B1 վիտամինի (թիամին) անբավարարություն։ Հիպովիտամինոզ B1 (բերի-բերի) արտահայտվում է պոլինևրիտներով՝ ներբանային և ծնկային ռեֆլեքսների վերացում, ձեռքերի մատների ու ոտքերի թաթերի տարածիչների պարալիզներ, մկանային թուլություն և ցնցումներ, պարեսթեզիաներ, զգացողության կորուստ։ Ֆիզիկական ծանրաբեռնման ժամանակ նկատվում է ընդհանուր թուլություն, արագ հոգնածություն, գլխացավեր, հևոց ու հաճախասրտություն։ Շատ բնորոշ է հիվանդների քայլքը՝ հենվում են կրունկի, այնուհետև կրունկի արտաքին եզրի վրա` խնայելով ոտքի մատները։ Նկատվում են սնուցման խանգարման փոփոխություններ սրտամկանում, արյան ճնշումը իջած է։ Վաղ տարիքի երեխաների մոտ B1 վիտամինի արտահայտված պակասի դեպքում նկատվում է բերանի լորձաթաղանթի վառ գունավորում, կաթնուկ, «մարմարե» մաշկ, մկանային հիպոտոնիա։ Նշվում է «ճոճվող» գլխի ախտանիշ, փսխման հակում, անհանգստություն, գրգռվածություն, երբեմն՝ ցնցումներ։ Հետ է մնում նաև մարմնի աճը։ Ախտորոշիչ նշանակություն ունի թիամինի պարունակությունը մեզում, կոկարբոքսիլազան՝ էրիթրոցիտներում։ Բնորոշ է պլազմայում պիրոխաղողաթթվի պարունակության բարձրացումը և մեզի հետ նրա բարձրացած արտազատումը։ Մանր և միջին ծանրության դեպքերում ցուցված է անկողնային ռեժիմը։ Նշանակվում է կաթ, լյարդ, երիկամներ, ձվի դեղնուց, ընկույզ։ B1 վիտամինը տրվում է օրը 2-3 անգամ` 5-10 մգ դեղաչափով, իսկ արտահայտված պակասի դեպքում կատարվում են միջմկանային կամ ենթամաշկային ներարկումներ՝ օրը 50 մգ։ Միաժամանակ տրվում են նիկոտինաթթու, ռիբոֆլավին, B6 վիտամին։