Այն մարդիկ, որոնք տառապում են միգրենով, այդ բառը լսելիս անգամ տագնապ են զգում, քանի որ միգրենը սովորական գլխացավ չէ, դրա առաջացրած ցավերը գցում են կյանքի որակը, նվազեցնում աշխատունակությունը, մարդուն դարձնում վատատես և նյարդային: Մարդը, որը տառապում է միգրենով, պատրաստ է ամեն ինչի՝ ցավերը քիչ թե շատ մեղմելու համար: Միգրենի բուժման ժամանակակից և շատ արդյունավետ մեթոդներից է բոտուլինոթերապիան: Այն մասին, թե ինչ է դա, ինչպես է իրականացվում, խոսել ենք «Սեբաստիա» ԲԿ-ի նյարդաբան Արև Ղարիբյանի հետ:


Ի՞նչ է բոտուլինոթերապիան և ինչպե՞ս է ազդում միգրենի բուժման վրա:

Բոտուլինոթերապիան քրոնիկ միգրենի բուժման ժամանակակից և արդյունավետ մեթոդներից է, որի ժամանակ բոտուլինի տոքսինը ներարկվում է գլխի, դեմքի և պարանոցի մկանների մեջ՝ մի քանի կետով: Ներարկումը՝

  • հանում է մկանի կծկումը,
  • թուլացնում է լարված հյուսվածքները,
  • ուղղակի ազդեցություն է ունենում նյարդային վերջույթների վրա՝ արգելափակելով դրանց միջև ազդակների փոխանակումը:

Այս պրոցեդուրայի շնորհիվ միգրենային ցավերը մի քանի ամիս հիվանդին չեն անհանգստացնի:
 
Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս է պարզվել, որ միգրենը կարող է բուժվել բոտուլինոտոքսինի ներարկման միջոցով:

Այս փաստն առաջին անգամ արձանագրվել է 1992 թ.-ին պլաստիկ վիրաբույժ Ուիլիամ Բինդերի կողմից: Նրա այն պացիենտերը, որոնք տառապում էին միգրենով և բոտուլինոտոքսինի ներարկումներ էին ստանում կնճիռների հարթեցման համար բժշկին խոստովանել են, որ ինչ-որ հրաշք է տեղի ունեցել և ներարկումներից հետո անհետացել են անտանելի գլխացավերը: Այդ ժամանակից մինչ այսօր բոտուլինոթերապիան համարվում է միգրենի բուժման ամենաարդյունավետ միջոցը:

Իսկ ինչո՞ւ քրոնիկ միգրենը բուժել հենց բոտուլինոթերապիայի միջոցով:

Պատճառները բազմաթիվ են. 

  • Մեթոդն անվտանգ է,
  • Ունի բարձր արդյունավետություն,
  • Արդյունքը երկարատև է և կայուն,
  • Ներարկումներն իրականացվում են ամբուլատոր պայմաններում,
  • Հետագա բարդություններ և ծանր կողմնակի ազդեցություններ չկան: 

Շատ մասնագետներ պնդում են, որ բոտուլիոթերապիան միգրենի բուժման լավագույն եղանակն է և նախընտրելի է դեղորայքից,կասե՞ք, թե որոնք են բոտուլինոթերապիայի առավելությունները:

  • Բոտուլինոթերապիայի արդյունքը շարունակական է (3 ամսից մինչև կես տարի),
  • Բոտուլինոթերապիան զերծ է կողմնակի ազդեցություններից, ի տարբերություն դեղորայքի, չի ներթափանցում արյան հուն, չի ախտահարում ներքին օրգանները,
  • Բոտուլինոթերապիայի շնորհիվ կինը կարող է մի քանի ամիս ազատվել գլխացավից, պլանավորել հղիություն՝ չանհանգստանալով, որ դեղորայքի ընդունումը կարող է վնասել պտղին:

Ինչպե՞ս է  տեղի ունենում բոտուլինոտոքսինի ներարկման գործընթացը: 
Ներարկումը  տևում է 30 րոպեից ոչ ավել, իրականացվում է ինսուլինային բարակ ներարկիչի միջոցով: Այն  մարդիկ, որոնք վախենում են ներարկումներից կարող են հանգիստ լինել, քանի որ ներարկումն անցավ է, զգացվում է թույլ ծակոց, որն անհարմարություն չի պատճառում:


Պատրաստեց Արմինե Սարգսյանը