Պտղաձուն ամուր կպած է արգանդի պատին: Արգանդը սովորաբար թուլացած է: Եվս մեկ փոփոխություն. Արգանդի վզիկում գտնվող լորձը դառնում է խիտ, ձևավորվում է լորձային խցան: Այն առաջացնում է պատնեշ արգանդի և արտաքին միջավայրի միջև, խոչընդոտում միկրոօրգանիզմների թափանցմանը հեշտոցից վերին հատվածներ: Այդ լորձային խցանը դուրս է մղվում, հեռանում ծննդաբերությունից անմիջապես առաջ:

Սաղմը 7-րդ շաբաթում
Քաշը 7-8 գրամ, երկարությունը 30-35 մմ

Այս շաբաթում տեղի են ունենում նոր փոփոխություններ սաղմի մարմնում, հատկապես վերջույթներում և դեմքի վրա: Սկսում է ձևավորվել աղե-ստամոքսային համակարգը: Արդեն գոյություն ունի ուղիղ աղիքը: Դեռևս պահպանված է պոչիկը, սակայն 10-11-րդ շաբաթներում այն վերանում է: Էմբրիոնի մոտ ձևավորվում են նաև թոքերը: Ընկերքը հաստանում է, պորտալարը ամրանում է արգանդի պատին: Ի հայտ են գալիս դեմքի, աչքերի, բերանի, քթի սաղմերը: Կարելի է նույնիսկ տարբերել քթանցքները:

Կազմեք Ձեզ համար ճաշացանկ
Լիարժեք սնունդ չի նշանակում կալորիայի մեծ քանակություն: Սնունդը պետք է լինի որակով: Որոշ հանքային էլեմենտներ խիստ կարևոր են հղիության նորմալ ընթացքի համար: Պետք է այդ էլեմենտները ներառեք Ձեր ռացիոնի մեջ, որպեսզի Ձեր օրգանիզմը կարողանա հարմարվել հղիությանը: Ճաշացանկը հղիության ժամանակ պետք է լինի բազմազան: Տարբեր սննդամթերքներ պարունակում են տարբեր հանքային էլեմենտներ. որքան բազմազան է սնունդը, այնքան հավանականությունը մեծ է, որ դուք կստանաք բոլոր էլեմենտները նորմալ քանակությամբ: Պետք է սնվել հաճախ և քիչ-քիչ: