Արդի բիոտեխնոլոգիայի բնագավառում գրանցված նվաճումները` գենետիկորեն փոխակերպված (ԳՓ) օրգանիզմները, աշխարհի շատ երկրներում օգտագործվում են զուտ բժշկական, գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության նկատառումներով։ Խթանելով բերքատվությունը և ստեղծելով ցրտադիմացկուն ու հիվանդությունների, ինչպես նաև երաշտի հանդեպ դիմացկունություն ունեցող բույսեր` կարելի է շոշափելիորեն կրճատել համայն աշխարհի ազգաբնակչության սննդամթերքի պակասը։
Գիտական առաջընթացը, որպես կանոն, իր հետ մեծ վախի ու կասկածանքի ալիք է առաջացնում։ Համայն աշխարհում տեղի են ունենում բողոքի համատարած արտահայտման ցույցեր, գյուղատնտեսներն ավերում են տրանսգենային բույսերով ցանված դաշտերը, իսկ շատերը, խտացնելով տրանսգենային մթերքի հանդեպ ունեցած իրենց ատելությունը, դրանք պարզապես անվանում են "Ֆրանկենշտեյնի ուտելիք"։
Գիտնականները մարդկանց նման ագրեսիվ վերաբերմունքը վերագրում են բիոտեխնոլոգիայի բնագավառում վերջիններիս տարրական գիտելիքների կատարյալ բացակայությանը։ Բազմաթիվ սոցիոլոգիական հարցումների արդյունքներն ապացուցում են, որ մոլորակի բնակչության 2/3-ը որևիցե պատկերացում չունի ԳՓ մթերքի մասին։
Ա՛յ քեզ բան
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները մշակել և ստացել են տրանսգենային տերևավոր հազար, որում վիտամին C-ի պարունակությունը սովորականից 700%-ով շատ է։ Նման աներևակայելի արդյունքների հնարավոր դարձավ հասնել առնետների գեների օգտագործման շնորհիվ, որոնց օրգանիզմն արտադրում է այդ վիտամինը Իհարկե, այդ "վիտամինաշատ" հազարը դժվար թե մոտակա ժամանակներում հայտնվի վաճառասեղաններին, քանի որ անհնար է, որ գտնվեն մարդիկ, որոնք կամենան համտեսել "առնետային" հիմք ունեցող այդ բանջարեղենը։
Տրանսգենային բույսեր
Չնայած այն հանգամանքին, որ բժշկական բնագավառում կիրառվող գենային ինժեներիան համընդհանուր հիացմունքի առարկա է դարձել` ԳՓ մթերքի նկատմամբ առկա դիմադրությունն ու ագրեսիան շարունակվում է։ ԱՄՆ գյուղատնտեսական շուկաներում տարատեսակ պտուղ-բանջարեղենի ճոխ տեսականու մեջ կարելի է տեսնել լոլիկներ, որոնց, ասես, հատուկ ցեխ է քսված։ Պարզվում է, որ այդ "ցեխոտ" բանջարեղենը "օրգանապես աճեցված է" և շատ ավելի թանկ արժե։ Տարօրինակ կթվա, սակայն հենց Միացյալ Նահանգներն են եղել տրանսգենային մթերքի ջատագովները։ Այդ երկրում ստեղծվել և գործում է տրանսգենային մշակումների բիոտեխնոլոգիական ժամանակակից արդյունաբերություն, և այդ տեսակետից ԱՄՆ համարվում է համաշխարհային առաջատար։
Եվրոպան, որը մինչև վերջին ժամանակներս խիստ բացասաբար էր արտահայտվում տրանսգենային մթերքի արտադրությանը, այժմ կրնկակոխ հետևում է Միացյալ Նահանգներին։ Մոտ մեկ տասնյակի հասնող տրանսգենային բույսեր էլ պաշտոնապես գրանցվել են Չինաստանում։ ԱՄՆ, Արգենտինա, Կանադա, Ավստրալիա, Չինաստան, Ռումինիա, Բուլղարիա, Գերմանիա, Ֆրանսիա. սրանք այն երկրներն են, որոնք հազարավոր հեկտարներով տրանսգենային կարտոֆիլի, բրնձի, լոբու, ճակնդեղի և եգիպտացորենի դաշտեր ունեն։
