Մարդու համար գործնական նշանակություն ունեն հետևյալ վիտամինները`B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) B3 կամ PP (նիկոտինաթթու), B5 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին), B9 (ֆոլաթթու), B12 (ցիանակոբլամին):

Վիտամին B3-ը կամ PP-ն (նիկոտինաթթու) մասնակցում է բջջային շնչառության ռեակցիաներին, սպիտակուցային փոխանակությանը, բարձրացնում է օրգանիզմում բուսական սպիտակուցների օգտագործումը, կանոնավորում ստամոքսի հյութազատիչ և շարժողական ֆունկցիաները, լյարդի գործունեությունը, բարելավում է ենթաստամոքսային գեղձի հյութազատությունն ու բաղադրությունը:

Նիկոտինաթթվի, ինչպես նաև սպիտակուցների անբավարարությունը հանգեցնում է պելագրայի (քրոնիկական հիվանդություն) առաջացմանը: Վիտամին B3-ը կիրառվում է (պարտադիր բժշկական խորհրդով) նշված ու շատ այլ հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար: Մեծ չափաքանակներն առաջացնում են տհաճ, բայց օրգանիզմի համար ոչ վնասակար երևույթներ: Վիտամինի ընդունումից մի քանի րոպե հետո նկատվում է դեմքի մաշկի ուժեղ կարմրություն, ջերմության զգացում, որը տարածվում է մարմնի այլ հատվածների վրա և կարող է ուղեկցվել մաշկի ջերմաստիճանի իրական բարձրացումով:

Նիկոտինաթթվի հիմնական աղբյուրն են ընտանի թռչունների և տավարի միսը, լյարդը, երիկամները, խմորասնկերը, բրնձի թեփը, ցորենի սաղմերը: Եգիպտացորենում և հացահատիկային բույսերում գտնվում է կապված և օրգանիզմի համար ոչ յուրացվելի ձևով:

Պահելիս և խոհարարական մշակման ենթարկելիս նիկոտինաթթուն շատ կայուն է: Բարձր ջերմաստիճանը, եփելը, տապակելը, գրեթե չեն ազդում մթերքներում եղած պարունակության վրա: Կայուն է նաև լույսի, օդի, ալկալիների ներգործության նկատմամբ:

Անբավարարության կանխարգելման նպատակով սնունդը պետք է լինի բազմազան:

Վիտամին B3-ի ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ կլինիկական դրսևորումները

Առաջանում են պելագրայի երևույթներ` PP անվիտամինություն:

Նկատվում են դյուրագրգռելիություն, անքնություն, տրամադրության ընկճում, շրթունքների չորություն և գունատություն:

Լեզուն վառ կարմիր է, փառակալած և այտուցված:

Լուծ` առանց լորձի և արյան առկայության:

Մկանային ցավեր:

Գարնանը և ամռանը մաշկի վրա առաջանում են արագ մեծացող վարդագույն բծեր, մաշկի ախտահարված հատվածները հաստանում են, մաշկը դառնում է գորշ դարչնագույն և թեփոտում է: