Կոնսուլտացիաներ

21/10/2019

Բարև ձեզ, հարգելի բժիշկ, տղաս 9 ամսեկան է և իր մոտ առկա է ջրգողություն: Կուզենայի իմանալ, արդյո՞ք բժշկական միջամտությունը պարտադիր է այս պարագայում, թե երեխայի մեծանալուն պես ամեն ինչ կկարգավորվի: Շնորհակալություն:

Բարև ձեզ, ջրգողությունը մինչև 1,5 տարեկան հնարավորություն ունի ինքնուրույն անցնելու, այդ պատճառով սպասում ենք ու եթե չի անցնում, վիրահատում ենք 1-1,5 տարեկանում։ Ավելի շուտ վիրահատելու անհրաժեշտություն առաջանում է միայն եթե զարգանում է լարված հիդրոցելե (երբ հեղուկը չափից շատ կուտակվում, լարվում է, սեղմում է սերմնալարի անոթներին, երեխան լինում է խիստ անհանգիստ)։ Իսկ 1,5 տարեկանից ավելի ուշ չի կարելի սպասել, քանի որ կախտահարվեն ամորձու սերմարտադրող բջիջները։ Առողջություն:


21/10/2019

Բարև Ձեզ, Հարգելի Բժիշկ ես ցանկանում եմ իմանալ հնարավո՞ր է արդյոք բուժել պսորիազը և եթե այո որքա՞ն է տևում բուժումը: Նշեմ որ հիվանդությունը մի քանի ամիս առաջ է ի հայտ եկել: Շնորհակալություն:

Պսորաիազի բուժումը ՝ ինչպես ցանկացած քրոնիկական հիվանդության, ակնկալում է սուբյեկտիվ գանգատների նվազում, սրացումների միջև ընկած ժամանակահատվածի երկարացում, հնարավոր բարդություններից խուսափում, կյանքի որակի բարելավում: Բուժման համար կիրառվում են թե տեղային, թե ընդհանուր ազդեցության դեղորայք, թե ֆիզոթերապևտիկ մեթոդներ, ինչպես նաև դրանց համադրությունը: Բուժման տակտիկան կախված հիվանդության ընթացքից, փուլից, ախտահարման մակերեսից և մի շարք այլ գործոններից… Լինելով քրոնիկական հիվանդություն բուժման ելքը կարող է լինել «լավացում», «առողջացումը» դեռ բացառվում է: Առողջություն:


14/10/2019

Բարև Ձեզ, բալիկս 2.2 տարեկան է, սակայն շատ քիչ բառեր է ասում։ Կարի՞ ք կա դիմել մասնագետի, թե՞ մի փոքր էլ սպասենք։ Շնորհակալություն:

Բարև ձեզ հարգելի հարցատու, կարիք կա, քանի որ բացի խոսքից կարևոր է հետազոտել նաև հոգեկան մյուս գործընթացները, որոնց ներդաշնակ զարգացումից ուղղակի կախված է նաև խոսքի զարգացումը; Առողջություն:


09/10/2019

Բարև Ձեզ, բալիկս 3.7տ. է մեջքի հատվածում որովայնի վրա հետքեր են առաջացել, հետազոտությունների արդյունքում պարզվեց որ սկլերոդերմիա է: Արդյո՞ ք բուժում կա նման հիվանդությանը և որքանո՞ վ է վտանգավոր: Կանխավ շնորհակալ եմ:

Բարև Ձեզ, հարգելի հարցատու։ Եթե հյուսվածքաբանական հետազոտության արդյունքում հաստատվել է, որ սկլերոդերմիա է, ըստ հիվանդության կլինիկայի և ընթացքի պետք է տարբերակել արդյոք սկլերոդերմիայի համակարգային, թե՞ օջախային տարատեսակն է։ Բուժման մոտեցումները, վտանգավորությունը, կանխատեսումը խիստ տարբեր են այս 2 տարատեսակների պարագայում։ Բուժում կա ամեն դեպքում։ Առողջություն Ձեր բալիկին։

Ծնողի պատասխանը- Տարատեակը օջախային է:

Բժշկի պատասխանը-Օջախայինի ընթացքը բարորակ է։ Պարբերաբար վիտամինոթերապիա, քսուքներ, առողջ սնունդ, առողջ քուն, և խնդիրը չի պրոգրեսվի։ Հիվանդությունը կառավարելի է:

 

 


04/10/2019

Բարև ձեզ, հարգելի բժիշկ խնդրում եմ ասել, թե ինչպե՞ս կարող եմ անցկացնել կելոիդ սպին: Շնորհակալություն:

Ինքնուրույն մի փորձեք, ավելի կխորացնեք վիճակը: Կան բազմաթիվ քսուքներ, որոշները լավ են օգնում, որոշերը ոչ այնքան: Առկա են նաև տարաբնույթ միջամտություններ՝ ներարկումներ, լազերային և քիմիական ներգործություններ, որոնք նույնպես ունեն տարբեր արդյունավետություն և գին: Ընտրելու համար բուժման տարբերակը պետք է դիմել մաշկաբանի, զննվել և ստանալ համապատասխան բուժում:


02/10/2019

Բարև ձեզ հարգելի բժշկուհի, իմ երեխան 1 տարեկան 6 ամսեկան է ու չեմ կարողանում կրծքից կտրել: Ի՞ նչ քայլի կարելի է դիմել, որը առավել ճիշտ կլինի, շնորհակալ եմ:

Հարգելի ծնող դա շատ անհատական է և կախված է երեխայի խառնվածքի հետ, դժվար շրջան է ինչ խոսք: Փորձեք հանել սկզբից ցերեկվա կերակրումները , գիշերվանը պահպանելով: