Ինքնաբեր վիժման թեմային է անդրադարձել «Շենգավիթ» ԲԿ գինեկոլոգ Անահիտ Սիրունյանը:

Հղիության ինքնաբեր ընդհատումը մինչ պտղի 500 գրամ քաշը (մինչ 22 շաբաթ) Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որակում է որպես ինքնաբեր վիժում։ 

Ինքնաբեր վիժումը հղիության ամենահաճախ հանդիպող բարդությունն է։ Այս վիժումների շուրջ 80%-ը տեղի է ունենում հղիության մինչ 12-րդ շաբաթը։ 

Ինքնաբեր վիժման պատճառները քրոմոսոմային պաթոլոգիաներն են, տարբեր պատճառներով առաջացած մետրոէնդոմետրիտը (բորբոքումը խոչընդոտում է պտղաձվի իմպլանտացիային), էնդոկրին (հորմոնալ) խանգարումները, անատոմիական որոշ առանձնահատկությունները, տարաբնույթ վարակները։ 

Կարևոր դրակատարում ունի (ռիսկի գործոն է) նաև կնոջ տարիքը՝ որքան մեծ է, այնքան մեծ է այս բարդության հավանականությունը (օրինակ՝ 45 տարեկանում բարդության հավանականությունը շուրջ 80% է)։

Չծծնդաբերած կանանաց մոտ ինքնաբեր վիժման ռիսկն ավելի ցածր է։ Որքան շատ է նախորդ վիժումների քանակը, այնքան մեծ է դրա հավանականությունը հաջորդ հղիության ժամանակ (երեք վիժումների պարագայում հավանականությունը 40-45% է)։

Օրական 10 և ավելի գլանակ ծխողների մոտ հավանականությունը կտրուկ մեծանում է։
Ծխախոտից հրաժարվելը դյուրին չէ, սակայն առողջ հղիությունը, առողջ երեխա ծննդաբերելն էլ կարևորագույն խնդիր է։ Այդ իսկ պատճառով հղիությանը պատրաստվող կինը պետք է թողնի ծխելը հղիանալուց առնվազն չորս ցիկլ առաջ։ 

Ինքնաբեր վիժմանը նպաստում է նաև անմիջականորեն մինչ հղիությունը ոչստերոիդային հակաբորբոքային պրեպարատների ընդունումը։

Հղիության ընթացքում տենդը, տարաբնույթ վնասվածքները, բժշկական ինվազիվ միջամտությունները, նույնպես նպաստում են ինքնաբեր վիժման ի հայտ գալուն։ Կոֆեինի մեծ չափաբաժինները (օրական 4 և ավելի բաժակ սուրճ կամ 100մգ կոֆեին), ֆոլաթթվի պակասը, թրոմբոֆիլիկ վիճակներն ու հորմոնալ տարբեր խանգարումները նույնպես կարող են ինքնաբեր վիժման խթանիչներ կամ պատճառ դառնալ։

Ինչ պետք է իմանա հղի կինը

Որովայնի ստորին հատվածում, գոտկատեղում ցավերի, սեռական ուղիներից արյունային արտադրության առկայության դեպքում հարկավոր է անմիջապես դիմել մասնագետին։ 

Ինքնաբեր վիժման կանխարգելումը (բուժումը) միշտ չէ, որ արդյունավետ է, սակայն հաճախ հնարավոր է, եթե կինը ժամանակին է դիմում բուժօգնության։


Աղբյուրը՝ Doctors.am