Doctors.am-ն այս անգամ զրուցել է վնասվածքաբան-օրթոպեդ Արտակ Գալստյանի հետ: Բժիշկը ներկայացնում է  էնդոպրոթեզավորում կատարելու մեթոդները` խոսելով վիրահատության ընթացքի, հետվիրահատական փուլերի և տարածված միֆերի մասին:

-Որո՞նք են էնդոպրոթեզավորում կատարելու գլխավոր ցուցումները: Ո՞ր դեպքում է այն կատարվում:

-Էնդոպրոթեզավորում ցուցված է մի շարք հիվանդությունների դեպքում: Դրանցից են հոդերի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններնը, օստեոարթրոզները, ազդրոսկրի գլխիկի ասեպտիկ նևրոզը, ազդոսկրի վզիկի կոտրվածքը, կեղծ հոդերը, որոնք առաջացել են կոտրվածքների չսերտաճման հետևանքով և այլն:

-Խոսենք վիրահատության ընթացքի մասին: Այն, կարծես թե բարդ և լուրջ պրոցես է: Արդյո՞ք այս բարդ ընթացքով վիրահատությունը երաշխավարում է հետագայում բարդություններից խուսափելը:

-Էնդոպրոթեզավորման դեպքում հեռացվում է հոդն ամբողջությամբ և տեղադրվում է արհեստական հոդ: Վիրահատության տևողությունը 1-ից 1.5 ժամ է, սա վերաբերում է կոնք-ազդրային և ծնկան հոդերին: Եթե այն կատարվում է արհեստավարժ մասնագետի կողմից, ապա ոչ մի խնդիր չի ներկայացնում բժշկի համար: Սակայն, հաշվի առնելով, որ կատարվում է ծավալային վիրահատություն, այսինքն` հեռացվում է ախտահարված խոշոր հոդ, հիվանդի օրգանիզմի համար սա բավականին մեծ սթրեսային ռեակցիա է, և վիրահատության ամբողջ բարդությունը կայանում է այդ սթրեսային ռակցիայի մեջ: Ներկա պահինՙ ճիշտ կատարված էնդոպրոթեզավորման դեպքում բարդությունների հավանականությունը 1-2 % է, վիրահատությունների մեծ մասը հաջող ընթացք են ունենում:

-Իսկ ինչպե՞ս է ընթանում հետվիրահատական փուլը:

-Հետվիրահատական շրջանն ընթանում է առանց խնդիրների, և հիվանդները շատ շուտ` մոտավորապես 2-3 ամսվա ընթացքում վերադառնում են իրենց առօրյա կյանքին:

-Կա՞ն սահմանափակումներ առօրյա կենսակերպի մեջ:

-Ոչ, առօրյա կենսակերպի մեջ սահմանափակումներ չկան: էնդոպրոթեզավորումից հետո, օրինակ, պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել ցանկալի չէ, բայց ոչ շատ ուժային և թեթև վարժություններ կարելի է անել: Իրականում, էնդոպրոթեզավորումից ամենաշատը 6 ամիս հետո մարդիկ մոռանում են արհեստական հոդի մասին, վերադառնում է շարժումների ազատությունը և կյանքի որակն է բարելավվում: Ժամանակակակից էնդոպրոթեզների կիրառման առավելությունն այն է, որ հիվանդի մոտ վերականգնվում է շարժումների ողջ ծավալը, նախկին ցավերն այլևս չեն անհանգստացնում:

-Խոսում ենք արհեստական հոդի տեղադրման մասին, արդյո՞ք այն վախ կամ կաշկանդվածություն չի առաջացնում հիվանդների մոտ: Ինչպե՞ս եք բացատրում հիվանդին, որ այդ արհեստական հոդը դառնալու է «օրգանիզմինը»:

-Ներկա փուլում էնդոպրոթեզներ արտադրրող ընկերություննները ներկայացնում են մետաղական հատուկ համաձուլվածք, որոնք գրեթե փոխարինում են հոդին: Գրեթե, քանի որ լիարժեք չեն կարող փախարինել բնական հոդին: Վիրահատությունից հետո 90-95 տոկոսով վերադառնում է շարժումների ազատությունը և վերականգնվում է վնասված հոդը: Բայց, այո', երբ մարդիկ լսում են, որ տեղադրվելու է իմպլանտ կամ էնդոպրոթեզ, վախենում են: Սակայն անհանգստության առիթ չկա, այդ իմպլանտները նախքան տեղադրվելը անցել են փորձաշրջան և օրգանիզմի կողմից ռեակցիայի հավանականությունը փոքր է: Բայց ինչպես ցանկացած վիրահատություն, այն ևս իր բարդությունների հավանականությունն ունի,ինչն, իհարկե, չի նշանակում, որ հիվանդը պետք է վիրահատության չգնա:

-Որքա՞ն երկար կարող է էնդոպրոթեզը երխավորել շարժումների ազատությունը: Արդյո՞ք այն մշտական է:

-Մշտական չէ: Էնդոպրոթեզի գործածության ժամկետը 15-ից 20 տարի է: Հաշվի առնելով այս հանգամանքը` վիրահատության ցուցմանը պետք է լուրջ մոտենալ, պետք է հաշվի առնել, որ մոտ 30-40 տարեկան հիվանդների դեպքում 20 տարի անց անհրաժեշտ է լինելու այդ իմպլանտը նորից տեղադրել: Պետք է նաև հաշվի առնել, որ կրկնակի վիրահատության դեպքում բարդությունների հավանականությունը փոքր ինչ մեծանում է: Եթե առաջին վիրահատության դեպքում այն 1-2 % է, ապա երկրորդի դեպքում 4-5 % է դառնում : Մինչև 40-45 տարեկանը, հատկապես բանալ օստեոարթրոզը պետք է փորձել բուժել դեղորայքով` էնդոպրոթեզավորման պատրաստվելով ավելի մեծ տարիքում:Եթե էնդոպրոթեզավորումը կատարվել է երիտասարդ տարիքում, ապա էնդոպրոթեզի գործածության ժամկետը կրճատվում է` միջինում կազմելով 10 -12 տարի. քանի որ երիտասարդ տարիքում մարդիկ ավելի ակտիվ են և շարժուն: Սա, իհարկե, չի նշանակում, որ երիտասարդ արիքում պետք է խուսափել էնդոպրոտեզավորումից, ուղղակի պիետք է դիմել վիրահատության խիստ ցուցման դեպքում։

-Կա՞ն գործոններ, որոնք կարող են նպաստել, որ էնդոպրոթեզն ավելի կարճ կյանք ունենա, օրինակ` ավելորդ քաշը:

-Այո, իհարկե: Այն ժամկետները, որոնք նշվեցին հարաբերական և միջինացված ցուցանիշներ են: Հատկապես, երբ խոսքը ստորին վերջույթի էնդոպրոթեզավորման մասին է, ավելորդ քաշը կնպաստի նրան, որ էնդոպրոթեզի գործածաության ժամկետը նվազի: Հիվանդներին միշտ խորհուրդ ենք տալիս, որպեսզի քաշը հնարավորինս նվազեցվի:

-Եվ վերջում, ի՞նչ կարծրատիպեր կան էնդոպրոթեզքավորման մասին, որ կցանկանայիք հերքել:

- Կարծրատիպը հիմնականում վերաբերում է ծնկան հոդի էնդոպրոթեզավորմանը. ըստ այդ կարծրատիպի`էնդոպրոթեզավորման դեպքում բարդությունների հավանականությունը շատ մեծ, դա այդպես չէ: Այդ կարծրատիպը ստեղծվել է մոտ 15 տարի առաջ, երբ դեռ հնարավորությունները քիչ էին, գործիքները` ևս: 15 տարի առաջ բարդությունների տոկոսը բավական մեծ էր: Ներկայումս կան համապատասխան կլինիկաներ և մասնագետներ, էնդոպրոթեզավորումից վախենալու կարիք չկա: Ըստ միջազգային տվյալների` ներկա պահին հավասար քանակությամբ են իրականացվում ծնկան հոդի և կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավորում, որոշ տեղերում նույնիսկ ծնկան հոդի էնդոպրոթեզավորումն ավելի շատ են կատարում, իսկ Հայաստանում հակառակն է: Գուցե պատճառն այդ 15-20 տարի առաջվա ցուցանիշներն են: Եթե խնդիրն իրոք կա, պետք չէ խուսափել այս վիրահատությունից: 

Բոլորին մաղթում եմ առողջություն` շնորհավորելով Ամանորն ու Սուրբ Ծնունդը:


Հեղինակ՝ Անահիտ Հակոբյան
Աղբյուր՝ Doctors.am
28 դեկտեմբերի, 2017