Օրինակ` Ուկրաինայի պես երկրում, որտեղ կարտոֆիլի 40%-ը ոչնչացվում է կոլորադյան բզեզների կողմից, "Կանաչ ցուցակում" գրանցված ԳՓ կարտոֆիլը հետազոտությունների փուլն անցնելուց հետո այդպես էլ մասսայական սպառման թույլատվություն չստացավ։ Որո՞նք էին իրական պատճառները։ Գիտնականները կարծում են, որ երկրի պաշտոնյաներն են օրենսդրական արգելքներ ստեղծում դրա համար։ Տրանսգենային մթերքի թեմաներով թեժ քննարկումները մինչ օրս էլ շարունակվում են։
Ժամանակակից ընտրություն
Գենային ինժեներիայի տեխնոլոգիայի յուրաքանչյուր դրսևորում արտահայտվում է հնարքների մի շարքով, որոնց միջոցով հնարավոր կդառնա մի կենսաբանական համակարգից մյուսը գենային փոխանակում իրականացնել։ Գենետիկ փոփոխությունը մարդու օրգանիզմում ԴՆԹ-ների օգտագործմամբ գենոմի փոփոխությունն է, մի մոլեկուլ, որը հնարավոր է ստանալ միայն բնական ճանապարհով իրար չհանդիպող բջիջների միաձուլմամբ։ Միաձուլման արդյունքում ստացված ԴՆԹ մոլեկուլը գիտնականներին հնարավորություն է տալիս ընտրելու և բույսի մեջ գեները ներմուծելու հատ առ հատ (փոխակերպելու)։
Հենց առանձին գեների բնական ճանապարհով չհանդիպող տեսակների միջև կատարվող միաձուլման մեջ է ավանդական ընտրության և գենետիկ փոխանակման տարբերությունը։ Ու եթե ԳՓ մթերքի առաջին սերունդը (եգիպտացորեն, պապայա, կարտոֆիլ, լոբի, ճակնդեղ, լոլիկ, դդմիկ) տարբերակվում էր նախ և առաջ գյուղատնտեսական առանձնահատկություններով (հերբիցիդների, վնասատու միջատների հանդեպ ունեցած դիմացկունություն), ապա այսօր ԳՓ մթերք արտադրողները ձգտում են բարելավել դրանց սննդային որակները (օրինակ, լոբու սպիտակուցային պաշարի, իսկ մրգերի և բանջարեղենի մեջ` վիտամինային պաշարների ավելացում և այլն)։
Միայն փաստեր
Բրիտանական KRC վիճակագրական ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն` ֆրանսիացիների, գերմանացիների, իտալացիների, իսպանացիների և անգլիացիների 49%-ը համոզված են, որ ի տարբերություն ԳՓ ճանապարհով մշակված և ձեռք բերված բանջարեղենի` սովորական բանջարեղենն ընդհանրապես գեներ չի պարունակում։ Հարցվածների 50%-ն այն կարծիքին է, որ մարդ արարածը տրանսգենային մրգեր ուտելու ժամանակ կարող է մրգերի հետ գեներով "փոխանակվել"։ Թերևս արժե հիշեցնել, որ գեներ գոյություն ունեն ոչ միայն մարդկային օրգանիզմում, այլև ամեն կարգի կենդանական և բուսական համակարգերում` կենդանիներ, բույսեր և միկրոօրգանիզմներ։ Զավեշտալի կլիներ, իհարկե, եթե, ասենք, տրանսգենային ճանապարհով ստացված կարտոֆիլ ուտելիս ոչ թե գենային "փոխանակություն" տեղի ունենար, այլ մենք վերածվեինք կարտոֆիլի։
Քամու հունը չես փոխի
Հաճախ կարելի է լսել այս կարգի մեկնաբանություններ. ''Գենետիկ նյութերով փորձարկումներ անող մարդիկ իրենց վրա են վերցնում Աստծո առաքելությունը''։ Մի կողմից դա նրանց առջև անսահման հեռանկարներ է բացում և անկաշկանդ գործելու հնարավորություն տալիս, մյուս կողմից էլ ահռելի պատասխանատվության առջև է կանգնեցնում։ Ահա թե ինչու, մարդկանց շրջանում ԳՓ մթերքի հանդեպ ունեցած մտավախությունները լիովին հասկանալի են. արդյո՞ք քիմիական աղտոտվածությանը փոխարինելու չի գա մի նոր` "կենսաբանական" աղտոտվածություն, ինչպե՞ս կանդրադառնա ԳՓ մթերքի օգտագործումը գալիք սերունդների առողջության վրա։ Ու իրոք, եթե մարդկանց գործողությունները կարելի է վերահսկել և կանոնակարգել, ապա միկրոօրգանիզմների աճը ոչ մի փաստաթղթով հնարավոր չէ դադարեցնել։ Ոչ ոք չի կարող մեղվին արգելել թռչել հարևան դաշտի տրանսգենային ծաղիկները փոշոտելու։ Քամու հունն էլ չես կարող փոխել ու ասել, թե դեպի որ կողմ փչի...Բնությունը, միևնույն է, իր գործը կանի։
Մտավախություններ և ռիսկ
ԳՓ օրգանիզմների հետ գործ ունենալու պարագայում պետք է նկատի ունենալ հավանական 3 ռիսկային գործոններ` մարդու ժառանգական համակարգի վրա հնարավոր ազդեցություն, գեների մի օրգանիզմից մեկ այլ օրգանիզմ փոխանցում և անկանխատեսելի էկոլոգիական հետևանքներ։ Հարկ է նշել, որ ուսումնասիրության ենթարկված տրանսգենային բույսերը ոչնչով չեն տարբերվում ավանդական ճանապարհով ստացվող բույսերից, և դրանց քաղցկեղածին հատկությունների մասին որևէ գիտական ապացույց մինչ օրս գոյություն չունի։ Բիոտեխնոլոգները միաձայն պնդում են, որ ԳՓ մթերքի` մարդկային օրգանիզմի վրա երկրորդ կամ երրորդ սերնդի առումով մուտագեն փոփոխություններ թողնելու հավանականությունը գիտականորեն ապացուցված չէ։ Նույնն էլ վերաբերում է Չերնոբիլի աղետից հետո տրանսգենային բույսերի լրացուցիչ մուտացիոն հատկությունների "ձեռք բերմանը"։
Bt կարտոֆիլի (բույսի մեջ Bacillus thuringiensis-ի` Bt գենի ներմուծումը հնարավորություն է տալիս զգալիորեն կրճատելու քիմիկատների օգտագործումը) մշակման ընդդիմադիրները պնդում են, թե իբր տրանսգենային օրգանիզմներում առկա Bt տոքսինը կարող է զգալիորեն վնասել կենդանի օրգանիզմներին, և այս պարագայում խոսքը ոչ թե կոլորադյան բզեզի, այլ մարդ արարածի մասին է։ Bt գենի ընդդիմադիրները ներկայացնում են իրենց տեսակետը պաշտպանող ևս մեկ վարկած, ըստ որի այդ գենի օգտագործմամբ մշակվող եգիպտացորենի դաշտերում կան մեծ քանակությամբ միջատներ, որոնք վտանգված են, քանի որ այդ եգիպտացորենի խնամքն ապահովող միջատասպան նյութերի ցողացրման դեպքում միջատներն իսպառ կվերանան։ Ու այս ամենն այն դեպքում, երբ նույնիսկ "ամենակատաղի" միջատասպանների օգտագործման պարագայում ամեն տարի Երկիր մոլորակի վրա ցանված բերքի 20-30%-ը փչանում է հենց միջատների պատճառով։
Ինչ վերաբերում է գեների փոխանցմանը ԳՓ բույսերից իրենց վայրի տարատեսակներին, ապա գիտական գենետիկայի տեսակետից այս վարկածը լիովին հավանական է։ Սակայն աշխարհագրական տեսանկյունից նման փոխանցումը խիստ սահմանափակ է։ Օրինակ, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում գոյություն չունեն շաքարային ճակնդեղի, Ուկրաինայում` կարտոֆիլի, սոյայի կամ եգիպտացորենի վայրի "եղբայրակիցներ"։ Բացի այդ, ագրոտեխնիկայի տարրական կանոնների պահպանման դեպքում նման գենետիկ փոխանցումներից լիովին հնարավոր է խուսափել։
Զգուշացված ես, ուրեմն...
Արևմուտքում ԳՓ մթերքի հանդեպ վստահությունը կորավ այն բանից հետո, երբ բացառապես կենդանական կերի համար նախատեսված «Starlink» ապրանքանիշի եգիպտացորենը զարտուղի ճանապարհներով հայտնվեց մարդկային կերակրացանկի մեջ։ Պետք է նշել, որ սրա արդյունքում ոչ ոք չտուժեց, բայց և այնպես ոչ ոք չներեց նման սրիկայությունը։ Ահա թե ինչու, նման աղմկահարույց խնդիրներից խուսափելու համար տրանսգենային մթերքը պետք է անպայման հատուկ փաթեթավորում ունենա։ Ու անգամ, եթե արտադրողը լիովին վստահ է իր ապրանքի անվտանգ լինելու մասին և կարող է դա ապացուցել, միևնույնն է` սպառողը պետք է ընտրի ուտե՞լ, թե՞ չուտել այդ մթերքը։
Հուսո գործարան
Վատիկանի բիոէթիկայի հարցերով փորձագետ և "Պապի Կյանքի" ակադեմիայի փոխնախագահ, եպիսկոպոս Էլիո Սգրեչն ասում է, որ կասեցրել է բոլոր նրանց գործողությունները, ովքեր փորձեր են արել ԳՓ օրգանիզմների հանդեպ կրոնական արգելափակում մտցնել։ Բանն այն է, որ բիոտեխնոլոգիական հետազոտությունները կարող են ի վերջո լուծել սովի գլոբալ խնդիրը, ու նաև Երկիր մոլորակի վրա ապրող մարդկանց մոտ կարծիք կարող է ձևավորվել, թե բիոտեխնոլոգիայի առավելություններն ավելի շատ են, քան ռիսկերը։
Ինչպես հավաստում է աշխարհի առաջատար բիոտեխնոլոգներից մեկը` Ուկրաինայի ԳԱ ակադեմիկոս Յուրի Գլեբան, շնորհիվ այս գիտության նվաճումների մենք լիովին կարող ենք օգտագործել այդ բույսերը` որպես ամենաէժան և էկոլոգիապես մաքուր արտադրանք մարդկային զանազան կարիքների, սննդի և դեղամիջոցներ պատրաստելու համար։
Գիտնականների մեծամասնությունը համոզված է, որ տրանսգենային բույսերն արդեն այնքան կարևոր նշանակություն ունեն մեր կյանքում, որ մոտ ապագայում, ուզենք թե չուզենք, դրանք կդառնան հասարակության զարգացման համար անհրաժեշտ տեխնոլոգիական և տնտեսական խթանիչ գործոններից կարևորագույնները։
Պարզվում է, որ...
Գենետիկ փոխակերպումը կարող է տեղի ունենալ նաև առանց մարդու միջամտության։ Գիտեի՞ք արդյոք, որ սովորական ցորենն իր բոլոր որակները ստացել է տարբեր բույսերի հետ բնական ճանապարհով խաչասերվելու արդյունքում։ Էվոլյուցիայի ընթացքում հատիկավոր բույսերում բակտերիաների միջև գեների մի ամբողջ համակարգի փոխանակություն է տեղի ունեցել։ Սակայն բուսական աշխարհում նմանատիպ իրադարձություններ հազվադեպ են պատահում, և դրանց զարգացման համար հազարամյակներ են պետք։
Տեսնես է՞լ ինչ է սպասվում
Արդի բիոտեխնոլոգիական մեթոդները հնարավորություն են տալիս փոփոխության ենթարկելու բույսերում լիարժեք սպիտակուցների կազմավորման համար անհրաժեշտ ամինաթթուների պարունակությունը։ Եթե այսպես շարունակվի, ապա հնարավոր է, որ մի օր գիտնականներին հաջողվի ստեղծել արևածաղկի մի այնպիսի յուղ, որը մարդկային օրգանիզմի կողմից կյուրացվի 98%-ով (այսօր այն միայն 80-82%-ով է յուրացվում)։
Մեր օրերում գոյություն ունի այսպես կոչված ոսկե բրինձ, որի հատիկներում կա այնքան քանակությամբ B կարոտին, որքան որ մասուրի պտուղներում:
ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ''