A վիտամինի (ռետինոլ, աքսերոֆտոլ) անբավարարություն։ Բնորոշ են քսերոֆթալմիան, կեռատոմալյացիան։ Մաշկը գունատ է, թարախային ախտահարումների հակումով, պզուկների հայտնվելով։ Մազերը չոր են, դյուրաբեկ։ Լինում է լուսավախություն, գիշերային կուրություն (հավկուրություն): Երեխաների մոտ նկատվում է ֆիզիկական թերզարգացում։ Մաշկի չորությունից և թարախակույտերից բացի, վաղ տարիքի երեխաների մոտ կարող են նկատվել նաև այլ վարակներ՝ հաճախակի սուր ռեսպիրատոր հիվանդություններ, թոքաբորբեր, թարախամիզություն (պիուրիա), կրկնվող թարախային ականջաբորբ։ Արյան շիճուկի կենսաքիմիական հետազոտմամբ հայտնաբերվում է ռետինոլի և կարոտինի ցածր պարունակություն։ Բուժման համար անհրաժեշտ է լիարժեք սնունդ՝ կարագ, կովի կաթ, ձկան յուղ։ Պրովիտամին A-ով հարուստ են մասուրը, գազարը, սիսեռը։ Ներքին ընդունման ձևով տրվում է վիտամին A` 5000-10000 ՄՄ, օրը երկու անգամ։ Ծանր ձևերի դեպքում դեղաչափը հասցնում են մինչև օրը 25.000-50.000 ՄՄ: