Երեխայի սնուցման վիճակի, աճի, զարգացման, առողջության և կենսունակության վրա սնուցման գործելակերպի ունեցած ազդեցության կարևորությունն ընդգծելու համար 2002 թ. ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը առաջարկել են «Կրծքի և վաղ հասակի երեխաների սնուցման համապարփակ ռազմավարությունը», որը խորհուրդ է տալիս.

- բացառապես կրծքով սնուցում կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում (180 օր),

- անվտանգ և համապատասխան հավելյալ սնուցում սկսած 6 ամսականից` շարունակելով կրծքով սնուցումը մինչև երկու տարեկանը և ավելի:

Բացառապես կրծքով կերակրել նշանակում է, որ երեխային բացի կրծքի կաթից ոչ մի այլ սնունդ կամ ըմպելիք չի տրվում, ներառյալ ջուր, բացառությամբ վիտամինների, հանքային հավելումների, դեղանյութերի կամ օրալ ռեհիդրատացիոն հեղուկի, որոնք կարող են տրվել, եթե անհրաժեշտ է: Վեց ամսականից հետո երեխան, ի լրումն կրծքի կաթի, կարիք ունի նաև հավելյալ սննդի: Կրծքի կաթը շարունակում է կարևոր լինել՝ հաճախ ապահովելով անհրաժեշտ կալորիաների մեկ երրորդից կեսը մեկ տարեկան հասակում, և պետք է շարունակվի մինչև երկու տարեկանը կամ ավելի:

Այս խորհուրդները կարող են հարմարեցվել ծայրահեղ դժվար իրավիճակում գտնվող կրծքի և վաղ հասակի երեխաների պահանջներին, օրինակ, անհաս կամ ցածր քաշով ծնված նորածինների, ծայրահեղ թերսնված կամ արտակարգ իրավիճակում հայտնված երեխաների պահանջներին: Հատուկ խորհուրդներ են առաջարկվում ՄԻԱՎ վարակակիր կանացից ծնված նորածինների համար:

ՄԻԱՎ վարակակիր մայրերից ծնված երեխաների 5-15%-ը ՄԻԱՎ դրական կարող են դառնալ կրծքով կերակրման միջոցով: Հատկապես վտանգավոր է խառը սնուցումը: Այս վտանգը նվազեցնելու համար մայրերը կարող են որոշել երեխային կրծքով բոլորովին չկերակրել կամ բացառապես կրծքով կերակրել և դադարեցնել այն, երբ փոխարինական սնուցումը հնարավոր դառնա:

Որոշ իրավիճակներում բացառապես կրծքով չկերակրելը նույնքան վտանգավոր է, որքան կրծքով սնուցման միջոցով ՄԻԱՎ-ով վարակվելը: Սա մեկն է այն պատճառներից, որոնք անհատական խորհրդատվությունը շատ կարևոր են դարձնում:

Այն դեպքում, երբ կինը տեստավորվում է և հայտնաբերվում է, որ նա ՍԻԱՎ վարակակիր է, խորհուրդը հետևյալն է.

Երբ փոխարինական սնուցումը ընդունելի է, հնարավոր է, հասանելի է, շարունակական է և ապահով, ապա ՍԻԱՎ վարակակիր մայրերին խորհուրդ է տրվում ընդհանրապես խուսափել կրծքով սնուցումից: Հակառակ դեպքում կյանքի առաջին ամիսների ընթացքում խորհուրդ է տրվում բացառապես կրծքով սնուցումը, որը հետո պետք է դադարեցնել, հենց որ հնարավոր լինի:

Այս խորհուրդը չի ասում, թե բոլոր ՄԻԱՎ վարակակիր կանայք պետք է խուսափեն կրծքով սնուցումից: Կրծքով չկերակրելու որոշումը վտանգներ է կրում, այդ թվում վտանգներ մանկան առողջության համար: Յուրաքանչյուր կին, որ ՄԻԱՎ վարակակիր է, կարիք ունի քննարկման ուսուցում անցած անձի հետ, որը կօգնի իրեն որոշել, թե իր անհատական իրավիճակում երեխային կերակրելու որ եղանակն է լավագույնը:

 

"Ուսումնական ձեռնարկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար"` պրոֆեսոր Ա.Ս. Բաբլոյանի,   դոցենտ Ն.Գ. Բաղդասարյանի խմբագրությամբ, տեքստի հեղինակ Ս.Ա. Հարությունյան

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am