Կրծքով կերակրելն առանձնահատուկ նշանակություն ունի հատուկ խնամք պահանջող երեխաների և նրանց ծնողների համար: Կրծքով սնուցումն ապահովում է << մայրության >> հորմոնների մեծ քանակություն, որն օժանդակում է երեխայի հետ հարաբերություններում ինտուիցիայի, նրա բոլոր պահանջմունքներին և ցանկություններին ընդառաջելու կարողության զարգացմանը: Այս երեխաների համար կրծքով կերակրելու առավելությունները ֆիզիկական, ֆիզիոլոգիական և բժշկական առումով զգալի են:

Կեսարյան հատումով ծնված երեխաներ

Կեսարյան հատումով ծննդաբերած մայրերը կրկնակի ծանրաբեռնվածություն ունեն` պետք է բուժվեն և խնամեն երեխային: Հարկավոր է`

- Խորհրդակցել բժշկի հետ, որպեսզի ճիշտ ընտրվի երեխայի դիրքը նրան կրծքով կերակրելիս:

- Կրծքով կերակրելուն խանգարող ցավերի դեմ կարելի է ցավազրկող դեղ ընդունել:

- Եթե հետվիրահատական բարդությունները խանգարում են երեխային կրծքով կերակրելուն, բուժքույրը կարող է փոքրիկին կերակրել մոր կրծքից կթած կաթով, բայց ոչ ծծակով, որպեսզի նա հետագայում հեշտ և ճիշտ ծծի կուրծքը: Հարկավոր է որքան կարելի է շուտ օգտագործել կրծքի կաթը կթելու սարքը, որպեսզի երեխան ուտի առաջին կաթը` խեժը:

- Կեսարյան հատումով ծնված երեխաներին որքան կարելի է շուտ պետք է տանել մոր մոտ, պարզապես նրանց հարկավոր է օգնել:

- Պետք է շատ համբերատար լինել, վերջիվերջո դժվարությունները կնահանջեն, և մայրը կգտնի փոքրիկին կերակրելու և խնամելու ճիշտ ձևերն ու եղանակները:

Վաղածին երեխաներ

Այս երեխաները պահանջում են հատուկ խնամք, լավ սնունդ, պայմաններ (ջերմություն, լռություն, մթություն և մոր մոտիկություն, ինչպես որ արգանդում): Եթե երեխան խնամվում է մորից անջատ, մայրը կարող է տուն վերադառնալ առողջ երեխայի հետ, բայց բուժանձնակազմի խնամքը մորը կտրում է երեխայից: Անհրաժեշտ է, որ մայրը դառնա բուժանձնակազմի անդամներից մեկը: Վաղածին երեխան կրծքի կաթի առանձնահատուկ կարիք ունի, որպես խթանող և պաշտպանող անփոխարինելի միջոցի: Հետազոտությունները ցույց են տալիս, որ վաղածին երեխաների մայրերի կաթը շատ հարուստ է սպիտակուցներով և պաշտպանական գործոններով, ունի բարձր կալորիականություն, նպաստում է իմուն և ներվային համակարգի զարգացմանը և տեսողության սրությանը:
Մինչև վերջերս ընդունված էր վաղածին երեխաներին կրծքով չկերակրել, քանի դեռ նրանք ուժ չեն հավաքել: Հետազոտությունները պարզել են, որ այս երեխաներն ավելի հեշտ ծծում են ոչ թե ծծակը, այլ մոր կուրծքը, քանզի այդ հմտությունն ավելի շուտ է ձևավորվում, քան ծծակ ծծելու ունակությունը: Պարզվել է, որ երեխան մոր կուրծքը ծծում է և կրծքի կաթը կուլ է տալիս ավելի քիչ ջանք պահանջող ռիթմով, քան ծծակ ծծելիս: Կրծքով կերակրվող երեխաները լավ են աճում, քիչ են հոգնում, նրանց շնչառությունը ավելի քիչ է խանգարվում, քան ծծակով սնվող երեխաներինը, հետագայում ունենում են ավելի բարձր մըավոր կարողություններ: Օգտակար է ոչ միայն կրծքի կաթը, այլև կրծքով կերակրումն ինքնին, որը նպաստում է մանկան զգայական շփմանը մոր հետ և դրա շնորհիվ` նրա զարգացման խթանմանը:

Հիվանդ կամ հիվանդանոցում բուժվող երեխա

Հիվանդ երեխայի խնամքի կարևոր տարրերից է կրծքով կերակրումը: Երեխան ավելի արագ է առողջանում, երբ հիվանդանոցում նրա կողքին է մայրը և կերակրում է կրծքով: Ծնողները որքան շատ են մասնակցում հիվանդ երեխայի բուժման ու խնամքի գործին, այնքան լավ են հասկանում նրա վիճակը և թե ինչպես օգնել նրան:
Հիվանդանալիս երեխաները կարծես հետաճ են ապրում, վերադառնում հանգստանալու պարզունակ միջոցներին` մատերն են ծծում, կծկվում են, ինչպես կծկված էին մոր արգանդում: Կրծքով կերակրումը հանգստացնում է երեխային, նա խաղաղ է ու ապահով, գտնվում է սովորական միջավայրում, որին վարժվել է, վստահում է, սիրում, և հիվանդանոցային կյանքը նրան չի նյարդայնացնում: Կրծքով կերակրելը շատ օգտակար է լուծով տառապող երեխաների համար: Այս փոքրիկները լավ են մարսում կրծքի կաթը, նրանց օրգանիզմը չի ջրազրկվում, իսկ ծծելու գործողությունը բարերար ազդեցություն է ունենում փոքրիկի նյարդային համակարգի վրա և հանգստացնում երեխային:

Երկվորյակներ (Եռվորյակներ)

Երկվորյակներին կրծքով կերակրելիս պետք է իմանալ հետևյալը`

- Հարկավոր է նախապես պատրաստվել դրան` խորհրդակցելով բժշկի կամ երկվորյակներ մեծացրած որևէ մեկի հետ, որպեսզի կարողանաք հեշտությամբ կերակրել Ձեր ձոքրիկներին:

- Հիմնական բարդությունն այն է, որ երկվորյակները մեծ մասամբ վաղածին են լինում, շատ են քնում, առաջին 1-2 շաբաթների ընթացքում վատ են ծծում: Հենց սկզբից պետք է վարժվել կրծքով կերակրելու ճիշտ դիրքին, եղանակին, որպեսզի չվնասվեն պտուկները և բավարար քանակով կաթ արտադրվի: Կրծքով կերակրելու ճիշտ դիրքն ու եղանակները շատ կհեշտացնեն Ձեր գործը երկվորյակներին կերակրելիս:

- Առաջին շաբաթվա ընթացքում ավելի հեշտ է փոքրիկներին կերակրել առանձին- առանձին, որպեսզի նրանք վարժվեն ճիշտ բռնել կուրծքը: Երբ երկվորյակները ձեռք բերեն այդ հմտությունը, ավելի հեշտ կլինի նրանց միասին կերակրելը, մանավանդ եթե ունեն նույն խառնվածքը և նույն եռանդով են ծծում: Երկվորյակներից յուրաքանչյուրին ավելի մեծ ուշադրություն նվիրելու համար օրվա ընթացքում 1-2 անգամ կարելի է առանձին կերակրել, հատկապես այն ժամանակ, երբ մեկը քնած է, իսկ մյուսն ուտել է ուզում: Միաժամանակյա կերակրումն ավելացնում է պրոլակտին հորմոնի արտադրությունը:

- Երկվորյակները հաճախ նույն քաշն ու նույն սննդի կարիքն են ունենում, բայց երբեմն մեկը խլում է մյուսի բաժինը: Վերջինիս հարկավոր է ավելի հաճախակի կերակրել, որպեսզի աճի և զարգացման թափով հասնի մյուսին: Երբեմն երկվորյակներից մեկնումեկն առանձին խնամքի կարիք է ունենում: Կերակրելու ժամը պետք է որոշել` ավելի կարիքավորի շահերը հաշվի առնելով, որպեսզի օրվա ընթացքում մայրը ստիպված չլինի երկվորյակներին հաջորդաբար կերակրել, մեկին կերակրելիս մյուսին պետք է արթնացնել:

Երկվորյակների կերակրման եղանակները

Երկվորյակներին կրծքով կերակրելիս պետք է փորձել մի քանի դիրք և եղանակ` ամենահարմարն ընտրելու համար: Ներկայացնում ենք հնարավոր եղանակներից ու ձևերից մի քանիսը`

- Երկվորյակներին միաժամանակ կերակրելու ձևերից մեկը երեխաներին << ֆուտբոլի գնդակի դիրքում >> արմունկների տակ պահելն է:

- << Խաչաձև օրորոցի >> դիրքով կերակրելու համար անհրաժեշտ է սկզբում մի փոքրիկին գրկել << օրորոցի >> դիրքով և մոտեցնել կրծքին, հետո մյուսին գրկել նույն դիրքով, մոտեցնել մյուս կրծքին այնպես, որ նրանց գլուխները հեռու լինեն իրարից, իսկ ոտքերը խաչվեն: Հարկավոր է մի քանի բարձ օգտագործել, որպեսզի փոքրիկների դիրքը կայուն լինի:

- Կարելի է երկվորյակներին կերակրել` նաև զուգահեռ դիրքերով պահելով: Այս դեպքում փոքրիկներից մեկը կուրծքը բռնում է << օրորոցի >> դիրքով պառկած վիճակում, մյուսը` նույնպես << օրորոցի >> դիրքով, բայց նրանց մարմինները զուգահեռ են: Մի երեխան պառկած է մոր ձեռքի վրա, հենված է բարձին, իսկ մյուսը պառկած է բարձի վրա, և մայրը մյուս ձեռքով բռնում է նրա ծոծրակը:

Կրծքով կերակրելը դարձյալ հղիանալու դեպքում

Այո, հղիության շրջանում կարելի է կրծքով կերակրել երեխային, չնայած բժիշկները հաճախ խորհուրդ են տալիս խուսափել դրանից: Դրա պատճառն այն է, որ կրծքով կերակրելու ժամանակ արտադրվում է օքսիտոցին հորմոն, որը խթանում է արգանդի կծկումները և շատ հազվադեպ կարող է առաջացնել վիժում: Մասնագետները պնդում են, որ արգանդը մինչև հղիության 24-րդ շաբաթը չի ենթարկվում օքսիտոցինի ազդեցությանը: Առողջ արգանդի և վզիկի վրա օքսիտոցինը չի ազդում, եթե հղիությունն արդեն չի մոտենում ավարտին: Կանանցից շատերը շարունակում են կրծքով կերակրել հղիության ամբողջ ընթացքում կամ որոշ հատվածում առանց որևէ վնասի իրենց կամ փոքրիկի համար: Բայց եթե կա վիժման վտանգ, ապա բժշկի հետ խորհրդակցելուց հետո կարելի է դադարեցնել կրծքով կերակրելը: Հղիության 24-րդ շաբաթից սկսած պետք է շատ զգույշ լինել, խուսափել պտուկների խթանումից, (անգամ ցնցուղի տակ պահելուց) և օրգազմից, քանի որ այդ շրջանում արգանդը դառնում է զգայուն օքսիտոցինի նկատմամբ: Հղիության ամիսներին կաթի համը կարող է փոխվել, և երեխան կարող է հրաժարվել կրծքից:

Կրծքի կաթը ձեռքով կթելը և կաթ արտածծող գործիքները

Ինչու է դա երբեմն անհրաժեշտ: Կաթը ձեռքով են կթում կամ արտածծող գործիքների օգնությանն են դիմում, երբ երեխան չի կարող կամ չի ուզում կուրծքը ծծել: Անհաս երեխան կարող է շատ թույլ լինել չկարողանա կուրծքը ծծել: Նրան կարելի է կրծքի կաթով կերակրել բաժակի կամ կաթոցիչի միջոցով: Եթե մայրը ստիպված է հիվանդանոցում պառկել, կամ եթե որևէ այլ պատճառով չպետք է շփվի երեխայի հետ, կրծքի կաթը կթում են և բաժակով երեխային կերակրում այնքան ժամանակ, մինչև մայրը ի վիճակի լինի կրծքով կերակրել նրան: Եթե ուզում եք ավելացնել կրծքի կաթի քանակը կամ պահպանել կաթնագեղձերի բնականոն գործունեությունը, անհրաժեշտ է կանոնավոր կերպով դատարկել կուրծքը: Երեխային կրծքից կտրելիս նույնպես անհրաժեշտ է մասամբ կթել կաթը, որպեսզի կուրծքը չայտուցվի:
Թե ինչպես լավ կլինի ձեռով կաթը կթել, լավ կլինի հարցնեք դեռ ծննդատանը, տուն վերադառնալուց հետո դա կարող է Ձեզ սովորեցնել նաև երեխային այցելող բուժքույրը: Ինքնուրույն էլ կարելի է սովորել, բայց դրա համար ավելի շատ ժամանակ կպահանջվի: Ամեն դեպքում մի վշտացեք, եթե սկզբում ոչինչ չստացվի: Մի քանի գործնական պարապմունքներից հետո դուք կսովորեք բավականին լավ կատարել այդ գործը:
Եթե դուք կաթ եք կթում` երեխային ավելի ուշ կերակրելու համար, գավաթը նախօրոք լվացեք տաք օճառաջրով և չորացրեք մաքուր սրբիչով: Կուրծքը դատարկելուց հետո կաթը գավաթից լցրեք բաժակի մեջ և տվեք մանկանը: Եթե ստիպված եք այդ կաթը մի քանի ժամ պահել, ապա կթելուց հետո անմիջապես դրեք սառնարանի մեջ` փակ ամանով (ավելի լավ է ապակյա): Կերակրելուց առաջ կաթը հարկ կլինի մի քիչ տաքացնել` գոլ ջրի մեջ դնելով: Կթած կաթը երբեք չպետք է եռացնել, որպեսզի նրա պաշտպանողական հատկությունները պահպանվեն: Կթած կաթը սառնարանում կարելի է պահել մինչև 2 օր:
Ձեռքով կթելը: Ամենից առաջ օճառով լվացեք Ձեր ձեռքերը: Այնուհետև բթամատն ու ցուցամատը դրեք պտուկամերձ շրջանի արտաքին սահմանի վրա և ռիթմիկ շարժումներով սեղմեք մատները դեպի կրծքավանդակի պատը (հետ) և ապա` մատները մոտեցրեք իրար: Նույն գործողությունը ռիթմիկ կրկնեք: Շարժումները պետք է լինեն զգույշ, որ ցավ չպատճառեն: Մատները չպետք է սահեն մաշկի վրայով: Պտուկին ընդհանրապես պետք չէ մատներով դիպչել: Աստիճանաբար մատները տեղափոխեք ժամացույցի սլաքի ուղղությամբ, որպեսզի կուրծքը ամբողջությամբ դատարկեք:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am