Սպիտակուցի հավելյալ քանակների ընդունումը հնարավոր է շատակերության և չբալանսավորված սննդի դեպքում։ Ընդհանրապես շատակերությամբ աչքի են ընկել փարավոնները, թագավորները, իմպերատորները և բոլոր ժամանակների հայտնի հարուստ մարդիկ։ Նրանց խոհանոցներին բնորոշ են եղել համեղ ուտեստները, լիությունը և առատությունը, բայց այդ նույն մարդիկ վաղաժամ մահացել են՝ կյանքով հատուցելով համեղ, բայց առատ սննդի օգտագործմանը։ Սրանք պատմական փաստեր են։

Սպիտակուցների հավելյալ քանակներից առաջացած բարդությունները կապված են ամինաթթուների ռեակցիոն բնույթի հետ։

Սննդային սպիտակուցների նշանակալի հավելյալ քանակներն առաջին հերթին ստեղծում են ֆունկցիոնալ բեռնվածություն լյարդի և երիկամների համար, քանի որ անհրաժեշտ է չեզոքացնել հավելյալ ամյակը և հեռացնել միզանյութը։ Այս դեպքում խախտվում է առաջնային մեզի թթվա-հիմնային հավասարակշռությունը (1 գ ավել սպիտը բերում է օրգանիզմից 20 մգ կալցիումի հեռացմանը)։ Սպիտակուցի երկարատև հավելյալ քանակները ռացիոնում ռիսկի գործոն են միզաքարային հիվանդության, ճարպակալման, պոդագրայի, ինչպես նաև B6, PP և A հիպովիտամինոզների զարգացման համար: Սպիտակուցի երկարատև հավելյալ քանակները կարող են նպաստել ԿՆՀ-ի գերդրդմանը:

Աղիներում սիմբիոզով գոյատևող միկրոօրգանիզմներն իրենց կենսունակությունը պահպանելու համար ունեն ամինաթթուների կարիք։ Դրանք առաջանում են սպիտակուցների մարսողության պրոցեսում, ինչպես նաև այն դեպքում, երբ սպիտակուցները ստամոքս-աղիքային տրակտում չեն հասցնում մարսվել և կեր են դառնում աղիների միկրոֆլորայի համար։ Այստեղ միկրոօրգանիզմների կողմից տեղի են ունենում ամինաթթուների փոխանակության զանազան ռեակցիաներ և նաև նեխում։ Այդ պատճառով այս երևույթը հայտնի է որպես "սպիտակուցի նեխում"։ Գիտնականները գտնում են, որ սպիտակուցի երկարատև հավելյալ քանակները կարող են նպաստել նեխային դիսպեպսիայի, դիսբակտերիոզի և արոմատիկ ամիններով աուտոինտոքսիկացիայի առաջացմանը: Սակայն պետք է ենթադրել, որ նման երևույթներն առավել բնորոշ են սպիտակուցի չափազանց բարձր քանակներին (ընդհանուր կալորիականության 70% և ավել դեպքերում)։

Սակայն այդ երևույթները կարող են առաջանալ սպիտակուցներիմարսման և ներծծման խանգարումների դեպքում։ Դրանց կարող է նպաստել այնպիսի տարածված երևույթ, ինչպիսին սթերսն է, որն ուղեկցվում է ամինաթթուների յուրացման և ներծծման արտահայտված ընկճմամբ (տուժում է մեմբրանային մարսողությունը)։ Ամինաթթուների մի մասը չեն ներծծվում բարակ աղիներում, անցնում են հաստ աղի, որտեղ միկրոֆլորայի ազդեցությամբ ենթարկվում են նեխման և առաջացնում աղիքային տոքսիններ ինդոլ, սկատոլ, ֆենոլ, կրեզոլ, զանագան ամիններ, ամիակ և այլն, որոնք թույներ են և ըստ որոշ տվյալների զերծ չեն կոնցերոգեն ակտիվությունից: Սակայն պետք է նշել, որ օրգանիզմը տոլերանտ է նման թույների քիչ քանակների հանդեպ և հեշտությամբ դրանք վնասազերծում է լյարդում։

Սակայն սպիտակուցային սննդի չարաշահման, ինչպես նաև չբալանսավորված սննդի դեպքում, և այն պայմաններում, երբ սպառված են լյարդի դետոքսիկացիոն հնարավորությունները, կարող են ի հայտ գալ ախտաբանական փոփոխություններ, աուտոինտոքսիկացիա։ Այն արտահայտվում է գլխացավերով, ճնշման տատանումներով, ախորժակի բացակայությամբ, ստամոքսի հյութազատության խանգարումներով և այլն։


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: