Հետսթրեսային հոգեվիճակների հաղթահարման ռազմավարությունը, անկախ կիրառվող թերապևտիկ կամ հոգեշտկողական մեթոդներից, ունի մի շարք յուրահատկություններ։ Առաջին հերթին պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մեծ է այցելուների կողմից աշխատանքն ընդհատելու հավանականությունը, որը պայմանավորված է հաճախակի վերհուշի դրսևորումներով, ինչպես նաև այն հանգամանքով, որ էապես խաթարվել է նրանց վստահությունը։ Այսինքն՝ այս մարդիկ անհնար են համարում կրկին որևէ մեկին հավատալ՝ վախենալով նորից ենթարկվել հոգեկան ցնցումների։ Դա որոշ չափով արդարացված է հատկապես մարդածին աղետների ենթարկված մարդկանց համար։ Անվստահությունը կարող է արտահայտվել կասկածամտության ձևով, և հոգեբանի կողմից չնչին չհասկացումը ամրապնդում է նրանց օտարացման զգացումը։


Արտակարգ իրավիճակների ներգործությանը ենթարկված անձանց հետ աշխատանքում առկա են ևս մի շարք դժվարություններ, որոնք ունեն որոշակի պատճառներ.


. Այս մարդիկ հավատացած են, որ պետք է իրենց ուժերով ապրումները դեն նետել գլխից։ Այս ձգտումը խթանում են նաև շրջապատողները :


. Սեփական ապրումները էքստեռնալիզացվում են. մարդիկ մնում են այն համոզմունքին, որ գոյություն ունի տրավմայի արտաքին պատճառ (մեղավորներ) և դրան հետևող ապրումները նույնպես ընկած են նրանց վերահսկողության ոլորտից դուրս։


. Հետսթրեսային դրսևորումները (գիշերային մղձավանջներ, ֆոբիաներ, վախեր, վերհուշեր և այլն) բավականաչափ տառապանք են պատճառում, սակայն անհատը չգիտի, որ դրանք պրոբլեմի մասն են կազմում և հաղթահարելի են։


. Շատերը համոզված են , որ ֆինանսական կամ այլաբնույթ փոխհատուցման իրավունք ունեն և հաճախ հոգեբանին են դիմում այդ իրավունքի հաստատման թաքուն կամ ակնհայտ ակնկալիքով։


Այսպիսով, որպես թերապիայի նպատակ՝ հանդես է գալիս ոչ թե անձի վերափոխումը, այլ "ես"-ի և աշխարհի կոգնիտիվ և հուզական ինտեգրացիան, որը հնարավորություն է տալիս հաղթահարել հետսթրեսային վիճակը։
Քանի որ արտակարգ իրավիճակների ներգործության հետևանքների հաղթահարման ժամանակ հոգեբանական գործոնը վճռորոշ դեր է կատարում, ապա հոգեշտկողական աշխատանքը հաճախ համընկնում է հոգեթերապիայի նպատակներին:


Աշխատանքում հոգեբանը կամ հոգեթերապևտը առաջին իսկ հանդիպման ժամանակ պետք է ձգտի հետևյալ նպատակների իրականացմանը՝ հուսալի և վստահելի վտխհարաբերությունների ստեղծում, այցելոփն տեղեկատվության հաղորդում պրոբլեմի բնույթի և հոգեբանական միջամտության հնարավորությունների մասին, այցելուին նախապատրաստում հետագա աշխատանքի համար, մասնավորապես՝ տրավմատիկ ապրումներին կրկին անդրադառնալու նախապատրաստում։

 
Այցելուի հոգեցնցող իրադարձության մասին պատմելու կարողությունը ուղիղ համեմատական է հոգեբանի՝ նրան լսելու ընդունակությանը։ Մերժման կամ թերագնահատման ցանկացած նշան կարող է այցելուի կողմից որակվել որպես իրեն օգնելու անկարողություն։
 էմպատիկ հոգեբանը խրախուսում է աղետալի իրադարձությունների մասին պատմությունը՝ չշեղվելով, չդրսևորելով հոգեկան ցնցվածություն։ Հակառակ դեպքում այցելուի մոտ այնպիսի զգացում է առաջանում, որ ապրումները անտանելի են հոգեբանի համար, և նա իրեն կարղ է չհասկացված զգալ։


Ընդհանուր առմամբ արտակարգ իրավիճակների ներգործության հետևանքով բացասական հոգեվիճակների հաղթահարման նպատակով հոգեբանական աշխատանքի ընթացքում հարկ է կատարել հետնյալ պայմանները.


. աստիճանաբար շահել այցելոփ վստահությունը՝ հաշվի առնելով աշխարհի նկատմամբ վստահության կորուստը


. հրաժարվել ախտորոշիչ ընթացակարգերից և մի շարք ձևականություններից հոգեցնցող իրադարձությունների մասին պատմելուց առաջ


. հոգեբանական աշխատանքի ընթացքում ստեղծել հուսալի շրջապատ այցելուի համար


. հստակ կատարել այն ծեսերը, որոնք նպաստում են այցելուի անվտանգության պահանջմունքի բավարարմանը


. քննարկել և բացառել այցելուի կյանքում իրական վտանգները։


Հարկ է նշել նաև, որ աշխատանքում հնարավոր են նաև խնդիրներ՝ կապված հոգեբանի մոտ առկա դժվարությունների հետ։ Առաջին հերթին հոգեբանը պետք է հուզականորեն և մտավոր ունակություններով պատրաստ լինի բախվել աշխարհի ողբերգականության և չարիքի հետ։

 
 Հոգեբանի անվստահության դրսևորումները պայմանավորված են սթրեսը խորացնելու մտավախությամբ։ Այնինչ դա անհրաժեշտ է, և հակառակ դեպքում այցելուի մոտ կասկածներ կարոդ են առաջանալ հոգեբանի մտահասության վերաբերյալ։
Սակայն այցելուների մեծամասնությունը սովորաբար կարողանում են տանել հոգեբանի հույզերի կարճատև դրսևորումները այն պայմանով, որ նա նորից կվերադառնա իր դերին։
 Շատ ուժեղ հուզական հակազդումը վնասակար է գրեթե այնքան, որքան թույլ հուզական հակազդումների ազդեցությունը։