Վիտամիններն օրգանական նյութեր են, որոնց չնչին քանակներն անհրաժեշտ են մարդու և կենդանիների բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար: Վիտամինները սննդի անփոխարինելի բաղադրիչներն են:

Վիտամինները հայտնաբերել է ռուս գիտնական Լունինը: Նա պարզել է, որ օրգանիզմի բնականոն գործունեության համար, բացի սննդի հիմնական բաղկացուցիչ մասերից (սպիտակուցներ, ձարպեր ածխաջրեր), անհրաժեշտ են նաև այլ միացություններ, որոնց բացակայությունը հանգեցնում է տարբեր ախտաբանական վիճակների: Վիտամիններ տերմինն առաջարկել է լեհ գիտնական Ֆունկը` լատիներեն vita (կյանք) բառից:

Վաղուց հայտնի էր, որ կան հիվանդություններ, որոնք կապված են ոչ լիարժեք սնուցման հետ: Դարեր շարունակ հեռավոր ճանապարհորդությունների մասնակիցները, զրկված լինելով թարմ բանջարեղենից, մրգերից, մսից, տառապում էին լնդախտով:

Օրգանիզմը վիտամիններ ստանում է հիմնականում սննդի հետ: Մի շարք վիտամիններ սինթեզվում են աղիքներում` որոշ միկրոօրգանիզմների կենսագործունեության ազդեցությամբ, սակայն այդ քանակը միշտ չէ, որ բավարարում է օրգանիզմի պահանջները: Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները: Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճմանը և ամբողջ օրգանիզմի զարգացմանը: Լինելով ֆերմենտների բաղկացուցիչ մաս` վիտամիններն ապահովում են դրանց բնականոն ֆունկցիան և ակտիվությունը: Որևէ վիտամինի անբավարարությունը կամ բացակայությունը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, որոնց հետևանքով նվազում է մարդու աշխատունակությունը, դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների, շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ: Վիտամինների անբավարարության կամ պակասի հետևանքով առաջանում է թերվիտամինություն կամ անվիտամինություն: Անբավարարության պատճառ կարող են լինել ոչ միայն սննդում դրանց պակասը, այլև աղիքներում տեղի ունեցող ներծծման, դեպի հյուսվածքները տեղափոխման և կենսաբանորեն ակտիվ ձևի վերածվելու գործընթացների խանգարումները: Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային, լյարդի հիվանդությունների, հաստ աղիքի բորբոքման և այլ դեպքերում վիտամինների յուրացումը խանգարվում է և կարող է առաջանալ դրանց անբավարարություն:

Սկզբում վիտամինները պայմանականորեն նշանակում էին A, B, C, D, E, P և այլն, այնուհետև տրվեցին միջազգային անվանումներ, որոնք արտացոլում են այդ նյութերի քիմիական կառուցվածքը: Վիտամինները բաժանվում են 3 խմբի` ջրալույծ, ճարպալույծ և վիտամինանման նյութեր:

Բուժիչ նպատակով վիտամինների օգտագործումը` վիտամինաբուժությունը, նախկինում կիրառվում էր դրանց անբավարարության տարբեր ձևերի ժամանակ: 20-րդ դարի կեսերին վիտամինաբուժության շրջանակը զգալիորեն ընդլայնվեց: Բացի այդ, վիտամիններն սկսեցին օգտագործել ինչպես սննդի, այնպես էլ անասնակերի վիտամինացման համար: սակայն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները գերազանցող չափաքանակներով վիտամինների ընդունումը կարող է հանգեցնել գերվիտամինության:

Որոշ վիտամիններ սինթեզվել են մանրէակենսաբանական և քիմիական սինթեզի եղանակներով: Հայտնի են նաև նախավիտամինները` նյութեր, որոնք օրգանիզմում ընթացող մի շարք փոխարկումներից հետո վերածվում են վիտամինների: Դրանցից են կարոտինը (նախավիտամին A), որոշ ստերիններ (էրգոստերին, 7-դեհիդրոխոլեստերին), որոնք փոխարկվում են վիտամին D-ի: Կան քիմիական նյութեր, որոնք իրենց կազմությամբ մոտ են վիտամիններին, սակայն օրգանիզմի վրա ունենում են միանգամայն հակառակ ազդեցություն և կոչվում են հակավիտամիններ: Դրանց են պատկանում վիտամինները կապող կամ քայքայող նյութերը, ինչպես նաև որոշ դեղանյութեր (հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ և այլն), ուտի չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ և առանց հսկողության օգտագործել դեղանյութեր: