Հղիության ժամանակ օրգանիզմը ենթարկվում է բազմաթիվ փոփոխությունների: Ֆիզիկական վարժությունները ոչ միայն թույլ են տալիս հեշտ հարմարվել նոր վիճակին, այլև պատրաստում են հղի կնոջը մանկածնման պրոցեսին:
Մարզանքը (ֆիզիկական վարժությունների մանրամասն նկարագրությունը) կձգի մկանները, կբարձրացնի տոնուսը և կավելացնի արյունամատակարարումը, բացի այդ, ֆիզիկական վարժությունների ժամանակ տեղի է ունենում հատուկ նյութերի, > էնդորֆինների մեծ քանակի արտանետում արյան մեջ, որոնք հանում են լարվածությունը: այս ֆերմենտները կարող են թափանցել պլացենտայի մեջ և պտղի վրա բարենպաստ ազդեցություն ունենալ: Ֆիզիկական լավ վիճակը հղիության ժամանակ հանդիսանում է բարեհաջող ծննդաբերության գրավական, ինչպես նաև նպաստում է ծննդաբերությունից հետո կնոջ նախկին կազմվածքի հեշտ վերականգնմանը: Խորհուրդ է տրվում զբաղվել մարմնամարզությամբ քիչ-քիչ և հաճախ, քան հազվադեպ, բայց երկար:
Բժիշկների մեծ մասը գտնում է, որ առաջին եռամսյակում, երբ բարձր է վիժման վտանգը, պետք է խուսափել ինտենսիվ վարժություններից: Անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ:
Եթե դուք մինչև հղիությունը կանոնավոր զբաղվել եք ինչ-որ սպորտաձևով, ապա կարող եք շարունակել պարապմունքները և° առաջին, և° երկրորդ եռամսյակներում:
Լողը և զբոսանքը ֆիզիկական ակտիվության իդեալական ձևեր են հղիների համար, հատկապես, եթե հղին մինչ այդ զբաղվել է լողով: Զբոսանքները լավացնում են արյան շրջանառությունը և մարսողությունը: Լողը լավացնում է մկանների տոնուսը և դիմադրողականությունը: Քանի որ ձեր մարմինը գտնվում է կիսաանկշռելիության վիճակում, այդ պատճառով չկա ոչ մի վտանգ, որ դուք կծանրաբեռնվեք:
Եթե դուք չեք այցելել մանկաբարձուհուն կամ մանկաբարձ-գինեկոլոգին, անպայման այցելեք, որի ընթացքում դուք կհետազոտվեք և կստանաք անհրաժեշտ խորհրդատվություն:

Պտուղը 12-րդ շաբաթում
Քաշը 20-25 գրամ, երկարությունը մոտ 90 մմ

Գերձայնային (էխոսկոպիկ) հետազոտություն
Բարձր հաճախականության ձայների միջոցով, որոնք անդրադառնում են սաղմի կողմից, հնարավոր էնրան տեսնել էկրանի վրա: Գերձայնը հայտնաբերվել է 60-ական թվականներին: Սկզբում այն օգտագործել են ձկնային արդյունաբերության մեջ, որպեսզի օվկիանոսում հայտնաբերեն ձկներին: ներկայումս ուլտրաձայնը լայնորեն օգտագործվում է բժշկության մեջ, այդ թվում` մանկաբարձությունում, որպեսզի պարզեն սաղմի, պտղի, պլացենտայի վիճակը: Առաջին գերձայնային հետազոտությունը կարելի է կատարել մինչև հղիության 13-րդ շաբաթական ժամկետը: գերձայնային տոմոգրաֆի միջոցով այսժ-ամկետում կարելի է պարզել երեխայի ներարգանդային տարիքը, պտղի քանակը` մեկ կամ ավելի, որտեղ է տեղակայված` արգանդում, թե փողում, ինչպես է զարգանում: Հետագայում գերձայնը հնարավորություն կտա պարզելու պլացենտայի, պտղաջրերի, պտղի վիճակը, սեռը և արատների առկայությունը:

Ինչպես պատրաստվել էխոսկոպիկ հետազոտությանը
Հղիության վաղ ժամկետներում գերձայնային պատկերը ավելի տեսանելի է, երբ կինը հետազոտվում է լիքը միզապարկով, այդ պատճառով անհրաժեշտ է խմել մեծ քանակությամբ հեղուկներ և չմիզել 1 ժամ մինչև հետազոտությունը: Գալով գերձայնային հետազոտության, դուք պառկում եք մեջքի վրա, համակարգչի մոտ գտնվող թախտին: Հետազոտող բժիշկը կքսի որովայնին հատուկ գել` ձայնային ալիքների հաղորդիչ, և կսկսի սահեցնել Ձեր որովայնով հատուկ ընդունիչ, որը նման է միկրոֆոնի: Ընդունիչի մեջ կան կվարցային բյուրեղներ, որոնք ընդունում և հաղորդում են մոնիտորին ձայնային ալիքները, որոնք վեր են ածվում էկրանի վրայի պատկերի: Պատկերը կարող է լինել ոչ պարզ, այդ պատճառով, ցանկության դեպքում խնդրեք բժշկին բացատրել` ինչ է ինքը տեսնում էկրանի վրա: Շատ մասնագետներ վերջում տալիս են պտղի տպած պատկերը: Ամբողջ պրոցեդուրայի տևողությունը 30 րոպեից ոչ ավել է: Կարող եք խնդրել Ձեր մանկան առաջին պատկերը:

Էխոսկոպիկ հետազոտության անվտանգության մասին
Կային մտավախություններ, որ գերևայնային հետազոտությունը վտանգավոր է պտղի համար: Հետագայում դրանք չհաստատվեցին: Ի տարբերություն ռենտգենի, գերձայնը չի տալիս ոչ մի ճառագայթում, բայց և այնպես, պետք է այն կատարել միայն անհրաժեշտության դեպքում: Ներկայումս խորհուրդ է տրվում գերձայնային հետազոտություն կատարել միայն մեկ անգամ, հղիության 16-18 շաբաթական ժամկետում: Բայց հիշեք, որ երբ առաջանում են ինչ-որ բարդություններ, օրինակ` արյունային արտադրություն, պտղի շարժման խանգարում և այլն, միայն գերձայնը կարող է տալ ճիշտ պատասխան: