Շոկոլադը կարող է արդյունավետ միջոց լինել խրոնիկ հազի դեմ պայքարում, կարծում են գիտնականները: Նրանք հայտնաբերել են, որ շոկոլադի մեջ առկա կակաոն պարունակում է այնպիսի նյութ, որը վերացնում է հազի պատճառները:

Ուստի ներկայումս SEEK բրիտանական ընկերությունը մասնակցում է նոր դեղամիջոցի ստեղծմանը, որն անվանվում է տեոբրոմին: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, շոկոլադե դեղամիջոցն անմիջականորեն կազդի թափառող նյարդի վրա, որն էլ հանդիսանում է անընդհատ հազալու հիմնական պատճառը: Այլ միջոցները, ներառյալ նաև այն տարատեսակ օշարակները, որոնք ներկայումս առկա են դեղերի շուկայում, պարունակում են օփիատ, ուստի, ըստ գիտնականների, նման դեղամիջոցների ընդունումը 18 տարեկանից ցածր հիվանդներին ավելի շատ վնասում է, քան օգնում:

Տեոբրոմինն առկա է կակաո-մթերքների հիմնական մասում: Դեղամիջոցն արդեն վաճառվում է Հարավային Կորեայում, իսկ մոտակա երկու տարվա ընթացքում կհայտնվի նաև բրիտանական դեղատներում: Պրոֆեսոր Մորիս Ալինը` հազի բուժման ոլորտում առաջատար մասնագետներից մեկը, կարծում է, որ տեսականորեն հնարավոր է, որ մուգ շոկոլադի մեկ սալիկի մեջ առկա տեոբրոմինի քանակը բավարար է հազը մեղմելու համար: Սակայն սա դեռ միայն ենթադրություն է: