«Fertility Center» մարդու պտղաբերության կենտրոնը, արդեն մի քանի տարի շարունակ նախաձեռնում և իրականացնում է միջոցառում-հավաքույթներ՝ կենտրոնի օժանդակությամբ լույս աշխարհ եկած երեխաների և նրանց ծնողների համար: Այս տարի միջոցառումը կայացավ ապրիլի 3-ին, Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում:
Մեր զրուցակիցն է «Fertility Center» մարդու պտղաբերության կենտրոնի հիմնադիր-տնօրեն Էդուարդ Համբարձումյանը:
- Բժիշկ Համբարձումյան, նմանատիպ միջոցառումների փորձ արդեն իսկ ունեցել եք, այս անգամ ինչպե՞ս ծագեց հերթական հավաքույթի կազմակերպման միտքը:
- Այո, նմանատիպ միջոցառումներ նախկինում էլ կազմակերպվել են մեր կենտրոնի կողմից, իսկ այս տարի որոշեցինք այս գեղեցիկ միջոցառումը նվիրել մայրության օրվան՝ ապրիլի 7-ին: Իհարկե, հնարավոր եղավ հավաքել հիմնականում երևանաբնակ ծնողներին և բալիկներին, քանի որ շատ ունենք ընտանիքներ նաև մարզերից և արտերկրից:
Մեզ համար անչափ կարևոր է, որ այս կապը մշտապես պահպանվի, և ո՛չ միայն բժշկական մակարդակով: Շատ ծնողներ, շուրջ երկու տարի, ամեն շաբաթ եկել են մեր կենտրոն, և պատկերացրեք, թե որքան է ջերմացել և հարազատացել մեր շփումը նրանց հետ: Բժշկական կենտրոն (բուժանձնակազմ) և պացիենտ կապը մեր կենտրոնի դեպքում յուրահատուկ է, քանի որ այդքան երկար ժամանակահատված մենք կիսում ենք պացիենտի մտայնությունները, հոգսը, մտերիմ շփման մեջ ենք լինում ընտանիքի հետ: Իսկ նմանատիպ հավաքույթներ կազմակերպելը ևս մեկ հրաշալի առիթ է տեսնել բոլորին մեկ հարկի տակ, ծանոթացնել նրանց, երեխաների համար կազմակերպել բազմազան ուրախ միջոցառումներ:
Կարևոր եմ համարում նման միջոցառումների միջոցով պահել մեր` այս ընտանիքի զգացողությունը: Միջոցառմանը շատերը եկել էին նաև երկրորդ, երրորդ երեխայի հետ, որը ծնվել է արդեն ոչ մեր կենտրոնի աջակցությամբ:
- Ի՞նչ ծրագրեր ներկայացվեցին երեխաների համար: Ունե՞իք աջակից-ընկերներ, ովքեր իրենց մասնակցությունը ցուցաբերեցին նախաձեռնությանը:
- Ունեցանք շուրջ 2 ժամանոց համերգ երեխաների համար, երեխաների մասնակցությամբ. հեքիաթներ, երգ ու պար, կատակներ… Ներկա էին շատ տարբեր տարիքի երեխաներ՝ իրենց ծնողների հետ միասին:
Միջոցառման կազմակերպման հարցում չեմ կարող չնշել և շնորհակալություն չհայտնել ակտիվ մասնակիցներին՝ «Բարև մայրիկ» ամսագրին, Աննա Ամասյանին, ով հատուկ միջոցառման համար հեքիաթներ էր պատրաստել՝ ավազե անիմացիայով, երգչուհի Լիդուշիկին, ով անչափ սիրելի է երեխաների կողմից և իսկապես տոն դարձրեց նրանց օրը իր գեղեցիկ երգերով, երգչուհի Ալլա Նավասարդյանին, «Ձմերուկ» ընկերության թիմին, ներկա էր նաև Միքայել Պողոսյանը և այլք…
- Այս տարիների ընթացքում, որքա՞ն երեխաներ են ծնվել ձեր կենտրոնի օժանդակությամբ:
- Գործունեության ընթացքում, «Fertility Center» մարդու պտղաբերության կենտրոնի օժանդակությամբ արդեն ծնվել են շուրջ 1000 երեխաներ, և ուրախ եմ հայտնել, որ այս ցուցանիշներով մեք առաջատարներից ենք:
- Հոյակապ ցուցանիշ է, շնորհավորում ենք: Արդեն ենթադրում ենք, թե նրանցից յուրաքանչյուրի ծնունդը որքան կարևոր և ուրախալի է ձեզ համար:
- Շնորհակալ եմ: Այո, իսկապես:
Ի տարբերություն շատ կենտրոնների, մեզ մոտ պացիենտին ցուցաբերում ենք համալիր մոտեցում՝ յոգայի դասընթացներ, հոգեբանական աջակցություն և այլն… Սա օգնում է, որպեսզի բժշկի հանդեպ վստահությունը մնա բարձր մակարդակի վրա, քանի որ երկար ժամանակ երեխայի սպասող և դժվարություններ ունեցող զույգերը շատ զգայուն են լինում, հաճախ՝ վաղ հիասթափվում են, և կարևոր է նրանց մատուցել ոչ միայն բժշկական ծառայություններ, այլ նաև այն ամենն, ինչ անհրաժեշտ է այդ բարդ փորձությունն անցնելու ճանապարհին:
- Շատ սիմվոլիկ է նաև, որ միջոցառումը կայացավ մեր երկրի համար ամենաբարդ շրջանում, երբ սահմանային լարվածությունը և ներկա երեխաների անհոգ ժպիտները միախառնվել էին:
- Այո, միջոցառումը կայացավ մեր երկրի համար ամենաօրհասական պահերից մեկի ժամանակ, երբ բոլորիս ուշադրության կենտրոնում սահմանային լարվածությունն էր, և մի հետաքրքիր բան նկատեցի. նայելով այս ու այն կողմ վազվզող այդ անհոգ երեխաներին հասկացա, որ մեր երկիրը իսկապես շատ ունի երեխաների ծնվելու պահանջը, կարծես հենց այդ ուղերձը և կոչը կար մեր նախաձեռնության մեջ: Եվ սահմանին կանգնած զինվորը առաջին հերթին հենց այս երեխաների անվտանգության համար է կռվում:
- Ապագայում ունե՞ք նմանատիպ միջոցառումների ծրագրեր, որպեսզի ներկա լինեն նաև այն մայրիկները և երեխաները, ովքեր այս անգամ չկարողացան գալ:
- Առաջիկայում, վստահ եմ, որ նորից կունենանք նման միջոցառումներ: Իսկ բոլոր նախաձեռնություններին մեր սիրելի պացիենտները կարող են ծանոթանալ կենտրոնի ֆեյսբուքյան էջի և կայքի միջոցով:
Մշտապես ուրախ ենք նման դրական ու հաճելի հանդիպումների համար:
Աղբյուրը՝ Doctors.am
Հեղ.՝ Ամալյա Գրիգորյան
12.04.2016