Կիվին ծագումով "չինացի" է, այլ կերպ այն կոչվում է չինական "փշոտ հաղարջենի"։ Այս խավոտ պտուղը մշակվում է Միջերկրական ծովի հյուսիսային ափերին, Իսրայելում, Լատինական Ամերիկայի Արևմտյան մասում և Նոր Զելանդիայում։ Առավել խոշոր արտահանողներն են Իտալիան և Նոր Զելանդիան, որտեղ կիվիի բերքահավաքը կրում է համաժողովրդական բնույթ և ավարտվում մեծ տոնախմբությամբ։ Այս պտղառատ բույսը հեշտ է աճեցվում։ Որպես մշակաբույս ներմուծվել է 20-րդ դարի սկզբին։ Էկզոտիկ մրգերի արտահանման ծավալով կիվին զբաղեցնում է 2-րդ տեղը՝ անանասից հետո։ Մեծ քանակությամբ արտահանվել է 1931թ. տնտեսական ճգնաժամի ժամանակահատվածում։ Արտահանողները կիվին անվանում էին "առողջության պտուղ": Փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է հիմնավորված այդ պնդումը։

Կիվիի 100 գրամ պտղամսի մեջ մոտ 75 մգ ասկորբինաթթու է պարունակվում, որն ավելի շատ է, քան նարնջի մեջ (65 մգ), անանասի մեջ (40մգ), կիտրոնի մեջ (30 մգ), սակայն, մոտ 5 անգամ զիջում է սև հաղարջենուն։ Հայտնի է, որ վիտամին C-ն ամրացնում է դիմադրողական համակարգը, թեթևացնում է սթրեսային վիճակը, լավացնում է ախորժակը, կանխում է արյունահոսությունը: Դիմադրողականությունն ամրացնելու համար կիվին մաքրեք, կտրատեք մածունի մեջ և մշտապես կերեք: Չափազանց համեղ է, և շատ օգտակար և արդյունավետ միջոց է:

Կիվին նաև մեծ քանակությամբ մագնիում է պարունակում, որը վիտամին C-ի հետ միասին օգտակար է սրտի աշխատանքին։ Ըստ սրտաբանների` ասպիրինը կարելի է փոխարինել կիվիով (օրական ուտելով 2-3 պտուղ)։ Դրական ազդեցությունը կզգացվի 1,5 ամիս հետո։ Մագնիումը կարևոր է բջիջների նյութափոխանակության համար, առողջ քուն է պարգևում, կարգավորում է զարկերակային ճնշումը, առիթմիան, նվազեցնում է քրոնիկ հոգնածությունը, քնկոտությունը, հանգստացնում է նյարդերը, կանխում է գլխացավը և հոդացավերը։ Կիվիի մեջ նաև կալիում է պարունակվում, որը բարերար ազդեցություն ունի հիպերտոնիայի դեպքում, իսկ ֆոսֆորը նպաստում է լավ հիշողությանը։

Կիվիի մեջ պարունակվող երկաթն անհրաժեշտ է անեմիայի բուժման համար, քանի որ արյան որակը կախված է կարմիր գնդիկների բավարար քանակից, որոնց մեջ պարունակվող հեմոգլոբինը թթվածինը հասցնում է հյուսվածքներին։ Անեմիայի` սակավարյունության հիմնական պատճառը (մոտ 90%-ը) երկաթի պակասն է։

Յուրաքանչյուր ծնողի մտահոգում է իր երեխայի առողջ ապագան, որի հիմքում դրված է փոքրիկի մտավոր զարգացումը։ Այդ պատճառով պետք է իմանալ, որ ուղեղը ավելի շատ վիտամին C-ն պահանջ ունի, քան մյուս օրգանները։

Կիվին նաև օրգանական թթուներ է պարունակում, պեկտիններ, շաքարներ, ֆլավոնոիդներ, բջջանյութ, մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, ունի հակաուռուցքային հատկություն։

Հայերը հազարամյակներ շարունակ ապրել են իրենց բնօրրանում, սնվել այս վայրերին բնորոշ բնամթերքներով, որոնք գենետիկորեն տարբեր են ներմուծվող տարաշխարհիկ պտուղ-բանջարեղենից։ Նորամուտ սնունդը կարող է նաև ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։

Ամփոփելով նշենք, որ այս պտուղը առավել նպաստավոր է երեխաների և տարեցների համար (փոքրիկ երեխաների դեպքում չափաբաժնի կապակցությամբ բոլոր դեպքերում խորհրդակցեք բժշկի հետ)։

168.am


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: