Փիլիսոփայության և հոգեբանության համար ինքնասպանության հարցը երբեք երկրորդական չի եղել, քանի որ վերջինիս լուծումից է կախված այնպիսի կարևորագույն հարցերի պատասխանները, ինչպիսիք են մարդկային կյանքի իմաստը, ընտրության և կամքի սւգատությունը և, ընդհանուր առմամբ, անձի ազատության հարցը: Արդյո՞ք մարդն ազատ է իր գործոդություններում, թե՞ ընդամենը կամազուրկ, անզոր խաղալիք է նախախնամության, պատահական հանգամանքների ձեռքում: Թվում է՝ առողջ բանականությունը հուշում է, որ մարդու ձեռքում է եթե ոչ կյանքի, ապա գոնե մահվան ընտրության հարցը: Մենք կարող ենք չգոհանալ մեր կյանքով, ընդվզել նրա դեմ, ատել այն, բայց մեր մահվան իրավունքը մեր ձեռքից ոչ ոք չի կարող վերցնել: Ինասպանության երևույթի կողմնակիցների և հակառակորդների միջև բանավեճը շարունակվում է արդեն երկուսուկես հազարամյակ: Ինքնակամ ձևով կյանքից հեռանալու մարդկային իրավունքը պաշտպանում են բավականին հայտնի մտածողներ:
 
"Կյանքը կախված է ուրիշների կամքից, իսկ մահը մեզանից": Փոքրաթիվ չեն նաև ինքնասպանությունը դատապարտողները:
Ինքնասպանությունը դասվում է կյանքի այն բարդ երևույթների թվին, որոնք իրենց նկատմամբ առաջացնում են ամբիվալենտ (երկակի) վերաբերմունք: Մի կողմից ինքնասպանություն կատարած մարդն իր նկատմամբ առաջացնում է խղճահարություն /ինքնասպանը նախ և առաջ դժբախտ մարդ է/, իսկ ինքնասպանության փաստը առաջացնում է վախ, տագնապ, զայրույթ, ընկալվում է որպես մեղք Աստծո դեմ որպես հանցագործություն: Կարելի է կարեկցել ինքնասպանին, բայց ոչ ինքնասպանությանը: Ինքնասպանությունը մի կողմից Աստվածային և մարդկային օրենքների խախտում է, մյուս կողմից բռնակալություն ոչ միայն կյանքի, այլ նաև մահվան հանդեպ, իսկ մեկ այլ տեսանկյունից ընդամենը մարդկային ազատ ընտրության իրավունքի դրսևորում:

Ինքնաոչնչացումը մարդու կենսական ընտրություններից մեկն է: Ինչպես գրում է "Սուիցիդ և մասսայական սուիցիդ" գրքի հեղինակ Ջոստ Մերլոն. "Մարդկանց 80 % - ն ընդունում են, որ իրենք "խաղացել են" սուիցիդալ մտքերի հետ: Ոչ մի մարդկային խումբ, ազգություն կամ դաս ազատված չէ հասարակության այս աններելի մեղքից: Բոլորն էլ ունեն ինքնաոչնչացման ձգտում, որը սակայն, տարբեր մարդկանց մոտ դրսևորվում է տարբեր ինտենսիվությամբ": Մեռնելու ցանկությունը հաճախ է դրսևորվում երեխաների շրջանում, իսկ սուիցիդալ երևակայական մտքերը լիովին բնական են չափահասների համար: Այս դատողությունը հիմնավորվում է նրանով, որ մեզանից յուրաքանչյուրի անգիտակցականում գործում է "բռնակալ Տանատոսի իշխանությունը", որն ամեն կերպ փորձում է "գահընկեց անել կենսատու էրոսին" և մարդուն հավիտյան գցել իր անելանելի ճիրանների մեջ :

Թեև յուրաքանչյուր ինքնասպանություն բազմաբովանդակ երևույթ է և ունի իր կենսաբանական, կենսաքիմիական, փիլիսոփայական, միջանձնային, մշակութային, սոցիոլոգիական, ներհոգեկան, տրամաբանական, գիտակցական և անգիտակցական բաղադրատարրերը, այնուամենայնիվ այս երևույթի մանրամասն վերլուծական դեպքքում առաջին պլան է մղվում նրա հոգեբանական բնույթը, սա իցիդենտի հոգեկան վիճակը: Այլ կերպ ւսսած յուրաքանչյուր սուիցիդալ դրամայում գործողությունը տեղի է ունենում մարդու յուրատիպ հոգում :

Հայտնի է, որ կյանքը հազվադեպ է լինում հաճելի: Հաճախ այն լինում է դժգույն և դժվար: Կյանքի դրական կողմերն իրենց մեջ ներառում են ուրախությունն ու երջանկությունը, բավարարվածությունն ու բարեկեցությունը, հաջողութիւնն ու հարմարությունը, ստեղծագործական էներգիան ու ֆիզիկական առողջությունը,հույսը, հավատը, սերն ու փոխըմբռնումը: Դրանք բոլորն էլ իրենցից ներկայացնում են մի մեծ քաղաքի (եթե մարդու կյանքի ուղին պատկերենք քաղաքի տեսքով) երջանիկ ու ոգևորող փողոցներն ու խաչմերուկները: Սակայն այդ քաղաքի մեծ մասը կազմում են միօրինակ, առօրյա, սովորական, հուզականորեն չեզոք ճանապարհները, որոնցով արագ անցնում է կյանքը և վերածվում անխորհուրդ ճանապարհորդության:

Ավելին գոյություն ունեն նաև կյանքի դրամատիկ կողմեր վիշտ, թախիծ, ամոթ, ստորացում, կործանում, անկում, անհաջողություն, տառապանք, որոնք այդ լուսավոր քաղաքի բազմաքանակ և մութ անկյուններն են: Երբ ընկնում ենք այդ մութ անկյուններից որևէ մեկի մեջ և չենք կարողանում ելքը գտնել մեզ պատում է վախը, խուճապը, թախիծն ու տառապանքը: Այդ չընդհատվող տառապանքն, ի վերջո, առաջացնում է հոգեկան ցավ, որը լինելով բացասական հույզերի ծնունդ, կաթիլ առ կաթիլ սպառում է ուժերդ:
Հենց այսպիսի դեպքերում մարդն սկսում է խորհել կյանքի անիմաստության մասին: Եթե միաժամանակ կորցնում է և հույսը, ապա ինքնասպանությունը դառնում է անխուսափելի: Ինքնասպանությունը բողոք է ոչ միայն հասարակության այլ նաև կյանքի դեմ: Դա ոչ թե ձգտում է դեպի մահը, այլ ապրելու անկարողություն:

Ինքնասպանությունը ենթադրում է կյանքի և մահվան դաժան մենամարտ, որի ընթացքում պարտության է մատնվում այն ամենը, ինչը նրան պահում էր այս աշխարհում :Եթե մարդը որոշում է վերջ տալ իր կյանքին, դա նշանակում է, որ նրա գիտակցության մեջ լուրջ փոփոխության է ենթարկվել մի այնպիսի հիմնարար կատեգորիա, ինչպիսին է կյանքի իմաստը:
Մարդը յուրաքանչյուր դժվարություն, տառապանք կկարողանա տանել, եթե դրանում իմաստ տեսնի:Սակայն կյանքի իմաստի կորուստը անհրաժեշտ, բայց բավարար պատճառ չէ սուիցիդալ վարքի համար:

Անհրաժեշտ է նաև մահվան գնահատում: Մահը պետք է ձեռք բերի բարոյական իմաստ: Փաստորեն կյանքը սպառում է իր նկատմամբ դրական վերաբերմունքը և ընկալվում բացասականորեն, միաժամանակ հակառակ երևույթն է տեղի ունենում մահվան նկատմամբ: Այս պարագայում մահվան մասին պատկերացումը կարող է դառնալ գործունեության նպատակ և վերջինիս իրագործման պլանի մշակման հիմք:
Ինքնասպանության հոգեբանությունն, առաջին հերթին, անհուսալիության հոգեբանություն է:

Ինքնասպանությունը կատարվում է կյանքի յուրահատուկ, բացառիկ րոպեներին, երբ սև ամպերը պատում են հոգիդ, կորցնում ես հույսի վերջին նշույլը: Այդ ժամանակ մարում է ամեն ինչ, արևը չի փայլում, աստղերը չեն առկայծում, կյանքը պարփակվում է մի սև կետի մեջ, որից հնարավոր չի լինում դուրս գալ: Հույսի առկայության դեպքում կարելի է տանել նույնիսկ ամենադժվար տառապանքը, իսկ հույսի կորուստը հանգեցնում է ինքնասպանության: Մարդը դառնում է այդ հոգեվիճակի գերին: Նա դադարում է տեսնել կյանքի իմաստը, ամեն ինչ պատվում է անհուսալիության, անիմաստության շղարշով, իսկ իմաստավորվածը դուրս է մղվում: Մարդը դառնում է ինքնամփոփ և չի կարողանում դուրս գալ իրենից: Դուրս գալու միակ ելքը համարում է ինքնասպանությունը: Այլ կերպ ասած ինքնասպանությունը էգոցենտրիկ վարք է, քանզի հաղթահարել ինքնասպանության ձգտումը, նշանակում է հաղթահարել էգոցենտրիզմը, մոռանալ իր մասին, մտածել ուրիշների և այլ երևույթների մասին, ուշադրությունը սևեռել բնության հրաշքների վրա, իր տառապանքների կողքին տեսնել նաև շրջապատող մարդկանց տխրությունն ու ուրախությունը:
Այսպիսով, հաղթահարել ինքնասպանության ցանկությունը, նշանակում է հաղթել իր ճակատագրի վրա աշխարհի ունեցած իշխանությանը, և սրանում է կայանում ինքնասպանության հիմնական պարադոքսը:


"Ինքնասպանի հոգեբանական առանձնահատկությունները"
Կամո Վարդանյան