Կերակրել շուտ-շուտ և քիչ-քիչ

Քանի որ փոքրիկի համար չկա նախաճաշ, ճաշ, ընթրիք, նրա համար նշանակություն չունի, թե ինչ հաջորդականությամբ կուտի բանջարեղենը, շիլան, մրգերը: Սխալ է մտածել, թե երեխան կարող է օրվա մեջ երեք անգամ խելոք նստել սեղանիկի մոտ, քանի որ խաղալիս անգամ չի կարողանում դա անել, էլ ուր մնաց, թե ուտելիս: Պետք է հրաժարվել փոքրիկին կրծքով կերակրելու ցանկությունից և հարկավոր է նրան ոչ մեծ քանակությամբ պինդ սնունդ տալ կրծքով կերակրումների միջև: Չպետք է մոռանալ, որ երեխայի ստամոքսը փոքր է: Երեխային պետք է կերակրել այն ժամանակ, երբ որևէ տեղ չեք շտապում: Փոքրիկներն ուտելիս դանդաղում են, կերակուրը քսում հագուստին, լալիս, թափում, գցում, երբեմն փսխում և այլն: Պետք է այս ամենը հաշվի առնել, չշտապել և չշտապեսնել երեխային:
Կերակրելու արվեստում հաջողության հասնելու համար պետք է լավ իմանալ երեխայի տարիքային առանձնահատկությունները, հմտությունները, ունենալ մեծ համբերություն և ինքնատիրապետում:

Կերակրելիս խոսել երեխայի հետ

Կերակրելիս պետք է խոսել երեխայի հետ, որպեսզի նա սովորի կապ ստեղծել խոսքի, առարկաների և գործողությունների միջև: Ծնողները երեխային որևէ բանավոր հրահանգ տալուն զուգահեռ կարող են կատարել այդ գործողությունը: Օրինակ` երբ պետք է, որ փոքրիկը բերանը բացի, նրան կերակրողը կարող է բացել բերանը, որ երեխան պարզապես կրկնօրինակի նրան: Վառվռուն աչքերը, բացված ափերն ու բաց բերանը վկայում են, որ երեխան պատրաստ է, ուզում է ուտել:

Կարողացեք ժամանակին ավարտել

Սեղմած շուրթերը, փակ բերանը, մոտեցող գդալից խուսափելը նշան են, որ փոքրիկն ուտել չի ուզում: Չի կարելի նրան ստիպել: Երեխաների մի մասը պինդ սնունդ հաճույքով է ուտում 4 ամսական հասակից սկսած, մինչդեռ մյուսները շատ քիչ են հետաքրքրվում այդ սննդով նույնիսկ 9 ամսականից մինչև 1 տարեկան հասակում: Կարևորը ուտելիքի, ուտելու նկատմամբ ճիշտ վերաբերմունք դաստիարակելն է, իսկ ուտելիքի նկատմամբ անտարբերությունը շատ հեշտ բացատրություն ունի` փոքրիկն այդ պահին ուզում է խաղալ, քնել կամ պարզապես կուշտ է:

Չի կարելի քնելուց առաջ գերհագեցնել երեխային

Հաճախ խորհուրդ են տալիս երեխային հագեցնել շիլայով, որպես լրացուցիչ սնունդ, որպեսզի կրծքով կամ շշով կերակրելու ընդմիջումները մեծանան: Շատ ծնողներ, մտածելով, որ կուշտ երեխան լավ կքնի, երեխային կուշտ կերակրում են քնից առաջ: Այդպես կերակրելու դեպքում ծագում է երկու խնդիր` երեխան վաղ հասակից կորցնում է հսկողությունն ախորժակի վրա, ձեռք է բերում ճարպակալելու հակում: Պետք է հիշել, որ երեխայի հիմնական սնունդը կրծքի կաթն է կամ սննդային խառնուրդը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կուշտ կերած երեխան բոլորովին էլ լավ չի քնում գիշերը չկերակրվող երեխայի համեմատ:

Խրախուսել երեխայի ինքնուրույնությունը սեղանի մոտ

6 ամսական երեխան ի հայտ է բերում նոր հմտություններ, որոնք ամրակայելու դեպքում կերակրելու գործը շատ կհեշտանա: Երեխան նստում է մանկական բազկաթոռին կամ ծնողների ծնկին, բութ մատով ու ցուցամատով կարող է վերցնել, բռնել մանր առարկաներ: 6 ամսական հասակում երեխան արդեն հետաքրքրվում է դիմացը դրած իրերով, ուտելիքով: Նա կձգվի դեպի բանանը, կվերցնի ու կթորձի բերանը մտցնել: Առաջին փորձն ամենայն հավանականությամբ հաջող չի ավարտվի, ու բանանի զգալի մասը կհայտնվի հատակին: Պետք է հումորով վերաբերել երեխայի այդ անհաջող փորձերին, երբեք չի կարելի երեխային պատժել հատակը կեղտոտելու կամ ինքնուրույն ուտելու ջանքերի համար: Փոքրիկին կերակրելիս պետք է խաղալիքի, ուրիշ գդալի միջոցով շեղել նրա ուշադրությունը, որպեսզի նա ձեռքը չմեկնի դեպի շիլայով լիքը գդալը: Կարելի է նրա թաթիկները պահել ազատ ձեռքի մեջ` արտասանելով կամ երգելով նրա սիրած երգը, որպեսզի շեղեք նրան Ձեզ օգնելու ջերմ ցանկությունից:

Երեխան ճանաչում է աշխարհը

Սկզբում երեխան կոշտ սնունդը խաղալիք է համարում, փորձարկում է, ծանոթանում մինչ այդ անծանոթ նյութի հետ` ձեռքը ափսեի մեջ մտցնելով կամ ուտելիքը սեղանին, դեմքին, ափսեին քսելով կամ գետին գցելով: Կերակրելու ժամանակ ուտելիքը գդալով պետք է դնել փոքրիկի բերանը, փափուկ շարժումով վերև բարձրացնել, որպեսզի նա վերին շրթունքով վերցնի ուտելիքը գդալից:
Թքելը երեխայի համար ուտելիքը փորձարկելու հնարավորություններից է: Նրանցից շատերի համար ճանաչողության այս ընթացքն ավելի կարևոր է, քան սնվելու անհրաժեշտությունը: Երեխան շարունակ որոնումների մեջ է , թե ինչ կարող է պատահել, եթե ինքն այսպես անի: Նա այսպես է զարգանում, ճանաչում աշխարհը: Չպետք է անհանգստանալ, քանի որ կաթը լրիվ բավարարում է սննդի նրա պահանջը: Հատկապես այդ շրջանում նրան պետք է օգնել շրջակա աշխարհի վերաբերյալ լրացուցիչ գիտելիքներ ստանալու հարցում: Հենց փոքրիկը սովածանա, բնազդը կհաղթի, ու նա կուտի այն ամենը, ինչ նրան կառաջարկվի ուտել:

Չի կարելի տարբեր ուտելիքներ խառնել

Երեխաներն արագ հոգնում են սննդի միևնույն տեսակից: Դա սիրած ուտելիքից հրաժարվելու հիմանական պատճառն է: Նրանց առաջարկվող ուտելիքների տեսականին շատ բազմազան պիտի լինի: Ամեն նոր ուտելիք պետք է երեխային առաջարկել առանձին` առանց ուրիշ ուտելիքների հետ խառնելու: Եթե նա ալերգիա ունի կամ որևէ ուտելիք չի սիրում, պետք է այդ ուտելիքով կերակրելուց հետո ուշադիր հետևել նրա վարքագծին: Եթե հայտնի է, թե երեխան որ ուտելիքներն է սիրում, կարելի է դրանք խառնել իրար և այդպես կերակրել երեխային: Չսիրած մրգերի կամ բանջարեղենի աննշան քանակն անգամ ուտելիքին տհաճ համ է տալիս ու դառնում երեխայի` սսնդից հրաժարվելու պատճառ:
Ամենագլխավոր հանգամանքն այն է, որ չի կարելի նվազեցնել կրծքով կերակրումները` հավելյալ սննդի ներմուծմանը զուգընթաց: