Նախորդ դարում հակաբիոտիկների հայտնագործումը սկիզբ դրեց նոր ժամանակաշրջանի բժշկության մեջ՝ փրկելով միլիոնավոր մարդկանց կյանքեր:
Այսօր, ցավոք սրտի, նույն անտիբիոտիկների չարաշահումը կանգնեցրել է բժշկագիտությանը այլ ծայրահեղության առջև՝ դեղորայքակայուն բակտերիաներ, որոնք խլում են հազարավոր կյանքեր:
Անտիբիոտիկների նշանակումը  պետք է լինի լրջորեն հիմնավորված:

Ձեզ ենք ներկայացնում Ուիգմոր Քլինիքի մանկաբույժ-ինֆեկցիոնիստ Հռիփսիմե Ապրեսյանի պնդումը հակաբիոտիկ դեղամիջոցների սխալ կիրառման վերաբերյալ:

Չի կարելի նշանակել անտիբիոտիկներ վիրուսային վարակների դեպքում:

Աղիքային վարակների մեծամասնության դեպքում նույնպես չկա անհրաժեշտություն անտիբիոտիկոթերապիայի (բացառությամբ ծանր և գեներալիզացված ձևերի): Հակաբակտերիալ բուժում պահանջվում է միայն այնպիսի աղիքային վարակների դեպքում, ինչպիսիք են որովայնային տիֆը, խոլերան, շիգելյոզը: Նույնիսկ սալմոնելյոզի աղեստամոքսային ձևերը չեն պահանջում անտիբիոտիկոթերապիա: Այս սկզբունքը չարաչար խախտվում է մեր առօրյա պրակտիկայում. հակաբակտերիալ բուժում է նշանակվում չհիմնավորված, նույնիսկ վիրուսային հիվանդությունների դեպքում, երբեմն հիվանդն ինքն է որոշում ընդունել անտիբիոտիկ, հազվադեպ չեն նաև այն դեպքերը, երբ հիվանդը ընդունում է դեղորայքը, առանց իմանալու, որ այն անտիբիոտիկ է: 

Անտիբիոտիկ կարող է նշանակել բացառապես բժիշկը՝ մանրակրկիտ հետևելով բազիսային անտիբիոտիկոթերապիայի սկզբունքներին, որոնք են՝

  • Նախապատվությունը տալ  per os ներմուծման ուղուն, պարենտերալ ներմուծել միայն այն դեպքում, երբ ընդհանուր ծանր վիճակի կամ փսխումների պատճառով հնարավոր չէ per os ընդունումը,
  • Բուժումը հարկավոր է սկսել մեկ անտիբակտերիալ պրեպարատից: Երկու անտիբիոտիկ նշանակվում է ծանր կամ գեներալիզացված ինֆեկցիայի դեպքում,
  • Հնարավորության դեպքում, պրեպարատի ընտրությունը կատարվում է ՝ հաշվի առնելով հարուցչի զգայունությունը,
  • Առավելագույն արդյունք ստացվում է պրեպարատի հնարավորին չափ վաղ նշանակելու դեպքում,
  • Անտիբիոտիկների նշանակումից առաջ պետք է հավաքել մանրամասն ալերգոլոգիական անամնեզ,
  • Նշանակված էթիոտրոպ թերապիայից երկու օրվա ընթացքում արդյունքի բացակայության դեպքում փոխվում է անտիբիոտիկը, ընդ որում, նշանակվում է կամ այլ խմբի անտիբիոտիկ, կամ տվյալ միկրոբի զգայունությունը որոշելուց հետո՝ համապատասխան պրեպարատ:


Բնության մեջ հավերժ պայքար է ընթանում մարդու և բակտերիայի միջև, յուրաքանչյուր էակ փորձում է գոյատևել, պահպանել իր տեսակը: Այսպիսով, եկեք մեր անխոհեմ մոտեցմամբ չօգնենք « բակտերիա»  տեսակին՝ վերացնելու «մարդ» տեսակը…

 


Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր
24 հունիսի, 2016թ.