Վիտամին C-ն (ասկորբինաթթու) կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության, առանձնապես սպիտակուցների յուրացման, շարակցական հյուսվածքի բնականոն վիճակի ապահովման, հյուսվածքների վերականգնման համար: Վիտամին C-ի անբավարարության դեպքում բարձրանում է արյունատար անոթների թափանցելիությունը, խախտվում է աճառային ու ոսկրային հյուսվածքների կառուցվածքը և առաջանում է լնդախտ: Մարդու օրգանիզմում ասկորբինաթթու չի առաջանում, այն ստացվում է սննդի հետ: Վիտամին C-ն պարունակվում է բանջարեղենում, մրջերում, հատապտուղներում, հատկապես կարտոֆիլում, կանաչ սոխի, լոլիկի, տաքդեղի մեջ, ինչպես նաև սև հաղարջում, մորիում, թրթնջուկում, կիտրոնում, նարինջում և այլն: Հատկապես շատ է մասուրում, որի չոր պտուղների 100 գ-ում կա մինչև 1500 մգ վիտամին C: Ուստի շատ օգտակար է ձմռանը և գարնանը մասուրն օգտագործել որպես վիտամին C-ի աղբյուր, որի 10-12 ժ թրմած եփուկում (1 ճաշի գդալ մասուրը` 200 մլ եռացրած ջրում) պարունակվում է վիտամինի օրական անհրաժեշտ չափաքանակը: Ասկորբինաթթուն ստացվում է նաև սինթետիկ եղանակով: Թողարկվում է փոշու, հաբերի ձևով (նաև խաղողաշաքարի հետ):

Սննդամթերքում վիտամին C-ի պարունակության վրա ազդում են դրանց պահպանման եղանակը, տևողությունը և խոհարարական մշակումը: Վիտամին C-ն արագ քայքայվում է մաքրած բանջարեղենում: Խնձորը պահելուց 3 ամիս անց կորչում է վիտամին C-ի 16 %-ը, 6 ամիս հետո` 25 %-ը: Կարտոֆիլը մաքրելիս կորչում է վիտամին C-ի 16-22 %-ը: Բանջարեղենը տաք ջրում եփելիս վիտամին C-ն գրեթե լրիվ պահպանվում է, սառը ջրում 25-35 %-ը կորչում է: Առանձնապես շատ է քայքայվում (մոտ 30 %) բանջարեղենի ապուրները տաքացնելիս: Լավ է պահպանվում թթու միջավայրում, մետաղների ազդեցությունից քայքայվում է: Պղնձի, կապարի, ցինկի և այլ մետաղների նույնիսկ փոքր քանակը (որն անցնում է կաթսայից), քայքայում է ասկորբինաթթուն: Ուստի ավելի հարմար է կերակուրը եփել այլումինե, արծնապատ կամ չժանգոտվող մետաղե կաթսաներում:

Վիտամին C-ի ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ կլինիկական դրսևորումները

Սկզբնական շրջանում ընդհանուր թուլություն, թորշոմածություն, արագ հոգնելիություն քնկոտություն, գլխապտույտ: Նշված երևույթներն ավելի հաճախ ի հայտ են գալիս գարնանը: Այնուհետև նկատվում է շրթունքների, ականջների, քթի, եղունգների կապտություն, լնդերն ուռչում են, խոցոտվում և արյունահոսում, բերանից զգացվում է տհաճ հոտ, շարժվում և ընկնում են ատամները: C անվիտամինության ծայրագույն աստիճանը` լնդախտը (ցինգա) հազվադեպ է հանդիպում, ուղեկցվում է ցանով (սկզբում կարմիր, այնուհետև` կապտասև), արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի ֆունկցիաների խանգարումներով: Կտրուկ նվազում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների հանդեպ:
 

 

 

Սկզբնաղբյուր՝ Doctors.am