Սթրեսորային հիպերգլիկեմիայի շտկման նպատակահարմարությունն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի (ԻԹԲ) հիվանդների շուրջ 50%-ի մոտ, որոնք չեն տառապում շաքարային դիաբետով, հայտնաբերվում է հիպերգլիկեմիա: Բժշկական գրականության մեջ երկար ժամանակ այս հիպերգլիկեմիան, որը կոչվում է սթրեսորային, դիտվում էր որպես օրգանիզմի ադապտացիոն ռեակցիա՝ ի պատասխան վնասմանը, և բացատրվում էր բորբոքային ռեակցիաներին մասնակցող բջիջների էներգետիկ պահանջարկի մեծացմամբ: Ուստի, ենթադրվում էր, որ սթրեսորային հիպերգլիկեմիան շտկման կարիք չի զգում: Սակայն այսօր արդեն կան բազմաթիվ տվյալներ, որոնք վկայում են հակառակը:
Նպատակը.
Սույն աշխատանքի նպատակն է ուսումնասիրել սթրեսորային հիպերգլիկեմիայի շտկման նպատակահարմարությունը ԻԹԲ-ում:
Նյութը և մեթոդները.
Հետազոտության նյութը կազմել են 2006 – 2007թթ. Էրեբունի ԲԿ-ի ԻԹԲ ընդունված տարբեր բնույթի վնասվածքներով 41 հիվանդ (4 կին և 37 տղամարդ), որոնց միջին տարիքը եղել է 43.2(17.8 9-78 տարեկան, ծանրության աստիճանն ըստ APACHE II-ի՝ 11.8(5.9, ԻԹԲ-ում մնալու տևողությունը՝ 1–45 օր, ընդհանուր մահացությունը կազմել է 31.7%:
ԻԹԲ ընդունվելուց անմիջապես հետո հիվանդները բաժանվել են երկու խմբի: Առաջին խմբում ընդգրկվել են այն հիվանդները, որոնց մոտ ընդունման պահին առկա է եղել սթրեսորային հիպերգլիկեմիա 8.0(2.6 մմոլ/լ (n=16), երկրորդ խմբում գլիկեմիան եղել է 5.7(1.2 մմոլ/լ (n=25): Առաջին խմբում կատարվել է ինսուլինոթերապիա՝ 2-4 Մ ինսուլինի միանվագ ներարկմամբ: Հիպերգլիկեմիայի հետագա շտկումը կատարվել է՝ ելնելով գլիկեմիայի դինամիկ քննության արդյունքներից: Արյան մեջ գլյուկոզայի պարունակության վերահսկումն ԻԹԲ ընդունվելու առաջին օրն իրականացվել է յուրաքանչյուր 6 ժամը մեկ:
Արդյունքը.
Առաջին խմբում ինսուլինոթերապիայից հետո գլիկեմիան կարգավորվել է (6.3(1.9 մմոլ/լ, p<0.05), ինչը պահպանվել է հետագա օրերին: Ընդունման պահին գրանցվել է նաև կոմպենսացված մետաբոլիկ ացիդոզ (pH=7.3(0.1, BE=10.2(0.2), ինչը շտկվել է առանց բիկարբոնատի ներարկման: ԻԹԲ-ում գտնվելու միջին տևողությունն այս խմբում կազմել է 7.6(4.7 (երկրորդ խմբում՝ 12.4(3.1), մահացությունը՝ 37.5 %:
Եզրակացություն.
Շաքարային դիաբետով չտառապող ԻԹԲ-ի հիվանդների մոտ սթրեսորային հիպերգլիկեմիայի շտկումը միանշանակ դրականորեն է անդրադառնում ԻԹԲ-ում գտնվելու տևողության, մահացության ցուցանիշների վրա և նպաստում է նաև լրացուցիչ բուժական ծախսերի կրճատմանը:
Հեղինակ : | Մ.Ի. Եղիազարյան, Գ.Գ. Մխոյան, Ա.Ֆ.Վարոսյան Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի, ինտենսիվ թերապիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոն |
Աղբյուր : | Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> -3. 2008 (35) 4 |
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am