Մարդու համար գործնական նշանակություն ունեն հետևյալ վիտամինները`B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) B3 կամ PP (նիկոտինաթթու), B5 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին), B9 (ֆոլաթթու), B12 (ցիանակոբլամին):

Վիտամին B6-ը (պիրիդոքսին) ապահովում է սպիտակուցների և ճարպերի բնականոն յուրացումը, մասնակցում ազոտային փոխանակությանը:

Անբավարարությունն առաջացնում է վաղ տարիքի երեխաների աճման կասեցում, ստամոքսաղիքային խանգարումներ, սակավարյունություն, բարձր դրդելիություն, իսկ հղիների մոտ` բերանաբորբ, դեմքի և պարանոցի մաշկի, գլխի մազածածկ հատվածի բորբոքում, անքնություն, դյուրագրգռելիություն:

Պիրիդօքսինը չնչին քանակությամբ պարունակվում է բուսական և կենդանական ծագման շատ սննդամթերքներում (գարեջրի չոր խմորասնկեր, ցորենի թեփ, գարի, եգիպտացորեն, ոլոռ, կարտոֆիլ, գազար, բազուկ, տավարի միս, լյարդ, ձու, կովի կաթ և այլն):

Սովորական պայմաններում B6 վիտամինային անբավարարություն չի առաջանում, որովհետև բավարար քանակությամբ սինթեզվում է աղիքային բակտերիաների կողմից: Հակաբիոտիկների և սուլֆանիլամիդային պատրաստուկների առանց հսկողության ընդունումն ընկճում է աղիքային միկրոօրգանիզմների ֆունկցիան, և վիտամինների արտադրությունը նվազում է:

Պիրիդոքսինը կայուն է թթուների, ալկալիների, բարձր ջերմաստիճանի նկատմամբ, իսկ արևի ճառագայթներից քայքայվում է (տաք պայմաններում ավելի արագ):

Քանի որ վիտամին B6-ը լայնորեն տարածված է բուսական և կենդանական մթերքներում և կայուն է խոհարարական մշակման ժամանակ` B6 վիտամինային անբավարարության կանխարգելման անհրաժեշտություն չկա:

Վիտամին B6-ի ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ կլինիկական դրսևորումները

Կյանքի սովորական պայմաններում մարդկանց օրգանիզմում B6 անվիտամինություն չի դիտվում: Հղի կանանց մոտ, հատկապես վաղ տոքսիկոզների դեպքում կարող են նկատվել դյուրագրգռելիություն, ախորժակի կորուստ, սրտխառնոց, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներ, բերանի խոռոչի լորձաթաղանթի և մաշկի վրա բորբոքային երևույթներ: Կրծքի երեխաների մոտ, հատկապես եթե նրանց կերակրում են չոր կաթնախառնուրդներով, նկատվում է աճման կասեցում:


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: