Ղեկավարման տեխննիկա 

Թերապևտիկ գործրնթացում ղեկավարում ասելով նկատի ունեն այն, թե կոնսուլտանտն ինչ չափով է ուղղորդում այցելուի մտքերն ու գործողությունները, որքանով է նրան մղում ընդունելու իր առաջարկած մոտեցումներն ու պատկերացումները։ "Մղել" բառն այստեղ չպետք է հասկանալ որպես ուժային ճնշում։ Ուժային մեթոդները, մանիպուլյացիաները և հոգեբանական հարկադրանքը թերապիայում բացառվում են։ Խոսքը գնում է այցելուին առաջնորդելու մասին։ Կոնսուլտանտն այցելուին առաջարկում է ինչ-որ բան, իսկ այցելուն հետևում է նրան՝ առաջարկի իմաստն ըմբռնելու հիման վրա։ Թերապիան համատեղ գործունեություն է, որի ընթացքում կոնսուլտանտն առաջնորդում է այցելուին, ցուցումներ է տալիս, մատնանշում է հաջորդ քայլը կամ մոտեցումը, որն այցելուն պատրաստ է ընդունել և հավանություն տալ։ Ղեկավարման միջոցով ուղղություն է տրվում այցելուի գործողություններին և ապահովում է գործրնթացի կառավարելիությունը։ Երբեմն, որպես "ղեկավարում" հասկացության համարժեք՝ գործածում են ճնշում բառը, որը մեր կարծիքով հանձնարարելի չէ։ Այսպիսով՝ «ղեկավարում« հասկացությամբ նկարագրվում է այն, թե կոնսուլտանտն ինչ չափով է ազդում այցելուի կամ գործընթացի վրա։

 

Լռելը նույնպես ղեկավարման ձև է, քանի որ այդպիսով  կոնսուլտանտր զգացնել է տալիս, որ զրույցն ընթանում է ճիշտ ուղղությամբ: 
Ղեկավարման այս կամ այն աստիճան մշտապես առկա է գործընթացում, քանի որ նույնիսկ լռությունը ղեկավարման ձև է (այցելուն կոնսուլտանտի լռությունն ընկալում է որպես իր ներկայացրած նյութի կարևորության հաստատում և շարունակում է խոսել այդ թեմայի շուրջ)։




Հավանություն տալու, խրախուսման տեխնիկա

 


Թերապևտիկ զրույցների կարևոր պահերից մեկը լինելով՝ այս տեխնիկան բավական պարզ է գործադրման առումով և առանձնահատուկ վարպետություն չի պահանջում։ Այս տեխնիկան իրենից ներկայացնում է "այո՛- այո՛", "ըհը", "շարունակեք՛ խնդրեմ", "այո՛", " ես տեսնում եմ, որ..." և նման տիպի կարճ արտահայտություններ կամ պարզ ձայնարկումներ, որոնք քաջալերում են այցելուին։ 
 Այս տեխնիկայի միջոցով կոնսուլտանտն արտահայտում է թույլտվության և խրախուսանքի իր դիրքորոշումը, որն այցելուին օգնում է հաղթահարել իր կասկածները , հաղթահարել իր տագնապն ու ներքին լարվածությունր։

Այս տեխնիկան կիրառվում է թերապևտիկ գործրնթացի հիմնականում վաղ փուլերում, քանի դեռ այցելուներր ավելի շատ մտքեր ու դատողություններ են ներկայացնում, այսպես ասած զուտ բովանդակային նյութ, որը չի ուղեկցվում համապատասխան հույզերով և զգացումներով։ Քանի դեռ այցելուն ապրումների փոխարեն գերազանցապես մտքեր և դատողություններ է ներկայացնում, թերապևտիկ գործրնթացում ոչ մի լուրջ բան տեղի չի ունենում, թերապիայի առումով նշանակալի ոչ մի քայլ չի արվում։

Թերապիայի առումով առավել կարևոր, առավել արժեքավոր նյութը հենց զգացումներն են, հույզերը, և թերապևտիկ աշխատանքը հենց այդ նյութի հետ է արվում։ Հույզերն ու զգացումները կարևոր են ինչպես դրանց արտահայտման, այնպես էլ դրանց իմաստավորման, ինքնահասկացման առումով։ Կուտակված զգացումների արտահայտումը հոգեկան վիճակների կարգավորման և նորմալացման ճանապարհն է։ Այսինքն՝ զգացումների ազատ արտահայտումն ինքնին թերապևտիկ է։

