Կրծքով կերակրելը կարևոր է երեխաների և կանանց ներկա և հետագա առողջության համար: Կարևոր է ինչպես կրծքի կաթի բաղադրությունը, այնպես էլ կրծքով կերակրելու գործողությունը: Կրծքով կերակրվելու գործողությունը

- նպաստում է երեխայի ծնոտի, լեզվի և ևստախյան խողովակի մկանների ձևավորմանը: Այդ զարգացումը նվազեցնում է ականջի վարակների հավանականությունը, նպաստում է խոսքի ձևավորմանը, ատամները պաշտպանում է կարիեսից և նվազեցնում է օրթոդոնտիկ խնդիրների վտանգը,

- երեխաները կարող են կարգավորել իրենց ստացած կաթի քանակը: Դա կարող է ազդել հետագայում նրանց ընդունած սննդի քանակի, ախորժակի ինքնակարգավորման և գիրության վրա: Ախորժակի նմանտիպ ինքնակարգավորում չեն ունենում շշով կերակրվող մանուկները, քանի որ կերակրող անձն է որոշում կաթի քանակը և ոչ թե երեխան,

- կրծքով կերակրելն ապահովում է նաև ջերմություն, մտերմություն և շփում մոր հետ, ինչը նպաստում է երեխայի ֆիզիկական և էմոցիոնալ զարգացմանը:

Կրծքի կաթը

- Ապահովում է լավագույն սնունդը, որը բավարարում է երեխայի կարիքները աճի և զարգացման համար: Մայրական կաթը լավագույն ձևով հարմարեցված է մանկան անհատական պահանջներին և մշտապես փոփոխվում է նրա փոփոխվող պահանջները բավարարելու համար:

- Պաշտպանում է վարակներից և կարող է կանխել մանկական մահերի որոշ մասը: Զարգացող երկրներում կատարվող հետազոտությունների ամփոփումը ցույց է տալիս, որ կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում կրծքով չկերակրվող երեխաների մահանալու վտանգը 6-10 անգամ մեծ է կրծքով կերակրվողների համեմատ: Կրծքի կաթից զրկված երեխաներն ավելի հաճախ և ավելի ծանր են հիվանդանում փորլուծությամբ և թոքաբորբով, ինչպես նաև միջին ականջի վարակներով, Hemophilus influenzae-nվ պայմանավորված մենինգիտով, միզուղիների ինֆեկցիայով:

- Նվազեցնում է անհաս նորածինների նեկրոտիզացնող էնտերոկոլիտով հիվանդանալու վտանգը:

- Նվազեցնում է իմունոլոգիական հիմք ունեցող հիվանդություններով, այղ թվում ասթմայով, էկզեմայով և այլ ատոպիկ վիճակներով, մանկական հասակի ինսուլինկախյալ շաքարային դիաբետով, գլյուտենային հիվանդությամբ, Կրոնի հիվանդությամբ, խոցային էնտերոկոլիտով հիվանդանալու վտանգը:

- Նվազեցնում է նաև մանկական լեյկեմիայի վտանգը:

- Ծրագրավորում է օրգան-համակարգերի աշխատանքը, օրինակ՝ նպաստում է արյան ճնշման կարգավորմանը և նվազեցնում է գիրության վտանգը հետագա կյանքի ընթացքում:

- Միշտ պատրաստ է օգտագործելու համար:

Կրծքով կերակրվող երեխաներն ունեն մտավոր զարգացման ավելի բարձր մակարդակ և հաջողություններ ուսուցման ասպարեզում: Կրծքով կերակրելու առավելությունները պայմանավորված են նրա «քանակով»: Կրծքով սնուցումը կարևոր է նաև մոր համար: Կրծքով կերակրած կանանց համեմատ կրծքով չկերակրած կանանց հետևյալ հիվանդությունների կամ վիճակների վտանգն ավելի մեծ է

- կրծքագեղձի քաղցկեղ և ձվարանների քաղցկեղի որոշ տեսակներ,

- կոնքազդրային հոդի կոտրվածքներ ծերունական տարիքում,

- հղիության ընթացքում կուտակած ճարպի պահպանում, որը հետագայում կարող է հանգեցնել գիրության,

- սակավարյունություն` ծննդաբերությունից հետո արգանդի ավելի վատ կծկողունակության և դաշտանային ցիկլի ավելի արագ վերականգնման պատճառով:

Կրծքով չկերակրելն ազդում է նաև ընտանիքի վրա: Եթե երեխան կրծքով չի կերակրվում, ապա կարող է լինել եկամուտի կորուստ կաթնախառնուրդ ձեռքբերելու համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական ծախսեր, ինչպես նաև երեխայի հիվանդության հետ կապված ծախսեր: Կրծքով չկերակրելու վտանգները պայմանավորված են կրծքի կաթի պաշտպանական հատկությունների պակասով, որը մեծացնում է հիվանդացությունը, ինչպես նաև սնուցողական բաղադրամասերի լավագույն փոխհարաբերության պակասով, օրինակ՝ ուղեղի զարգացման համար և աղիքների աճի համար անհրաժեշտ նյութերի պակասով: Ի լրումն այս ամենի կան լրացուցիչ վտանգներ կրծքի կաթի փոխարինիչների օգտագործման հետ կապված, այդ թվում

- մանկական կաթնախառնուրդը կարող է արտադրության սխալի հետևանքով վարակվել միկրոբներով,

- կաթնախառնուրդը կարող է անապահով բաղադրամասեր պարունակել կամ չպարունակել կենսականորեն անհրաժեշտ որոշ բաղադրամասեր,

- կերակրելու պարագաները լվանալու համար կամ կաթնախառնուրդը պատրաստելու համար անհրաժեշտ ջուրը կարող է վարակված լինել,

- կաթնախառնուրդ պատրաստելու սխալները, այղ թվում չափազանց նոսր կամ խիտ պատրաստելը կարոդ է երեխայի հիվանդության պատճառ դառնալ,

- կաթնախառնուրդը կարոդ է տրվել լաց լինող երեխային հանգստացնելու նպատակով, որը կարող է հանգեցնել հավելյալ քաշի և անցանկալի վարքագծի ձևավորման, երբ սնունդը դիտվում է որպես տրամադրության անկումը հաղթահարելու միջոց,

- կրծքի կաթի փոխարեն ջուր և թեյ տալը կարող է ընդունած կաթի ընդհանուր քանակի նվազման և քաշի կորստի պատճառ դառնալ: Հաճախակի հղիությունները անցանկալի են կնոջ առողջության համար:


 
"Ուսումնական ձեռնարկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար"` պրոֆեսոր Ա.Ս. Բաբլոյանի,   դոցենտ Ն.Գ. Բաղդասարյանի խմբագրությամբ, տեքստի հեղինակ Ս.Ա. Հարությունյան

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am