Այս տարի  արտամարմնային բեղմնավորման մեթոդի ստեղծման 40-ամյակն է, որը կիրառվել է  անպտղության բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Անպտղության պատճառների, բուժման փուլերի  մասին զրուցել ենք գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Մարգարիտա Գրիգորյանի հետ:

Կնոջ վերարտադրողական կարողությունն այսօր կարևոր խնդիր է: Անպտղության ցուցանիշները  աճո՞ւմ են, թե՞ նվազում:

Պետք է ասել, որ Հայաստանում անպտղության աճ չկա, և անպտղության ցուցանիշները, որոնք 15 տոկոս են կազմում, համադրելի են արտերկրում եղած ցուցանիշների հետ:

Որո՞նք են անպտղության հիմնական պատճառները:

Անպտղության պատճառները բաժանում ենք երկու խմբի՝ առաջինը  տղամարդկային գործոնն է, երկրորդը՝ կանանց մոտ հայտնաբերված խնդիրները: Եթե բաժանում կատարվի, ապա անպտղության պատճառների  մոտ 40 տոկոսը տղամարդկանց մոտ են, նույնքանն էլ կանանց, իսկ մնացած 20 տոկոս դեպքերում՝ երկուսը միաժամանակ. դա  համակցված անպտղությունն է:
Կանանց անպտղության պատճառները կարող են լինել բազմաթիվ ՝ հորմոնալ խանգարումներ, երբ կնոջ մոտ կան հորմոնալ շեղումներ և ձվազատում տեղի չի ունենում, կամ ձվազատում տեղի է ունենում, բայց իմպլանտանցիա՝ ոչ: Պատճառներից մյուսը փողաորովայնամզային գործոնն է, երբ կնոջ փողերն են փակվում: Հաջորդը` արգանդի խնդիրներն են, դրան անվանում ենք արգանդային գործոն, ապա նաև որոշ ինֆեկցիաներ, որոնք ևս հանգեցնում են փողերի փակման: Ի վերջո, պատճառ կարող է  լինել նաև անհամատեղելիությունը, երբ կնոջ և ամուսնու մոտ ամեն ինչ նորմալ է, բայց սերմը չի կարողանում ներթափանցել ու առաջ գնալ: Տղամարդու անպտղության դեպքում էլ սերմի ցուցանիշները իջած են լինում, հնարավոր է՝ վատը լինեն սերմի կառուցվածքն ու շարժունակությունը, իսկ քանակը՝ քիչ:

Անպտղության պատճառ են դառնում սեռավարակները:
Որո՞նք են ամենից տարածվածները:

Տարածված վարակներից են խլամիդիոզը և գոնորեան: Սրանք այն փոխանցվող վարակներն են, որոնք հանգեցնում են փողերի փակման: Իսկ ինչ վերաբերում է  սեռական ճանապարհով փոխանցվող մնացած վարակներին, դրանք հիմնականում չեն բերում անպտղության, այլ պատճառ են դառնում վաղաժամ ծննդաբերության, վիժումների:  Դրանցից է ուրեապլազման, միկոպլազման և տարբեր այլ ինֆեկցիաներ: Ցանկացած ինֆեկցիա, եթե հայտնաբերվում է հղիություն պլանավորելուց առաջ, անհրաժեշտ է բուժել: Հեշտ բուժելի համարվում են նրանք, որոնք որևէ հետևանք չեն թողնում  և փողերի փակման պատճառ չեն դառնում, օրինակ՝ ուրեապլազմոզը, միկոպլազմոզը: Նույնիսկ մեկ լիարժեք բուժման կուրսը բավարար է լինում, որպեսզի ինֆեկցիան վերանա:

Անպտղությունը հաճախ էնդոկրին (հորմոնալ) պատճառներ է ունենում: Այս առումով հե՞շտ է մեկտեղել գինեկոլոգիական և էնդոկրինոլոգիական մեթոդները:

Մենք համարում ենք, որ դա մեր մասնագիտության մի մասնիկն է, հատուկ մոտեցում հարկավոր չէ, եթե բուժում ենք անպտղություն, ապա իրականացնում ենք բոլոր մեթոդները: Էնդոկրին  պատճառներից առաջացած անպտղությունը համարվում է  ամենահեշտ բուժվող անպտղության տեսակներից մեկը: Սա հորմոնների շեղվածությունն է:Այս դեպքում կատարվում է նախ հորմոնալ հետազոտություն՝ դաշտանի երրորդից հինգերորդ օրը, որպեսզի հայտնի դառնա, թե ո՛ր հորմոնն է շեղված: Հորմոնը շտկելուց հետո ստուգվում է ձվազատում տեղի ունենալու պայմանը: Հնարավոր է հորմոնը շտկվի և ձվազատումը վերականգնվի, բայց լինում են դեպքեր, երբ հորմոնը շտկվում է,  սակայն ձվազատումը չի վերականգնվում: Այդ դեպքում կատարվում է լրացուցիչ ձվազատման խթանում, որպեսզի հղիությունն ավելի արագ տեղի ունենա:

Արդյո՞ք շատ են դեպքերը, երբ անպտղության առաջացման համար  պատճառ է դառնում անհամատեղելիությունը:

Կարելի է ասել, որ անհամատեղելիությունը՝ որպես անպտղության պատճառ, այդքան հաճախ չի հանդիպում: Խնդիրը հիմնականում այն է, որ ամուսնու սերմը կնոջ արգանդավզիկում մահանում է  և առաջ չի անցնում: Իմունոլոգիական անպտղության դեպքում պետք է կատարել ներարգանդային սերմնավորում, որպեսզի զուգընկերոջ սերմը մշակելուց հետո հատուկ կատետրով ներարկվի կնոջ արգանդի մեջ:

