Սեռական աններդաշնակության հոգեթերապևտիկ կարգավորման ուղիներն ու ձևերր կախված են նրա առաջացման պատճառներից: Նախ հստակեցվում է աններդաշնակության կոնկրետ ձևը և ըստ այդմ էլ անցկացվում է նպատակաուղղված հոգեթերապևտիկ կարգավորում։
Ամուսինների սեռական առողջության փսիխոթերապևտիկ կարգավորումը ունի իր յուրահատկությունները։ Առաջին հերթին այն պետք է անցկացվի համակցված և ուղղված լինի նևրոտիկ վիճակի վերականգնմանը։ Երկրորդ՝ բուժման և կարգավորման գործընթացում անպայման պետք է ընդգրկվի ամուսինը և հաշվի առնվեն զույգի միջանձնային հարաբերությունները։ Երրորդ՝ հատուկ նշանակություն ունի ամուսիններից յուրաքանչյուրի անձի խանգարման պատճառների ու պայմանների բացահայտումը։
Ամուսինների սոցիալ-հոգեբանական աններդաշնակությունների ժամանակ հոգեթերապիան պետք է ուղղված լինի ամուսինների՝ միմյանց նկատմամբ ունեցած բացասական էմոցիաների վերացմանր։ Ամբողջ հոգեթերապևտիկ կուրսը անցկացվում է չորս փուլով՝
1. Տեղեկատվական-բացատրողական փուլ։ Նպատակն է բարձրացնել ամուսինների միջանձնային հարաբերությունների մշակութային մակարդակը։
2. Ընտանեկան դրվածքի վերակառուցում։ Սրա խնդիրը նոր դրվածքի ձևավորումն է, որը պետք է բերի փոխադարձ հարմարվողականության։
3. Հարաբերությունների բարեփոխում։ Խնդիրը ամուսինների՝ միմյանց նկատմամբ առավելագույն հարմարվողական վարքի ձևավորումն է։
4. Պահպանողական հոգեթերապևտիկ կարգավորում։ Այս փուլի նպատակն է ստացված ցանկալի արդյունքների ամրապնդումը։ Ամուսնական զույգի սեռավարքային անհարմարվողականաթյան ժամանակ անհրաժեշտ է անցկացնել անհատական բացատրողական զրույցներ՝ սեռական ֆունկցիայի, նրա փուլերի մասին։
Այս դեպքում հոգեթերապևտիկ կարգավորումը անց է կացվում հինգ փուլով։
1. Տեղեկատվական-բացատրողական փուլ։ Այս փուլում անցկացվող զրույցները նպատակ ունեն սեռական վարքի մասին ամուսինների մոտ ձևավորել առողջ պատկերացումներ։
2. Անհատական հրահանգի փուլ, որի նպատակն է բարձրացնել ամուսինների հարմարվողականությունը։
3. Ամուսնական զույգի սեռական վարքի փնտրողական թրենինգ։ Խնդիրը՝ սեռական հարաբերության նախնական շրջանում, բուն ընթացքում և վերջնամասում ամենանպասաավոր տարբերակի ընտրությունն է։
4. Սեռական ռեակցիաներն ամրապնդող թրենինգ։ Նպատակն է ամրապնդել բարենպաստ հոգեբանական ազդեցությունները։
5. Կարգավորող հոգեթերապիայի պահպանողական փուլ։ Խնդիրն է ստեղծված մոդելի ամրապնդումը։ Այն իրականացվում է ամուսիններից յուրաքանչյուրի հետ անհատական, իսկ հետո՝ համատեղ զրույցների միջոցով։
Սեռական աններդաշնակության դեզինֆորմացիոն գնահատման տարբերակի ժամանակ պետք է անցկացվեն այնպիսի միջոցառումներ, որոնք ուղղված են ընդհանուր և սեքսուալ կուլտուրայի մակարդակի բարձրացմանը։
Այս դեպքում հոգեթերապևտիկ կարգավորումն անց է կացվում չորս փուլով։
1. Տեղեկատվական-բացատրողական փուլ։ Խնդիրն է տվյալ աններդաշնակության, սեռական նորմա և պաթոլոգիա հասկացությունների, սեռական ֆունկցիայի, նրա ֆիզիոլոգիական տատանումների մասին ճշգրիտ տեղեկություններ հաղորդելը։
2. Երկրորդ փուլը օգնում է ամուսիններին վերանայելու միմյանց նկատմամբ ունեցած դիրքորոշումները և աստիճանաբար հասնելու փոխադարձ հարմարվողականության:
3. Երրորդ փուլում անցկացվող զրույցները ամրապնդում են վարքային այն մոտեցումներն ու դրսևորումները, որոնք ընդունելի են ամուսիններից յուրաքանչյուրի համար։
4. Վերջինը պահպանողական հոգեթերապևտիկ կարգավորման փուլն է։ Իրագործվում է ամուսիններից յուրաքանչյուրի հետ անհատական, նաև համատեղ զրույցների ձևով։
Ամուսիններից որևէ մեկի սեռական խանգարման հետևանքով առաջացած սեռական աններդաշնակության ժամանակ, սեռական համակարգի բարելավմանն ուղղված հատուկ զրույցից բացի, ամուսիններից յուրաքանչյուրի հետ պետք է տանել հոգեթերապևտիկ աշխատանք։
Հոգեթերապևտիկ կարգավորումը պարտադիր պայման է, որն անց է կացվում երկու փուլով։
1. Համակցված միջոցառումներ ամուսիններից որևէ մեկի նկատմամբ՝ ուղղված նրա սեռական խանգարման վերացմանը։
2. Ամուսնական զույգի հոգեթերապիա, սեռական կյանքի միջանձնային հարաբերությունների վերականգնում։
Աղբյուրը` sexology.am
ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