Մարդու համար գործնական նշանակություն ունեն հետևյալ վիտամինները`B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) B3 կամ PP (նիկոտինաթթու), B5 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին), B9 (ֆոլաթթու), B12 (ցիանակոբլամին):

Վիտամին B1-ը (թիամին) կարևոր նշանակություն ունի ածխաջրերի փոխանակության գործընթացներում: Բացակայության դեպքում առաջանում է բազմանյարդաբորբ: Օրգանիզմը թիամին ստանում է սննդի հետ, իսկ որոշ քանակություն գոյանում է աղիքների միկրոօրգանիզմների կողմից, սակայն դա չի բավարարում ֆիզիոլոգիական պահանջը:

Վիտամին B1-ի անբավարարությունից թուլանում է աղիքների գալարակծկանքը, առաջանում է փորկապություն, մկանային թուլություն, նվազում ֆիզիկական և հոգեկան աշխատունակությունը: Բացակայության կամ աննշան պակասի դեպքում առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն` բերի-բերի: Սննդի հետ նույնիսկ բավարար քանակով թիամին ստանալիս վիտամինային անբավարարություն է առաջանում քրոնիկական ալկոհոլամոլությամբ, շաքարախտով, ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններով տառապող անձանց օրգանիզմում: Որոշ դեղանյութեր (օրինակ` հակաբիոտիկները) քայքայում և նվազեցնում են թիամինի ակտիվությունը:

Վիտամին B1-ը պարունակվում է խմորասնկերում (հատկապես գարեջրի), հացի կվասում, հացահատիկային և ընդավոր բույսերում, հիմնականում ցորենի սաղմում և թեփում (բարձր որակի ալյուր ստանալիս թեփը հեռացվում է, որից թիամինի պարունակությունը փոքրանում է): Վիտամին B1-ով հարուստ են նաև սոյան, հնդկացորենը, եգիպտացորենը, կենդանական ծագման մթերքներից` լյարդը, խոզի ոչ յուղոտ միսը, երիկամները, սիրտը: Մթերքի ջերմային մշակումից թիամինը քիչ է քայքայվում: Չոր մթերքները պահելիս թիամինի պարունակությունը չի փոխվում:

Վիտամին B1-ի ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ կլինիկական դրսևորումները

Ախորժակի աստիճանաբար կորուստ, մարսողության խանգարում:

Սրտխառնոց, փորկապություն, քաշի արագ անկում:

Մկանային թուլություն, վերջույթների զգայունության կորուստ, գլխապտույտ:

Շարժումներն առաջացնում են սրտխփոց և հևոց:

Արագ հոգնելիություն:

Խորացող B1 անվիտամինությունը` բերի-բերին, ընթանում է ստորին վերջույթների լուծանքով և մկանային հյուծմամբ:


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: