B2 վիտամինի (ռիբոֆլավին) անբավարարություն։ Հիվանդի մոտ նկատվում է թուլություն, գլխացավեր, սկսում է նիհարել։ Բնորոշ են բերանի անկյունների ճեղքվածքները և կեղևիկները (անգուլյար ստոմատիտ), գլոսիտը (լեզվաբորբ), շրթունքների կարմիր երիզը, դերմատիտը։ Վերջինս հատկապես արտահայտված է քիթշրթունքային ծալքերում, ականջների, ձեռքերի վրա։ Նկատվում են նաև կոնյունկտիվիտ, բլեֆարիտ, լուսավախություն, տեսողության մթնաշաղային խանգարում։ Վաղ տարիքի երեխաների մոտ կլինիկական պատկերը ջնջված է։ Որպես կանոն B2 հիպովիտամինոզը մեկուսի չի լինում։ Հաճախ նկատվում է B պոլիհիպովիտամինոզներ։ Ախտորոշումը հաստատվում է կենսաքիմիական հետազոտությունների տվյալներով (օրվա մեզում, արյան մեջ և էրիթրոցիտներում ռիբոֆլավինի պարունակության որոշումով)։ Բուժման համար տրվում է լիարժեք սնունդ՝ խմորասնկեր, լյարդ, երիկամներ, ձվի դեղնուց, արախիս, պանիր։ Ներքին ընդունման ձևով 0,003-0,005 գ օրը 3 անգամ նշանակվում է ռիբոֆլավին, իսկ ծանր ձևերի դեպքում՝ օրը մինչև 0,05-0,07 գ: Միաժամանակ տրվում են B խմբի այլ վիտամիններ։