Ճարպերի հետ մենք սննդի միջոցով ստանում ենք նաև ճարպանման նյութեր ստերիններ և Ֆոսֆոլիպիդներ։

Ֆոսֆոլիպիդներից լեցիտինը մեծ նշանակություն ունի ճարպային փոխանակության կարգավորման գործում, այն դասվում է սննդի լիպոտրոպ գործոնների շարքում` կանխում է լյարդի ճարպալին ինֆիլտրացիան, հակաաթերոգեն գործոն է, նրա սինթեզը օրգանիզմում լիմիտավորվում է խոլինով և ԳՉՃԹ-ներով։

Լեցիտինով հարուստ է ձուն, լյարդը, չռաֆինացված բուսական յուղերը։ Ստերինները լինում են ֆիտոստերիններ և զօօստերիններ։

Ֆիտոստերիններն ունեն կենսաբանական ազդեցություն՝ կարգավորում են խոլեստերինի և ճարպաթթուների փոխանակությունը: Հատկապես ակտիվ է B-սիտոստերինը, այն կա գետնանուշում (արախիսում), արևածաղկի, սոյայի, ձիթապտղի և եգիպտացորենի ձեթերում։ Այս միացությունները նման են խոլեստերինին և ճնշում են խոլեստերինի ներծծումը:

Կարևորագույն զօօստերին է խոլեստերինը, այն օրգանիզմ է մուտք գործում միայն կենդանական ծագում ունեցող մթերքներից, սակայն կարող է և սինթեզվել օրգանիզմում ճարպերից և ածխաջրերից: Խոլեստերինն ունի կարևոր ֆիզիոլոգիական նշանակություն, մտնում է բջիջների թաղանթների կազմի մեջ, նախանյութ է լեղաթթուների և բոլոր ստերոիդ հորմոնների և վիտամին D-ի համար։

Ասվածը վկայում է այն մասին, որ խոլեստերինը թույն չի և մարդկային ցեղի թշնամին չի, ինչպես երբեմն պնդում են հանրամատչելի գրականության մեջ։ Դա պայմանավորված է նրանով, որ խոլեստերինը դիտարկվում է կարևոր գործոն աթերոսկլերզի ձևավորման և զարգացման մեջ։ Օրգանիզմի օրական պահանջը խոլեստերինի նկատմամբ 0,2-0,5 գ. է։ Խոլեստերինով հարուստ են ձուն, պանիրը, կարագը, որոշ ձկների յուղերը և այլն։

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am

Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: