Երիտասարդ տարիքում նիհարելը խնդիր չէ. թվում է, թե ինչ էլ ուտես, միևնույն է, չես գիրանում: Ու կարծում ես, թե այդպես միշտ է լինելու:  Լսում ես, թե ինչպես են հասուն կանայք տրտնջում ու քթի տակ ծիծաղում, երբ ականջի պոչով լսում ես` «մի փոքր լցվել ես»-ին հաջորդող պատասխանը` "չէ, քաշս նույնն է մնացել": Կամ էլ հակառակը. երբ ասում ես` կարծես նիհարել ես, անմիջապես հետևում է` "հիմա դեռ ավելացել եմ, էնքան էի նիհարել": Ամեն դեպքում  գալիս է մի տարիք, երբ ձգտում ենք նիհարել, քանի որ գիրությունը կամ, որ ավելի մեղմ է հնչում, լիքությունը նույնացվում է տարիքի ու անդառնալի կորսված երիտասարդության հետ: 

Եթե նիհարությունը, բարակությունը հոգեկան հանգստություն է պարգևում, ուրեմն կարելի է և մի քանի կգ-ից ազատվել:
Տարիներն  անցնում են, ու ամեն  ինչ աստիճանաբար է կատարվում, չես էլ հասցնում նկատել, թե ինչպես սովորական հագուստիդ չափսերն այլևս  չեն համապատասխանում. այնպես  չի սազում, չի նստում վրադ, ինչպես առաջ:

Ուրեմն ի՞նչ է պետք անել

Նախ`  մի հուսահատվեք ու պարզապես մի քանի կանոն  հիշեք, որոնք կօգնեն քաշը կարգավորելու դժվարին գործում:
Հիշեք, որ լավ ու կայուն արդյունք ստացվում է միայն պարբերականությամբ: Առողջության հաշվին բարեկազմ դառնալը սխալ է: Իսկ առողջությանը վնասում են  անհետևողականությունն ու քաոսայնությունը:
Սրանից հետևություն անենք. կորչեն  քաղցն ու արագ նիհարելուն միտված բոլոր սննդակարգերն ու տարերային միջոցառումները:

Ճիշտ դիետան (սննդակարգը) ճիշտ ընտրված օրաբաժինն է, այսինքն` այն ինչ ուտում ես օրական: Սննդակարգը չպիտի  վնասի, ու եթե օրաբաժին ես ընտրում, ապա  պիտի հետևես դրան, այն բոլոր ժամանակների համար է:

Այս օրենքներին հետևելով` հնարավորություն կունենաք 3-4 ամսում լավ արդյունք ստանալու: Ու հիշեք, որ տոն օրերին նույնպես չպետք է խախտել սննդակարգն ու հաջորդ օրերին  փորձել քաղցով լրացնել բացթողումը:
Սակայն, տոնական սեղանին էլ չպետք է թթված դեմքով նստել ու մյուսներին ցուցադրել ձեր կրած "տառապանքները". կարելի է քիչ ուտել, սակայն շատ  հեղուկ խմել:

Ավելորդ չէ կրկնելը, որ  ընտրված սննդակարգը "ցմահ" է, ոչ թե դեպքից դեպք կամ էլ արձակուրդից առաջ:

Աղբյուրը` doctors.am