Տագնապը անհանգստության էպիզոդիկ դրսևորում է, որի ֆիզիոլոգիական դրսևորումներից են սրտի բախոցների հաճախացումը, մակերեսային շնչառությունը, բերանի չորանալը, ոտքերի թուլությունը։ Տագնապի եզակի կամ մասնակի դրսևորումները կարող են վերածվել կայուն վիճակների, որոնք ստացել են տագնապայնություն անվանումը:


Պետք է տարանջատել տագնապ և վախ հասկացությունները,   տագնապը բաղկացած է մի շարք հույզերից, որոնցից  է վախը, սակայն տագնապային ապրումներում կարող են առկա լինել տխրությունը, մեղքը, ամոթը և այլն։
Տագնապայնությունը կարևոր տեղ է զբաղեցնում ինչպես նորմալ, այնպես էլ ախտաբանական բնույթ ունցող հոգեդինամիկայում։ Տագնապը նախազգուշացնում է վտանգի մասին, այն նման է վախին, սակայն ավելի շատ ներքին պայմանավորվածություն ունի և կապվում է արտաքին օբյեկտների հետ այնքանով, որքանով նրանք միանման են ներքին կոնֆլիկտներով։ Հաճախ այն դիտարկում են որպես ոչ առարկայական վախ։ Տագնապայնությունն ավելի երկարատև է, մշտապես կրկնվում է։


Տագնապ հաճախ զուգակցվում է ֆիզիկական զգացողությունների հետ։  Տագնապայնությունը ավելի հաճախ է հանդիպում անբարեկեցիկ կենսական իրադրություններում, երբ մշտական սպառնալիք կա մարդու կարգավիճակին, սա յուրօրինակ ֆոբիա` վախ է։ Այս տիպի մարդկանց հետ  բարդ է և հոգնեցուցիչ, քանի որ այցելուն դժվարանում է բացատրել, թե ինչ է թաքնված այդ տագնապի հիմքում։
 Հոգեբանը պետք է կարողանա ճանաչել տագնապի դրսևորումները, պատճառները, քանզի տագնապը հաճախ կերպարանափոխվում է։ 


  Տագնապը քողարկվում է որոշակի գործողություններով, սևեռուն մտքերով։ Տագնապը կարող է թաքնվել գրգռվողականության ագրեսիվության, թշնամանքի հետևում։   Շատախոսությունը նույնպես տագնապի դրսևորման ձևերից է։ Պետք չէ փորձել ընդհատել բառերի հոսքը, այլ պետք է ուշադրություն դարձնել դրանց հիմքում ընկած տագնապին։


Որոշ այցելուներ տագնապը հաղթահարելու կամ ավելի ճիշտ՝ քողարկելու համար հաճախակի ընդհատում են հոգեբանին։ Ավելի դժվար են այն դեպքերը, երբ այցելուն չի խոսում,  սակայն ընդհատում է, երբ հոգեբանր սկսում է խոսել։ Այստեղ հարկ է միանգամից այցելուի ուշադրությունը հրավիրել նման վարքի անթույլատրելիության վրա։ Բայց պետք է նաև ուշադիր լինել, քանի որ ընդհատումը կարող է կապված լինել որևէ հարցից վախի հետ։ Երբեմն այցելուի կողմից կիրառվում է նաև հետևյալ "հնարքը", ցուցադրական բաց ձևով պատմում է պրոբլեմի մասին և հարցնում, թե ինչ անել։ Սա կարող է թշնամանքի արդյունք լինելն պետք է դրա վրա հրավիրել այցելուի ուշադրությունը:


Տագնապը կարող է խթանել նաև դիմադրությունը։ Ըստ էության տեղի է ունենում ներքին կոնֆլիկտների գիտակցման դիմադրություն, այնուհետև՝ տագնապ։ Դիմադրելով՝ այցելուն փորձում է վերահսկել իր բացվածությունը, արտահայտել միայն ցենզուրայով անցած մտքերն ու զգացմունքները, լինել հնարավորինս չանձնավորված։ Հոգեբանի դիտողությունները պետք է ուղղված լինեն այցելուի  խուսափման ստրատեգիային:   Շատ կարևոր է թույլ տալ արտահայտել տագնապ, քանի որ տագնապային այցելուները գրեթե ոչինչ չեն լսում։ Երբ այն բառային տեսք է ստանում, այն ընկալելի է դառնում և զգալիորեն նվազում է նրա ապակառուցողական ուժը։


Մենք արդեն նշել ենք, որ տագնապին մոտ է վախը։ Սակայն տագնապր կոնկրետ օբյեկտի չունի։
Վախը կենսաբանական նշանակություն ունի, քանի որ պահպանում է վտանգներից։ Հոգեբանական աշխատանքում հանդիպում են վախի երկու դեպքեր՝ նորմալ և անոմալ, որը սովորաբար անվանում են ֆոբիա։ Արդյունավետ հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պատկերացում ունենալ վախերի հոգեդինամիկայի մասին։ Հաճախ այցելուները դիմում են կոնկրետ վախերի պատճառով՝ կապված տարբեր իրադարձությունների հետ։ Նման դեպքերում հարկ է օգնել այցելուին հասկանալու իրադարձության իմաստը, հասկանալ, թե որքանով է այդ իրադարձությունից վախը համարժեք և արդարացված։  Նախևառաջ պետք է իմանալ, որ կարիք չկա օգնել այցելուին՝ ամբողջովին ազատվելու իր վախերից, ինչպես նաև թաքցնել ինֆորմացիան։


Առավել դժվար է ֆոբիաների հետ աշխատանքը։ Դրանց հիմքը խոր թաքնված աագնապն է։ Դրա էությունը տագնապի փոխարինումն է այլ օբյեկտով։ Հոգեբանը չպետք է շտապի, քանի որ միևնույն ֆոբիայի հիմքում կարող են լինել տարբեր կոնֆլիկտներ։
Ֆոբիաների առկայությամբ նևրոտիկ վարքի համար բնորոշ է տագնապից խուսափումը։ Ուստի նման այցելուները հաճախ խոսում են  վախերի մասին, սակայն խուսափում են կոնֆլիկտների մասին խոսելուց։ Դա կարող է դրսևորվել պրոբլեմի նախապատմության մանրամասների մոռացման, օրինակ՝ հարաբերությունների փոփոխության, կամ նույնիսկ իր մասին խոսելուց խուսափելու ձեով։


 Ֆոբիաների դրսևորման ձևերից է նաև ինքնաբուժմամբ զբաղվելը։ Պետք է հասկանալ, թե ինչպիսի երկրորդային օգուտ է քաղում մարդը խուսափումից։ Հաճախ կարող է տագնապը համակել նաև հոգեբանին, ինչը վկայում է, որ այցելուն հասել է իր ապակառուցողական նպատակին։