Բժիշկ-սննդաբաններն ասում են, որ մեր օրգանիզմին յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց 30 մլ ջուր է պետք, այսինքն` եթե ձեր քաշը 70 կգ է, ապա օրական նորմը պետք է կազմի 2 լիտրից մի փոքր ավելի: Թեյը, ապուրը, նարինջը և «նույնիսկ գարեջուրը» հաշվից դուրս են, քանի որ  դրանք օրգանիզմը չեն հագեցնում, ջրի պակասը չեն լրացնում:


Ուտելուց առաջ  մի բաժակ ջուր խմեք: Այո, փորձված մեթոդ է. մի բաժակ ջուրը կօգնի, որ քիչ ուտեք: Թեյն  ու սուրճն էլ վայելեք  առանց մի գրամ շաքարի: Սուրճն աշխատավայրում իսկական ծիսակատարություն է: Շատերն են հաշվում, թե օրական քանի գավաթ են պարպել կոլեկտիվի հետ կամ էլ ընկերական շրջապատում: Քանի բաժակ էլ խմելու լինեք, հիշեք` առանց շաքարի:

Սնունդը

Այն, ինչ ընտրում ենք, պետք է լինի լիարժեք ու  հաշվեկշռված: Կնշանակի` չպետք է բացառել այս կամ այն մթերքը, որը հատկապես  ազգային խոհանոցի սննդի մշակույթի մաս է կազմում:
Երբեմն զարմանում ենք` հիշելով, որ մեր պապերն ու նրանց պապերը չեն տառապել գիրությունից: Իսկ պատճառը ոչ թե գիտակցված սննդակարգն է եղել, այլ ծանր  աշխատանքը: Այնպես  որ, ոչ թե պետք է սննդաբաժնից հանել այս կամ այն սննդատեսակը, այլ պետք է վերացնել անկրթությունը, ավելի ստույգ` անկրթության ախտանշան հանդիսացող շատակերությունը. մի կերեք ավելի, քան պետք է ապրելու համար:  Ու քանի որ մենք հող չենք մշակում ու քար չենք քաշում, մեզ շատ էլ պետք չէ:

Հաջորդ խորհուրդը փոքր չափաբաժինն է

Նայեք սովորականի պես լցված ձեր ափսեին. հատակը չի՞ երևում: Ուրեմն առաջին ձեր գործը պետք է լինի այն դատարկելը: Լցրեք այնքան, որ ափսեի տակը երևա: Եթե ուզում եք տապակած կարտոֆիլ ուտել, բարի ախորժակ, կերեք, բայց ոչ թե բրգաձև կիտված, այլ մի քիչ, մի բուռ: Կարելի է կոտլետ ուտել` մեկը, ավելի լավ է` դրա կեսը: Տոնական սեղանի շուրջն էլ բավարարվեք ոչ թե մեկ կտոր թխվածքով, այլ դրանից կտրած պատառիկով կամ էլ շատ բարակ շերտով: Դա ավելի լավ է, քան դիմանալը, կամքին բռնանալն ու գիշերը, բոլորի աչքից հեռու, սառնարանը դատարկելը: Շատ կանաչեղեն կերեք:
Մեզ պետք են թե՛ սպիտակուցներ, թե՛ ածխաջրեր  և թե՛ բջջանյութ` վիտամիններով: Սակայն ինչքա՞ն ու ի՞նչ: Մարդն ամենակեր է:

Նախ  հիշենք, որ ուտելուց առաջ մի բաժակ ջուր է պետք խմել. երբեմն ծարավը քաղցի հետ է շփոթվում: Եթե 20-30 րոպե հետո էլ քաղցի զգացումն ուժգնանում է, ապա պետք է թեթևակի ուտել, սակայն ոչ թե հացաբուլկեղեն կամ որևէ բուտերբրոդ, այլ մրգեր, բանջարեղեն: Թեկուզ բանան, չնայած բանանն էլ շատ կալորիական է: Մածուն կամ այլ կաթնամթերք` ըստ ցանկության:  Եթե չեք սիրում, ստիպված եք սովորել:

Նախաճաշ, ճաշ ու ընթրիք

Պետք է ձգտել պարբերականության: Հարկավոր է ուտել հաճախ ու քիչ- քիչ. ասենք` նախաճաշին վարսակաձավար, մինչև ճաշը ընկած ժամանակահատվածում կարելի  է միրգ ուտել, ճաշին` ապուր, ընթրիքին` ձուկ ու աղցան, իսկ  քնելուց 2 ժամ առաջ` տաք կաթ  կամ էլ  մեղրով թեյ: Թեթևությունից բավականություն կստանաք:

Բեռնաթափման օր

Շաբաթական մեկ անգամ բեռնաթափվելը և մյուս օրերին ագահաբար  խժռելը միայն ու միայն վնաս են բերում: Բեռնաթափման օրերը լավ են ճիշտ սննդակարգ ընտրելու   դեպքում: Ոմանք բեռնաթափվում են պարբերաբար, շաբաթական մեկ օր: Կարելի է այդ հատուկ օրերին միայն ջուր խմել կամ էլ սահմանափակ տեսակի սննդամթերք օգտագործել: Ընդհանուր սկզբունքը, որին պետք է կանոնավոր կերպով հետևել, անցումն է բեռնաթափման ու ելքը դրանից: Այսինքն` բեռնաթափմանը նախորդող օրը պետք է արդեն սնունդը բաղադրությամբ թեթևացված լինի ու նվազ կալորիական, իսկ բեռնաթափմանը հաջորդող օրը կրկին աստիճանաբար ու զգուշորեն պետք է վերադառնալ սովորական սննդակարգի:

Մարզումներ

Երբ ցանկանում ենք ու փորձում ճիշտ սնվել, օրգանիզմը սկզբում ընդվզում է, հետո խորամանկում` կալորիաներ  տնտեսելով: Քանի որ պահեստավորել չի կարող, մեզ կարծես գամում  է բազմոցին  կամ էլ բազկաթոռին. աշխատում ենք քիչ շարժվել ու շատ քնել: Այդ ժամանակ պետք է գնալ մարզասրահ: Սակայն ոչ թե ձևի, այլ հոգու համար: Մարզասրահում անցկացրած ժամանակը պինդ կուշտ ուտելուց հետո անարդյունավետ է, էլ չասած, որ կուշտ ստամոքսով պարզապես անհնար է մարզվել:

Ի վերջո, այս խնդրին համալիր մոտեցում է  պետք.  շատ հեղուկ, քիչ սնունդ ու շատ շարժում: Միայն ադպես կարելի է մարմինը, առողջությունն ու նյարդերը  կարգի բերել: Ի վերջո, մի մոռացեք, որ քաղցը կամ  զանազան սննդակարգերը նպաստում են արագ քաշը վերականգնելուն, եթե չասենք` էլ ավելի գիրանալուն:
Մասնագետներն ասում են, որ օրգանիզմը հիշողություն ունի, քաղցի հիշողությամբ` լի օրերին պահեստավորում է նեղ օրվա համար. չլինի՞ թե  նրան կրկին քաղցած պահենք:

Աղբյուրը` doctors.am