Ցավոք իրականության մեջ դեռևս առկա է այն կարծիքը, որ եթե կինը չի հղիանում, ապա խնդիրը կնոջ հետ է կապված: Սակայն հետազոտությունների արդյունքները վաղուց հաստատել են այն վարկածը, որ տղամարդկանց մոտ անպտղությունը ևս տարածված խնդիր է:

Տղամարդկանց շրջանում անպտղության խնդրին վերաբերող հարցերին կպատասխանի Ֆանարջյան Կլինիկայի հիմնադիր, բժիշկ-ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Ֆանարջյանը:

-Ե՞րբ կարելի է զույգերին համարել անպտուղ: Ամուսնական զույգերի անպտղության պատճառներից քանի՞ տոկոսն է տղամարդկանց, քանի՞ տոկոսը կանանց մոտ առկա առողջական խնդիրներով պայմանավորված:

-Զույգերին կարելի է անպտուղ համարել, երբ առանց հակաբեղմնավորիչների մեկ տարի շարունակ կանոնավոր սեռական կյանքի ընթացքում կնոջ մոտ բացակայում է հղիությունը: Հիմնվելով մեր պրակտիկայի վրա` միանշանակ կարող եմ ասել, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է անպտղության դեպքերի նկատելի աճ, ինչը բավականին մտահոգիչ է:
Մինչ օրս մեր հասարակության մեջ թյուրիմացաբար շարունակում են կանանց մեղադրել անպտղության հարցում: Սակայն պետք է ասեմ, որ 40 տոկոս անպտղության պատճառները հենց տղամարդու մոտ են, 40 տոկոսը` կանանց: Մնացած 10-20 տոկոսն այն հիվանդություններ են, որոնք հանդիպում են և′ կանանց, և′ տղամարդկանց մոտ զուգահեռ:

-Որո՞նք են տղամարդկանց անպտղության պատճառները:

-Անպտղության պատճառները բազմաթիվ են, թվարկենք դրանցից մի քանիսը՝

  1. Տղամարդու սեռական օրգանների վնասվածքներ և արատներ (կրիպտորխիզմ` երբ ամորձին չի իջնում փոշտ):
  2. Տղամարդու միզասեռական օրգանների բորբոքումներ. օրինակ՝ պրոստատիտ (շագանակագեղձի բորբոքում):
  3. Սերմնատար ուղիների օբստրուկցիա:
  4. Վարիկոցելե՝ ամորձու և սերմնածորանի երակների լայնացում:
  5. Սեքսուալ խանգարումներ. էրեկցիայի խանգարում, վաղաժամ սերմնաժայթքում և այլն:
  6. Իմունոլոգիական խանգարումներ. իմունիտետի խանգարման դեպքում օրգանիզմում արտադրվում են հատուկ նյութեր, որոնք ընդունակ են վնասելու սեփական սպերմատոզոիդները:
  7. Ինֆեկցիոն հիվանդություններ. հատկապես սեռական ճանապարհով փոխանցվող իֆեկցիաները՝ գոնորեա, սիֆիլիս, խլամիդիոզ, տրիխոմոնիազ և այլն: Տղամարդկանց սեռական օրգանների վրա ծանր է ազդում մանկական ինֆեկցիաներից էպիդեմիկ պարոտիտը:
  8. Հորմոնալ խանգարումներ:
  9. Տղամարդու անպտղությունը կարող է պայմանավորված լինել նաև արտաքին գործոններով՝ վնասակար նյութերը (ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութեր, որոշ դեղեր), վատ էկոլոգիան:


-Ի՞նչ եղանակներով է բուժվում տղամարդկանց անպտղությունը:

Անպտղության բուժումը կախված է անպտղության պատճառներից: Առաջին հերթին անհրաժեշտ է պարզել անպտղության պատճառները և աշխատել այդ պատճառների վերացման ուղղությամբ:
Անպտղությունը կարելի է բուժել դեղորայքի օգնությամբ կամ վիրահատական ճանապարհով: Եթե անպտղության պատճառը կախված է վիրաբուժական խնդիրների հետ, ապա իրականացվում է վիրահատական միջամտություն: Որոշ դեպքերում կատարվում է միկրովիրաբուժական միջամտություն, եթե անպտղության պատճառը կապված է սերմնաուղիների հատվածների փակման հետ: Տվյալ միկրովիրահատությունը 50 տոկոս դեպքերում տալիս է ցանկալի արդյունք, ինչը զգալի ցուցանիշ է:
 

-Ի՞նչ խորհուրդ կտաք տղամարդկանց:

Երիտասարդները պետք է ավելի լուրջ հետևեն իրենց առողջությանը, ուշադիր լինեն, հնարավորինս առողջ ապրելակերպ վարեն, խնդիրների առկայության դեպքում չհետաձգեն հետազոտվելը, որպեսզի խուսափեն հնարավոր բարդացումից:

 



Աղբյուր՝ Doctors.am