Եթե այցելուն, գիտակցելով հանդերձ հույզերի ու զգացումների քննարկման անհրաժեշտությունը, խուսափում է դրանից, ապա դա դիմադրություն է։ Այսպիսով՝ թերապիայի վաղ փուլերում խրախուսման տեխնիկայի գործադրումր նպատակ ունի խթանել այցելուի ինքնաարտահայտումը։ Այն նպաստում է զրույցն անհրաժեշտ ուղղությամբ շարունակելուն և ոչ պարզ հարցերի ու մտքերի քննարկմանը։  

 


Քաջալերանքի տեխնիկան բաղկացած է երեք հիմնական տարրերից։

 

Առաջինը դեմքի արտահայտությանն է:   Կոնսուլտանտի հայացքը պետք է անկեղծ և շահագրգիռ հետաքրքրություն արտահայտի։ Դեմքի շինծու արտահայտությունն անմիջապես կնկատվի այցելուի կողմից, քանի որ նրանք շատ զգայուն են լինում կոնսուլտանտի ցանկացած դրսևորման նկատմամբ։

 

Երկրորդը ձայնի ինտոնացիան է և նրա ուժգնությանը: Կոնսուլտանտը չպետք է խոսի տիրական, շատ բարձր ձայնով։

 

Երրորդ բաղկացուցիչ տարրը կոնսուլտանտի կեցվածքն է և նրա հեռավորությանը այցելուից: Հարկավոր է նստել այցելուին հարմար որոշակի հեռավորության վրա, անկեղծ հետաքրքրություն զգալիս մարդիկ փոքր-ինչ հակվում են առաջ (դեպի զրուցակիցը), ընդ որում, գլուխը նույնպես փոքր-ինչ թեքվում է մի կողմի վրա։

Հիսաթափվելիս կամ անհամաձայնության դեպքում, ընդհակառակը, ետ են ընկնում աթոռի թիկնակին։   Կոնսուլտանտի կողմից բացասական մի ժեստը նրանք կարող են մեկնաբանել որպես մերժում, դատապարտում կամ հետաքրքրության բացակայություն։

Հորանջելը, փակ կեցվածքով նստելը, բազկաթոռի արմնկակալները սեղմելը, տեղից վեր կենալու ցանկություն արտահայտող կեցվածքը (ստարտային կեցվածք), կողմնակի առիթներով զրույցն ընդհատելը, այս բոլորը բացասական տրամադրվածության օրինակներ են, որոնք այցելուի կողմից ընկալվում են որպես հետաքրքրության բացակայություն։



Հանգստացման տեխնիկա


 
Թերապևտիկ գործընթացին բնորոշ է հուզական հագեցվածությունը, և դա բնական է։ Այցելուի պրոբլեմներն առավելապես բացասական հույզեր են առաջացնում։ Ակնհայտ է, որ բացասական հույզեր ունենալիս, մանավանդ երբ դրանք ինտենսիվ են լինում, մարդիկ աջակցության կարիք են զգում, այդ պատճառով էլ աջակցության դրսևորումը թերապիայի անհրաժեշտ բաղադրամասն է կազմում։ Աջակցության դրսևորումներից մեկն էլ հանգստացումն է։ Ինքնահասկացման և նպատակաոպղված քայլերի դիմելու համար նախ հարկավոր է ազատվել ինտենսիվ հույզերից և ներքուստ խաղաղվել։ Հենց այդ նպատակն էլ հետապնդում է հանգստացման տեխնիկայի գործադրումը։  

 


Լարվածության և տագնապի զգացումը կարգավորելուց բացի, հանգստացումն այլ նշանակություն էլ ունի։ Այցելուին հանգստացնելով՝ հնարավոր է դառնում ուսումնասիրել նոր գաղափարներ և մոտեցումներ, ինչպես նաև վարքի զանազան շեղումներ, որոնցից այցելուն ամաչում է կամ լարվածություն է զգում, քանի որ դրանք համարում է ոչ նորմալ և անընդունելի։ Այսպիսով՝ հանգստացումը հնարավորություն է տալիս միառժամանակ հավասարակշռություն պահպանել և օբյեկտիվ հետազոտություն կատարել։ Այդ առումով հանգստացումը ժամանակավոր, օժանդակ հնարք է, որի անհրաժեշտությունը հետագայում վերանում է։  

 


Այցելուի հետ համաձայնվելը ե նրան հավանություն տալը (թեկուզ ոչ բառային միջոցներով, օրինակ՝ գլխի հաստատական շարժումով) հանգստացման ձևերից մեկն է։ Դա վստահություն է հաղորդում այցելուին, քանի որ նա զգում է, որ ճիշտ է վարվում կամ ճիշտ ուղու վրա է գտնվում։ Թերապիայի նախնական փուլերում կոնսուլտանտը հեղինակություն է այցելուի համար, այդ պատճառով էլ այցելուները խիստ զգուշավոր են լինում իրենց դրսևորումներում, համապատասխան թեմա ընտրելիս կամ իրենց զգացումների դրսևորման մեջ։ Հավանություն տալով այցելուին՝ զրույցն այդպիսով ուղղորդվում է ցանկալի ուղղությամբ։
Կոնսուլտանտի իրատեսական, հիմնավորված վստահությունը, նրա լավատեսությունը և դրական, ընդունող դիրքորոշումները նույնպես հանգստացնող ազդեցություն են գործում։
Հետևանքների բացատրումը ևս հանգստացման ձևերից է :
Հուզական մեծ լարվածության և ինտենսիվ ապրումների պատճառով այցելուներին երբեմն թվում է, որ իրենց չափազանց ծանր փորձություն է բաժին ընկել, որ իրենց պրոբլեմները բացառիկ են, կամ իրավիճակը հղի է վատ հետևանքներով։ Հաճախ նրանք կորցնում են իրենց, խուճապի մատնվում հարկավոր է հանգստացնել նրանց:



Ստրուկտուրավորման տեխնիկա



Թերապիայի գործրնթացը համատեղ գործունեություն է, որում հաջողությունը ձեռք է բերվում երկուստեք գործադրվող ջանքերի շնորհիվ։ Այցելուի դերը թերապիայում բնավ պասիվ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Որքան էլ որ հմուտ լինի կոնսուլտանտը և ինչպիսի վարպետությամբ էլ նա գործադրի թերապևտիկ տեխնիկաներր, հնարավոր չէ հաջողության հասնել, եթե այցելուն պասիվ, կրավորական դիրք է գրավում, չի ձգտում ներքնապես փոխվել և համապատասխան ջանքեր չի գործադրում այդ ուղղությամբ։ Այլ կերպ ասած, մարդուն հնարավոր չէ օգնել քանի դեռ նա ինքը չի ուզում օգնել իրեն և բավականաչափ ակտիվություն չի ցուցաբերում այդ գործում։

Ոչ ոք չի կարող հարկադրաբար ստիպել մարդուն ներքուստ փոխվել, կատարել իր ընտրությունը, որոշում կայացնել, եթե մարդն ինքը չի ցանկանում դա։

Թերապիայի նպատակր որոշակի է՝ ընդամենը պայմաններ ստեղծել, որոնց առկայությամբ մարդն ի վիճակի է դառնում կատարել իր ընտրությունը։ Թերապևտն ընդամենը պայմաններ է ստեղծում այցելուի մոտ ներքին փոփոխությունների առաջացման համար, բայց բուն այդ փոփոխություններր իրականացնել նա չի կարող։ Դա կախված է միայն այցելուից։   Այցելուների մի զգալի մասը   պատկերացում չունի հոգեթերապիայի էության և նրա բովանդակության մասին։ Նրանք չգիտեն, թե ինչպես և ինչ ձևերով թերապևտը կարող է օգնել իրենց։  Թերապիայի էության մասին նրանց պատկերացումներն առավել հաճախ մակերեսային են, աղոտ, հաճախ էլ՝ պարզապես սխալ։ Եվ քանի որ նրանք չեն պատկերացնում իրենց անելիքը թերապևտիկ սեանսների ժամանակ, անհրաժեշտություն է առաջանում թերապիայի էության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ հաղորդել նրանց։ Դա իրականացվում է ստրուկտուրավորման տեխնիկայի գործադրման միջոցով։

 

Որոշակի պատկերացումներ ունենալով թերապիայի գործընթացի մասին՝ այցելուն հասկանում է, թե ինքն ինչ կարող է սպասել թերապիայի գործընթացի արդյունքում, և որն է լինելու իր անելիքը հանդիպումների ժամանակ։ Այսպիսով՝ ստրուկտուրավորման միջոցով որոշակիացվում է թերապիայի գործրնթացի էությունը, նրա սահմանները, նպատակները, դերերը և փոխհարաբերությունները, ինչպես նաև այդ նպատակների ձեռքբերման ձևերն ու միջոցները։  

 


Ստրուկտուրավորման նշանակությունր թերապիայում անչափ մեծ է։ Ոչ ճիշտ կամ ոչ բավարար ստրուկտուրավորումը թերապևտիկ գործընթացը դատապարտում է անհաջողության։ Ստրուկտուրավորման նշանակությունն ավելի է մեծանում մեր իրականության մեջ, քանի որ մեզանում այցելուների մեծամասնությունը բավարար պատկերացում չունի թերապիայի գործընթացի վերաբերյալ, այդ պատճառով էլ այս տեխնիկան ստորև քննության կառնենք հանգամանալի կերպով։