Արդյո՞ք կնոջ անպտղության բուժմանը զուգահեռ պետք է բուժվի նաև տղամարդը:

Սա անչափ կարևոր հարց է: Այո,  քանի որ երբեմն բուժում են կա՛մ կնոջը, կա՛մ տղամարդուն: Դա սխալ մոտեցում է: Զույգին պետք է միաժամանակ բուժել: Կնոջ անպտղությունը բուժելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ տղամարդու սերմը նորմալ է: Հաճախ տարիներով բուժում են կնոջը՝ չհետազոտելով ամուսնուն:

Բուժման ի՞նչ մեթոդներով  կարող է խնդրին լուծում տրվել:

Բուժումն իրականացվում է կոնսերվատիվ մեթոդներով, երբ նշանակվում է դեղորայքային բուժում:  Երկրորդ տարբերակը, ինչպես նշեցինք, ներարգանդային սերմնավորումն է, երբ տղամարդու սերմը ակտիվացվում է, խտացվում, և մաքրված սպերմատոզոիդները ներարկվում են կնոջ արգանդի մեջ:
Մյուս տարբերակը արհեստական կամ  արտամարմնային բեղմնավորումն է: Սա ամենաէֆեկտիվ մեթոդն է: Էությունն այն է, որ կնոջ ձվաբջիջը հանվում է դուրս, զուգընկերը հանձնում է սերմը, և լաբորատոր պայմաններում ձվաբջիջն ու սերմը բեղմնավորվում են: Եվ սաղմիկը՝ Էմբրիոնը, 3-5 օր աճեցվում է կնոջ օրգանիզմից դուրս և տեղադրվում նրա արգանդի խոռոչում: 2 շաբաթ հետո իմանում ենք՝ հղիություն տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ: Երիտասարդ կանանց պարագայում այս մեթոդի արդյունավետությունը մոտ 50 տոկոս է:

Ի՞նչ փուլերից հետո նկատելի կլինի արդյունավետությունը:

Արդյունավետությունը պայմանավորված է ինչպես մեթոդի ընտրությունից, այնպես էլ այն հանգամանքից, թե ինչից է առաջացել  անպտղությունը: Ժամանակակից մեթոդների օգտագործման հնարավորություն ունե՞ն ՀՀ-ի ծննդաբերական բաժանմունքները: Մեր բաժանմունքներում բոլոր հնարավորություններն առկա են, ինչպես և արտերկրում: Այս նույն մեթոդներն են կիրառվում, պարզապես ավելի  խորացված:
Օրինակ՝ արտամարմնային բեղմնավորման  մեջ առաջացել է նախաիմպլանտացիոն գենետիկա. նախքան  սաղմիկը տեղադրելը կարող ես գենետիկան որոշել: Այսինքն, մեթոդը նույն է, բայց պարբերաբար նորամուծություններ են ի հայտ գալիս: դեղորայքն է փոխվում, տեխնիկան ավելի կատարելագործվում է և այլն:
Վերջերս Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության Եվրոպական ընկերակցությունը (European Society of Human Reproduction and Embryology-ESHRE) հրապարակել էր արտամարմնային բեղմավորման  տվյալներ: Հայաստանը չէր զիջում եվրոպական երկրներին. զբաղեցրել էր  երրորդ տեղը:

Հայաստանում կանայք անպտղության հետ կապված խնդիրները  բացահայտում են ամուսնանալուց հետո՞, թե՞ նախքան դա:

Այո, հիմնականում բացահայտվում են ամուսնությունից հետո, չնայած կան աղջիկներ, որոնք ունեն պոլիկիստոզ ձվարաններ, դաշտանի խանգարումներ: Այս դեպքում մինչև ամուսնանալն են դիմում բժշկի:

Այնուամենայնիվ, եթե բուժումը արդյունավետ չի լինում, կանանց քանի՞ տոկոսն է դիմում արհեստական բեղմնավորման:

Մենք մի խնդիր ունենք: Զույգեր կան, որոնք պարզապես հնարավորություն չունեն արտամարմնային բեղմավորում կատարելու:  Մեկ անգամ փորձում են և արդյունք չի գրանցվում, դիմում են երկրորդ անգամ, բայց այլևս ֆինանսական միջոցները չեն բավարարում բուժումն ավարտին հասցնելու համար:

Արտաքին ի՞նչ գործոններ կարող են ազդել անպտղության առաջացման վրա(անորակ սնունդ, ծխախոտ, ջինսեր): Թե՞ նման բան չի կարող լինել:

Որոշ հետազոտություններ հաստատում են, որ Ձեր թվարկած և այլ արտաքին գործոններ կարող են ազդեցություն ունենալ: Բայց դա դեռ հաստատված չէ:  Ամեն դեպքում, պտղաբերությունը բարձրացնելու նպատակով մենք խորհուրդ են տալիս առողջ սնունդ օգտագործել, հրաժարվել կամ նվազագույնի հասցնել ծխախոտի, ալկոհոլի օգտագործումը, վարել առողջ ապրելակերպ,  գիրության դեպքում՝անպայման նիհարել:

Ի՞նչ հաճախականությամբ պետք է կանայք այցելեն բժշկի: Ո՞րն է Ձեր խորհուրդը:

Խորհուրդ կտամ գինեկոլոգի այցելել տարին մեկ անգամ՝ պրոֆիլակտիկ հետազոտության համար:


 


Աղբյուրը` Doctors.am
Հեղինակ՝ Սոնա Շահվերդյան