Ձվի դեղնուցը շատ արժեքավոր սննդամթերք է, քանի որ պարունակում է երկաթ: Մոտավորապես կես տարեկանից սկսած երեխայի արյան կարմիր գնդիկներն ավելի ու ավելի շատ երկաթ են պահանջում: Դա կապված է երեխայի արագ աճի հետ, երբ արդեն չի բավարարում երկաթի այն քանակը, որ երեխայի արյան մեջ կար ծնվելիս:
Շատ հաճախ ձուն առաջացնում է ալերգիա: Ալերգիայի ամենատարածված ձևը էկզեման է` դիաթեզը, երբ մաշկը, ավելի հաճախ դեմքին և ականջների հետևում, կարմրում է, թեփոտում ու կոշտանում: Այնուհետև մաշկը կարող է թարախածորել, ու կեղևակալել: Էկզեման առաջացնում է քոր:
Ալերգիան կանխելու համար փորձեք հետևյալը. մինչև մեկ տարեկան հասակը տվեք միայն պինդ եփած դեղնուց, քանի որ երկաթ կա միայն դեղնուցի մեջ: Ձուն եփեք քսան րոպե:
Կան երեխաներ, որոնց դուր չի գալիս ձվի դեղնուցի համը: Կարելի է փոքր-ինչ աղ ցանել կամ խառնել շիլայի ու բանջարեղենի խյուսի հետ: Սովորաբար ձվի դեղնուց տալիս են 6 ամսական հասակից, բայց բժիշկներից ոմանք խորհուրդ են տալիս սպասել մինչև 7-8 ամսական հասակը, մանավանդ եթե ընտանիքում կա ժառանգական ալերգիա:
Թերխաշ ձու կամ ձվածեղ տալիս են 12 ամսականից ոչ շուտ` գլխավորապես սպիատակուցի պատճառով և քիչ-քիչ, ինպես ամեն մի նոր ուտելիք:


babycare.am