Արգանդը սկսել է մեծանալ, բայց դա դեռևս աննկատ է Ձեր և շրջապատի համար: Դա կարող է որոշվել ներքին զննման կամ այլ հետազոտությունների միջոցով: Չանհանգստանաք, եթե ունենաք որոշ դիսկոմֆորտ. Ձեր օրգանիզմը հարմարվում է հղիության ֆիզիոլոգիական լուրջ փոփոխություններին:

Սաղմը 8-րդ շաբաթում
Քաշը 10-12 գրամ, երկարությունը 40 մմ

Սաղմի ձեռքերի և ոտքերի վրա ձևավորվում են մատները, իսկ ձեռքերը ծալվում են արմունկում և դաստակում: Սկսում են ձևավորվել ականջախեցիները: Դեմքի վրա առաջանում է վերին շրթունքը և քիթը: Աչքերը շատ հեռու են տեղակայված, բայց արդեն երևում են կոպերը: Աղիները դառնում են այնքան երկար, որ երբեմն դուրս են գալիս պորտի շրջանից, դա > ֆիզիոլոգիական ճողվածքն է:
Կանանց մեծամասնությունը առաջին շաբաթներից սկսած հեշտ են տանում հղիությունը, առանց անախորժ դրսևորումների, իսկ որոշ կանայք զգում են դիսկոմֆորտ և սրտխառնոց:

Սրտխառնոց
Հղիության առաջին եռամսյակում հղի կանանց հիմնական գանգատը հոգնածությունն է, սրտխառնոցը, երբեմն նաև փսխումը: Երբեմն այդ իրավիճակը անվանվում է առավոտյան սինդրոմ, չնայած դա կարող է առաջանալ օրվա ցանկացած ժամին: Սրտխառնոց հաճախ նկատվում է, երբ կինը անբավարար է սնվում կամ ունի ստամոքս-աղիքային խանգարումներ: Անհրաժեշտ է դիմել բուժաշխատողի` սրտխառնոցի վերաբերյալ ավելի մանրամասն և անհատական խորհրդատվություն ստանալու համար: Հղիների մոտ ցանկացած ուտելիք կարող է առաջացնել սրտխառնոց, նույնիսկ հղիի սիրած օծանելիքը, նաև ամուսնու մաշկի, ծխախոտի հոտը: