Ներկայացնում է Wigmore Clinic-ի մանկաբուժական ծառայության ղեկավար Հրաչուհի Ղազարյանը:
Մինչև 3-4 տարեկանը երեխան չի կարող իրականությունը տարանջատել երևակայությունից։ Դա նշանակում է, որ փոքրիկը չի ըմբռնում ճշտի և ստի գաղափարները։ Որպես կանոն, նրա հորինածի հիմքում ընկած են.
- Վառ երևակայությունը: Երեխայի երևակայությունը զարգանում է չափազանց ինտենսիվ: Նրան թվում է, որ ճիշտ է այն ամենը, ինչին ինքը հավատում է:
- Մոռացկոտությունը: Երբ Դուք նախատում եք երեխային պատին կավիճով նկարելու համար, իսկ նա ասում է, թե չի նկարել, նա Ձեզ չի ստում, այլ պարզապես մոռացել է, որ ինքն է դա արել կամ շատ ափսոսում է, կամ էլ ինքն իրեն հավատացնում է, որ ինքը չի նկարել։
- «Անմեղ հրեշտակի» ձևացումը («հրեշտակի» համախտանիշ): Երեխան, որն ունի այն համոզմունքը, թե ծնողները կարծում են, որ նա ոչ մի վատ բան չի կարող անել, ինքն էլ է սկսում հավատալ դրան։
Ի՞նչ անել
Բնականաբար, Դուք չեք կարող և չեք ուզում խրախուսել սուտը։ Ո՞րն է ստեղծված իրավիճակից լավագույն ելքը: Նախ և առաջ անհրաժեշտ է չլարվել և, զինվելով համբերությամբ, մինչև վերջ լսել Ձեր երեխայի երկար ու անհավատալի պատմությունը։
Երևակայական ընկերներ ունենալը նորմալ երևույթ է և վկայում է զարգացած երևակայության մասին։ Մի անհանգստացեք, երբ Ձեր փոքրիկը չարագործությունների մեջ մեղադրում է իր երևակայական ընկերոջը։
Քանի որ վաղ հասակում երեխան սեփական անձը և միջավայրն ընկալում է զգացմունքային մակարդակում, ապա այդ առումով երևակայական ընկերները շատ կարևոր դեր են խաղում՝ երեխային հնարավորություն տալով միանգամայն անվտանգ ճանապարհով կողմնորոշվել այն հարցում, թե ինչ են ուզում դառնալ։
Այդպիսով, ճիշտ չէ պատժել փոքրիկին, երբ նա շատ է չափազանցնում կամ հորինում: Դուք պարզապես կարող եք զգուշորեն, տվյալ հասակին մատչելի ճանապարհով ճշմարտացի լինելու նրա բնազդն ուղղորդել անհրաժեշտ հունով։
Ստորև շարադրվում են մի քանի խորհուրդներ.
▪️ Խրախուսե՛ք ճիշտ խոսելը: Ճիշտ վարքագծի խրախուսումը հրաշքներ է գործում և էլ ավելի ոգևորում երեխային։
▪️ Մի՛ մեղադրեք: Ձեր նկատողությունները ձևակերպեք այնպես, որպեսզի երեխան ոչ թե ժխտի կատարվածը, այլ խոստովանի: Ահա ծնողի կողմից նման ձևակերպման մի օրինակ. «Ես չեմ հասկանում, թե ինչպես այս կավիճները հայտնվեցին գորգի վրա: Կուզեի, որ մեկն ինձ օգներ դրանք հավաքել»։
▪️Մի՛ ծանրաբեռնեք երեխային: Ձեր չափից դուրս մեծ սպասումներով և խստապահանջ կարգուկանոնով մի ծանրաբեռնեք երեխային։
▪️ Ստեղծեք վստահության մթնոլորտ Ձեր և երեխայի միջև: Երեխան պետք է իմանա, որ Դուք հավատում եք իրեն, իսկ նա կարող է վստահել Ձեզ։ Ոչինչ չի կարող ավելի արժեքավոր լինել, քան անկեղծությունը. այն պետք է դառնա երեխայի հետ Ձեր վարվելակերպի հիմնական սկզբունքը։ Հիշեք՝ ծնողները պետք է հանդիսանան ազնվության օրինակ։
▪️Հնարավորին չափ խուսափեք կիսաճշմարտությունից։ Օրինակ, երբ երեխային պատվաստման եք տանում, մի ասեք, թե չի ցավի, քանի որ հաջորդ անգամ նա կիմանա, որ դա այդպես չէ: Փորձեք չդրժել Ձեր խոստումը, բայց եթե որևէ անգամ չի ստացվում, ապա ներողություն խնդրեք և միշտ բացատրեք պատճառը։
Հիշե՛ք՝ երեխան հաճախ ստում է առանց այդ փաստը գիտակցելու: ❕
Դուք պետք է սովորեցնեք նրան ճանաչել և սիրել ճշմարտությունը:❕
Նկատի ունեցեք՝
- Երեխայի հետ հարաբերությունները ազնվության վրա կառուցելը, նրան ուղղորդելը, այլ ոչ ստիպելը
- Ճշմարտությունը խոստովանելու դեպքում խրախուսելը, այլ ոչ պատժելը, նույնիսկ եթե նա արժանի էր պատժի,
- Եվ, իհարկե, Ձեր անսահման համբերատարությունը հանդիսանում են Ձեր երեխայի ճիշտ դաստիարակության գրավականը:
Աղբյուրը՝ Doctors.am