Հղիության 40 շաբաթից հետո ծննդաբերության ուշացումը 1-2 շաբաթով հղիների մոտ պետք է առաջացնի որոշ անհանգստություն: Անպայման անհրաժեշտ է դիմել բժշկի և հետազոտվել: Այդ ընթացքում կկատարվեն բոլոր անհրաժեշտ թեսթերը` պտղի վիճակը գնահատելու նպատակով: դրանց թվին է պատկանում գերձայնային հետազոտությունը, պտղի բիոֆիզիկական պրոֆիլը, որը թույլ է տալիս գնահատել երեխայի սրտի զարկերը, պտղաջրերի քանակը, պլացենտայի վիճակը և այլն:
Եթե պտուղը դեռևս արգանդում է գտնվում, նա շարունակում է ավելացնել քաշը: Ծնվելիս պտուղը լավ պատրաստված է արտարգանդային կյանքի փոփոխություններին: Թոքերը ի վիճակի են լիովին ապահովելու նրան թթվածնով: Իհարկե, ամենամեծ փոփոխությունները տեղի են ունենում սրտում:Դեռ վերջերս սրտի միջնապատերում գոյություն ուներ անցք, որը անջատում էր թոքերը արյան շրջանառությունից. ծնվելուց հետո անցքը միանգամից փակվում է, և արյունը սկսում է շրջանառվել թոքերով: Նորածնի բնածին ռեֆլեքսները (ծծման, որոնման, հափշտակման, պաշտպանման) ապահովում են մոր և մանկան միջև շփումը: