Ինֆուզիոն թերապիայի առանձնահատկությունները շտապ կարգով կատարվող վիրահատությունների ժամանակ
Հիպովոլեմիայի արագ և արդյունավետ շտկումը հանդիսանում է մեծ արդիականություն վայելող խնդիր՝ ցանկացած կրիտիկական վիճակում, այդ թվում նաև՝ շտապ կարգով կատարվող վիրահատությունների ժամանակ, երբ անհրաժեշտություն է ստեղծվում արագ համալրել ներանոթային ծավալը՝ անզգայացման ողջ ընթացքում կայուն հեմոդինամիկա ապահովելու, ինչպես նաև՝ հիպովոլեմիայով պայմանավորված մազանոթային շրջանառության խանգարումները կանխելու և/կամ շտկելու նպատակով: Ժամանակակից գրականության մեջ հիպովոլեմիայի արագ և արդյունավետ շտկման լավագույն մեթոդն այսօր համարվում է փոքր ծավալով գերօսմոլյարային ծավալի շտկումը՝ անգլալեզու գրականության մեջ հայտնի small volume resuscitation անվամբ:
Այն իրենից ներկայացնում է NaCl-ի հիպերտոնիկ լուծույթի և կոլոիդի համատեղ կամ հաջորդական ներարկում, որի ժամանակ հիպերտոնիկ լուծույթն ապահովում է շրջանառող արյան ծավալի արագ համալրում, իսկ կոլոիդը, մեծացնելով կոլոիդ - օնկոտիկ ճնշումը, ստեղծված վոլեմիկ արդյունքը պահպանում է 12–14 ժամ:
Նպատակը.
Սույն աշխատանքի նպատակն է ուսումնասիրել փոքր ծավալով գերօսմոլյարային ծավալի շտկման մեթոդի արդյունավետությունը՝ հիպովոլեմիայի առկայության պայմաններում` շտապ կարգով կատարվող վիրահատությունների ժամանակ:
Նյութը և մեթոդները.
Հետազոտությունը կատարվել է ԵՊԲՀ-ի համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի անզգայացման և վերակենդանացման բաժանմունքում: Հետազոտության համար ընդգրկման չափանիշ հանդիսացել է բացահայտ հիպովոլեմիայի առկայությունը՝ զանգվածային արյունահոսության և պերիտոնիտի արդյունքում: Հետազոտության նյութը կազմել են 45 հիվանդներ (17 կին և 28 տղամարդ), 16–81 տարեկան, որոնք շտապ կարգով վիրահատվել են աղիքային անանցանելիության և պերիտոնիտի (n=15), ստամոքս - աղիքային արյունահոսության (n=11) և վերջույթների բաց վնասվածքների կապակցությամբ (n=19):
Հիվանդների ծանրության աստիճանն ըստ APACHE II-ի եղել է 15.2(4.6, մահացությունը կազմել է 20% (n=9), վիրահատության միջին տևողությունը՝ 3.4(1,1ժ., կրիստալոիդների ընդհանուր ծավալը՝ 1.4(0.4լ: Փոքր ծավալով գերօսմոլյարային ծավալաշտկման մեթոդն իրականացվել է հետևյալ սխեմայով. սկզբում ներարկվել է 7.5%-անոց NaCl՝ 4 մլ/կգ դեղաչափով, շիթով՝ 4–7 ր. ընթացքում, այնուհետև ներմուծվել է կոլոիդ՝ 500 մլ Օսլադեքս (0.6% ՀԷՕ, 200/0.5):
Տվյալ հետազոտության համար չափանիշներ են հանդիսացել սիստոլիկ զարկերակային ճնշումը, նատրիումի խտությունը պլազմայում և պլազմայի օսմոլյարությունը:
Արդյուքները.
Հետազոտվող հիվանդների մոտ սիստոլիկ զարկերակային ճնշման ելային արժեքը եղել է 102.6(19.9 մմ սնդ. սյ., որն անզգայացման արագ և հաջորդական ներածումից հետո նվազել է մինչև 76.5( 8.1 մմ սնդ. ս.: Հիպերտոնիկ և կոլոիդ լուծույթների ներարկումից հետո գրանցվել է սիստոլիկ ճնշման վիճակագրորեն հավաստի աճ 38.3%-ով (p<0.05), ինչը պահպանվել է մինչև վիրահատության ավարտը: Նատրիումի խտությունը և պլազմայի օսմոլյարությունը նախապես չեն որոշվել՝ վիրահատության հրատապության պատճառով: Սակայն վիրահատության ավարտից 12ժ. անց վերոհիշյալ արժեքները կազմել են համապատասխանաբար 143.4(3.8 մմոլ/լ և 299.4(7.6 մՕսմ/կգ H2O, ինչը չի գերազանցում թույլատրելի սահմանները:
Եզրակացություն.
Այսպիսով, փոքր ծավալով գերօսմոլյարային ծավալի շտկման մեթոդը թույլ է տալիս արդյունավետ համալրել շրջանառող արյան ծավալը, որի շնորհիվ ոչ միայն ապահովվում է հեմոդինամիկ կայունություն՝ ողջ անզգայացման ընթացքում, այլև կրճատվում է ընդհանուր ինֆուզիոն թերապիայի ծավալը, որի շնորհիվ հնարավոր է դառնում խուսափել մեծ ծավալով կրիստալոիդների և կոլոիդների ներարկման հնարավոր բարդություններից:
Հեղինակ : | Մ.Ի. Եղիազարյան, Վ.Վ. Կոստանյան, Վ.Ռ. Քոչարյան, Կ.Հ. Գրիգորյան Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի, ինտենսիվ թերապիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոն, Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոց |
Աղբյուր : | Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 3.2008 (35) 10-11 |
Ներկայացնող` | Doctors.am |