությունների նշանների վրա։ Հատուկ զգուշություն է պահանջում D վիտամինի խիտ սպիրտային լուծույթների օգտագործումը։

Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան