Տագնապայնությունը շատ տարածված է ինչպես նորմալ հոգեդինամիկայում, այնպես էլ հոգեախտաբանության մեջ։ Տագնապի հակազդումը նման է վախի հակազդմանը, բայց ունի իր յուրահատկությունը և այդ երկուսը հարկավոր է հստակորեն զանազանել միմյանցից։

 

Տագնապի և վախի ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ սուբյեկտին նախազգուշացնում են վտանգի, սպառնալիքի մասին։ Տագնապը դիֆուզ է, այսինքն՝ սպառնալիքի աղբյուրը չի գիտակցվում։ Տագնապը նախազգուշացնում է անհատի ներսից եկող վտանգի մասին, այդ վտանգի աղբյուրը ներքին է։ Այդ աղբյուրը ներքին կոնֆլիկտն է։ Տագնապի հիմքում ներքին կոնֆլիկտ է ընկած։ Տագնապի հակազդումը ոչ միայն ազդարարում է ներքին կոնֆլիկտի մասին, որի առկայությունը սպառնում է մարդու հոգեբանական բարօրությանը (ֆրուստրացվում է ներաշխարհի կարգավորվածության պահանջմունքը), այլև պաշտպանական ֆունկցիա է իրականացնում։ Այն գործարկում է պաշտպանական մեխանիզմները և այդ ձևով մարդուն պաշտպանում ներքին կոնֆլիկտից։

 


Տագնապի բնորոշ առանձնահատկությունն այն է, որ տագնապը ժամանակի մեջ կարող է երկարաձգվել կամ դառնալ մշտական, անընդհատ։
Տագնապն արտաքին հանգամանքներով չի պայմանավորված։ Արտաքին անբարենպաստ հանգամանքները ոչ այնքան տագնապ են առաջացնում, որքան նպաստում են, որ ներքին կոնֆլիկտը դրսևորվի ամբողջ ուժով։
Տագնապի հակազդումը ժամանակային առումով կարող է որոշակի դինամիկա ապրել և իրաղրական կարճատև ապրումից վերածվել երկարաձգված, մշտական վիճակի։ Տագնապի հակազդման դինամիկան նկարագրվում է տագնապային շարքի միջոցով։

 

Տագնապային շարքի հաջորդականությունն այսպիսին է.


. ներքին լարվածություն, սուբյեկտիվ զգացում, ազատ լողացող տագնապ



. տագնապի ֆիքսումր արտաքին կոնկրետ օբյեկտների վրա՝ ցանկացած տիպի ֆոբիաների առաջացում



. վախեցած գրգռվածություն (դիտվում է պսիխոտիկ խանգարումների կլինիկական նկարագրում)։




Սկզբում, ներքին կոնֆլիկտի հետ կապված իրավիճակում, առաջանում է ներքին լարվածություն զգացումը։ Այդ իրավիճակների շարունակման, կրկնման դեպքում տագնապը երկարաձգվելով վերածվում է մշտական վիճակի (ազատ լողացող տագնապ)։ Այդ տանջալից վիճակից ձերբազատվելու նպատակով մարդը փորձում է իր տագնապը կապել արտաքին պատճառների հետ և ձևավորվում են որոշակի ֆոբիաներ։ Ինչ վերաբերվում է վախեցած գրգռվածությանը, ապա այն նորմալ հոգեդինամիկայում չի դիտվում։
Տագնապային այցելուները հոգեբանորեն զգում են, որ իրենց հետ ինչ-որ բան է կատարվում, ինչ-որ բան այն չէ, բայց չեն կարողանում կոնկրետացնել իրենց գանգատները։ Նրանք վատ են զգում, ճնշված են, լարված են, բայց չեն կարողանում հաղթահարել այդ վիճակը։ Այդ վիճակը կարելի է բնութագրել որպես "անանուն ողբերգություն"։


Տագնապը դիմակավորվում է ոչ միայն սոմատիկ գանգատների տեսքով։ Հաճախ այն փոխակերպվելով դրսևորվում է այլ ապրումների ձևով՝ "գրգռված եմ", "փլված եմ", "տխուր եմ", "ես առաջվանը չեմ", "թույլ եմ", "հաճախակի արթնանում եմ" և այլն։ Հաճախ դրսևորվում է ագրեսիայի տեսքով տագնապ առաջացնող իրավիճակների կամ մարդկանց նկատմամբ, դառնում են սարկաստիկ, "կծան" կամ էլ, ընդհակառակը, դառնում են կաշկանդված, չխոսկան, սառը, փախչում են այն իրավիճակներից և մարդկանցից, որտեղ տագնապ են զգում։ Անզորության և ագրեսիվության միջև կոնֆլիկտը կաթվածահար է անում ակտիվությունը, կամազրկվում են, ոչինչ չեն խոսում կամ ձեռնարկում։ Այսպիսով՝ տագնապի հետևանքով այդ մարդկանց հետ համակեցությունը դառնում է դժվար, նրանք կամ ագրեսիվ են դառնում, կամ իրենց պասիվությամբ, չխոսկանությամբ և չնախաձեռնողությամբ սկսում են գրգռել շրջապատողներին։ Այդպիսի վարքը (ագրեսիվ-թշնամական կամ էլ, ընդհակառակը, պասիվ -չխոսկան) դրսևորվում է նաև կոնսուլտանտի նկատմամբ, այդ պատճառով էլ տագնապային այցելուների հետ աշխատելը հոգնեցուցիչ է։ Այցելուի հանդեպ իր գրգռվածության և անբարյացակամության միջոցով հոգեբանը հասկանում է, որ գործ ունի տագնապային այցելուի հետ։

 


Տագնապը կարող է դրսևորվել նաև որպես շատախոսություն, որի միջոցով այցելուն պաշտպանվում է, թաքնվում է իր տագնապից։ Տագնապային այցելուները ոչ միայն շատախոսում են, այլև անընդհատ ընդհատում են կոնսուլտանտին, ասես չեն լսում նրա խոսքերը։ Սա ևս տագնապից խույս տալու ձև է, որր, բնականաբար, ֆրուստրացնում է կոնսուլտանտին։

 


Կոնսուլտանտը պետք է կարողանա տարբեր դիմակների տակ ճանաչել տագնապայնությունը։ Մարմնական գանգատներից և փոխակերպված ապրումներից բացի տագնապը դրսևորվում է նաև կպչուն գործողությունների տեսքով՝ մատներով թմբկահարելը, կոճակներր ձգել-պտտելը, աչքերը արագ-արագ թարթելր, քորելը, չափից շատ ուտելը, չափազանց շատ խմելը կամ ծխելը, ինչ-որ իրեր գնելու կպչուն ցանկությունր և այլն։
Տագնապայնությունը ճանաչելու համար կոնսուլտանտից առանձնակի զգայունություն չի պահանջվում, քանի որ այդ դրսևորումները լավ արտահայտված են։

Պարզապես պետք է հիշել, որ տագնապր տարբեր «դեմքերով» է հանդես գալիս, դրսևորվում է սոմատիկ գանգատներով, որպես փոխակերպված այլ զգացումներ, կպչուն գործողություններ, շատախոսություն, կոնսուլտանտի հանդեպ քողարկված անբարյացակամություն և այլն։

Քողարկված անբարյացակամությունը կարող է դրսևորվել որպես կոնսուլտանտին շեղելու ձգտում։ Տղամարդ այցելուները ձգտում են ընկերանալ նրա հետ, հրավիրել մի բաժակ սուրճի, իսկ կին այցելուները սկսում են ընդգծել իրենց գրավչությունը, աշխատելով  դուր գալ։ Կոնսուլտատիվ հարաբերություններից այդ ձևով շեղելը նպատակ ունի կոնսուլտանտին իր դերից զրկել, ոչնչացնել նրան որպես կոնսուլտանտ։ Եթե կոնսուլտանտն ընդառաջ է գնում այցելուի այդ ձգտումներին, ապա թերապևտիկ կոնտակտը խաթարվում է:  

 


Այցելուի պաշտպանական մեխանիզմները ժամանակից շուտ ջարդելը խելամիտ չէ, և հարկավոր է համբերատար լինել:   Չէ՞ որ  գործ ունենք ճնշված անգիտակցական զգացումների հետ, և դրանց դրսևորման համար պաշտպանվածության մթնոլորտ  պետք է ստեղծել այցելուի համար։

Չդրսևորված տագնապը չափազանց մեծ է լինում։ Շատ կարևոր է թույլ տալ այցելուին, որ նա արտահայտի իր տագնապայնությունը: Անիմաստ է ճնշում գործադրել այցելուի վրա։ Չնայած աագնապային այցելուն հաճախ է զայրացնում կոնսուլտանտին, վերջինս պետք է հասկանա դրա պատճառները  հանդուրժող ու համբերատար լինի։


Քանի որ տագնապայնությունը ներքին կոնֆլիկտի մասնատվածության հետևանք է, ապա առավել արդյունավետ են այն տեխնիկաներր, որոնց միջոցով այցելուն արտահայտում, գիտակցում և ինտեգրացնում է իր կոնֆլիկտները։